Ի՞նչ է պերիօստիտը և ինչպե՞ս է բուժվում

Խնամք

Մանկական դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ կլինիկայի դիմածնոտային վիրաբույժ Նարեկ Մկրտչյանը նշում է՝ պերիօստիտները ատամից առաջացած բարդություններ են: Տարեկան մոտավորապես 500 երեխա վիրահատվում է այս խնդրի պատճառով, ռիսկի խմբում հիմնականում գտնվում են 2-7 տարական երեխաները: 

Ախտանիշներ 

Թարախաբորբոքային հիվանդություն է, որը զարգանում է սուր պատկերով. այտուցներ, ջերմության բարձրացում, ախորժակի անկում, ընդհանուր թուլություն, ջրազրկում: 

Բուժում 

Հիվանդության նախնական շրջանում, երբ պատկերը խորը չէ, բուժումն իրականացվում է դեղերով, իսկ բարդացման դեպքում՝ վիրահատական միջամտությամբ, հեռացվում է հիվանդության պատճառ հանդիսացող ատամը: Վիրահատությունից հետո երեխաները 3-4 օր գտնվում են բժիշկների հսկողության տակ, կատարվում են վիրակապություններ, ինֆուզիոն թերապիա, անտիբիոտիկոթերապիա: 

Կանխարգելում 

Կաթնատամները պետք է բուժվեն հայտնվելու պահից սկսած, որպեսզի հնարավոր լինի խուսափել հետագա բարդություններից: 

Չպետք է զբաղվել ինքնաբուժությամբ. ողողումներ կատարելով, պատկերը քողարկելով, ցավը մեղմելով խնդիրը չի անհետանա: 

Օրը երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան, պետք է լվանալ ատամները, հետևել սննդակարգին, օգտագործել կալցիում պարունակող սնունդներ, հաճախակի դիմել ստոմատոլոգի: 

 

Աղբյուրը՝ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի ֆեյսբուքյան էջ

Գովազդ