Մանկական օծանելիք. անհրաժեշտությո՞ւն, թե՞ նորաձևություն

Խնամք

Մանկական օծանելիքները բոլորովին էլ նորույթ չեն, սկսել են կիրառվել դեռ 14-րդ դարից:  Առաջին մանկական օծանելիքը եղել է «Հունգարիայի թագուհու բույրը», որի բաղադրության մեջ սպիրտ կար և որով խորհուրդ էր տրվում մերսել թույլ և հիվանդ երեխաներին. հոտը ոչնչացնում էր մանրէներին և խթանում ախորժակը:

Նորածնի մարմինը Հին Եգիպտոսում պատում էին բուսական քսուքներով և ծաղիկների նեկտարներից պատրաստված բալասանով: Դա համարվում էր բարձրաշխարհիկության և նրբաճաշակության սկզբնաղբյուրը,որով պետք է մեծանար ապագա ազնվականը:

Վիճելի հարց է, թե արդյոք փոքրիկը պետք է օգտագործի օծանելիք:    Ոմանք կարծում են, որ երեխան ունի իր յուրօրինակ բույրը` «կաթի և մանկության», որը պետք չէ աղավաղել օծանելիքներով:  Որոշ ծնողներ համոզված են, որ օծանելիքի անհրաժեշտություն չկա ոչ միայն երեխաների, այլ նաև մեծահասակների մոտ: 

Սակայն շատ հոգեբաններ, որոնիցից է նաև Գագիկ Աբրահամյանը,  ժխտում են այս կարծիքը: Ըստ Աբրահամյանի` յուրաքանչյուր երեխայի մոտ պետք է զարգացնել հոտի գիտակցական ընկալումը. « Ոչ ոք չի զարմանում, որ երեխան երգում, նկարում, խաղում է և սովորում գրել: Մենք նվիրում ենք նրանց խաղալիքներ, սովորեցնում լսել որակյալ երաժշտություն, բավականին մեծ հետևողականությամբ ընտրում հագուստ, բայց ոչ բոլորի մտքով կարող է անցնել, որ հոտի «ճիշտ ընկալումը»  նույնքան կարևոր զգայարան է, որքան տեսողությունը և լսողությունը: Այդ է պատճաը, որ մանկական օծանելիքները  երեխայի ընդհանուր զարգացման գլխավոր գործոններից մեկն են»:

Մանկական օծանելիքներ կարելի է օգտագործել  2-3 տարեկանում, երբ փոքրիկի  օրգանիզմը գտնվում է կայուն զարգացման փուլում: Երեխայի համար օծանելիք գնելիս առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել բաղադրությանը: Մանկական պարֆյումերիան տարբերվում է նրանով, որ այն չի պարունակում ալկոհոլ և թունավոր ցնդող բաղադրիչներ, որոնք օգտագործվում են մեծերի օծանելիքների բաղադրության մեջ: Կարևոր է նաև փաստը, որ վերջինս  համապատասխանի անվտանգության պահանջներին:

Ըստ գերմանական «MooM» մանկական ամսագրի հարցումների`  գնալով աճում է մայրերի հետաքրքրությունը մանկական  օծանելիքների նկատմամբ:

 

 

Մանկաբույժի խորհուրդները «Իմ փոքրիկը» կներկայացնի հաջորդիվ

Գովազդ