Կարելի՞ է, արդյոք, քացախով ու սպիրտով շփել ջերմող երեխայի մաշկը, ծածկել տաք հագուստով, որ քրտնի կամ լողացնել․ կարևոր խորհուրդներ մանկաբույժից

Խնամք

Եղանակը ցրտում է, և դրան զուգահեռ մեծանում է հարբուխով հիվանդանալու և ջերմություն ունենալու հավանականությունը: «Իմ փոքրիկը» զրուցել է «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի մանկաբույժ Մարի Դարակչյանի հետ՝ պարզելու, թե ինչպես կարելի է ճիշտ և արդյունավետ ձևով երեխային պաշտպանել ջերմությունից.

 

-Ինչու՞  և ո՞ր հիվանդությունների դեպքում է փոքրիկի ջերմությունը բարձրանում:

-Սովորաբար ասում ենք, որ ջերմությունն օրգանիզմի  ինքնապաշտպանական ռեակցիան է: Ջերմությամբ կարող են ուղեկցվել  վիրուսային և բակտերիալ վարակները, համակարգային հիվանդությունները, ինչպես նաև ուռուցքային հիվանդությունները: Տրավմաներից հետո նույնպես երեխայի ջերմությունը  կարող է բարձրանալ: Եթե 2-3 շաբաթ երեխան ունի կայուն բարձր ջերմություն, ապա, բնականաբար, կարիք կա ավելի լիարժեք հետազոտելու,  բացառելու օրգանիզմում ինֆեկցիոն գործընթացները և հասկանալու, թե այդ տենդի հետևում ինչ հիվանդություն կարող է լինել:

 

-Կա՞, արդյոք, կապ հարբուխի և ջերմության միջև:

-Իհարկե, կապ կա: Բակտերիալ և վիրուսային շատ հիվանդություններ կարող են ուղեկցվել ջերմության բարձրացմամբ. դա օրգանիզմի նորմալ ռեակցիան է՝ ի պատասխան ներդրված օտարածին նյութերի՝ միկրոբների (բակտերիաներ կամ վիրուսներ) քայքայմանը: Միկրոբների և օրգանիզմի միջև համագործակցության արդյունքում առաջանում են միջնորդանյութեր, որոնք հանգեցնում են մեր գլխուղեղի ջերմակարգավորման կենտրոնում մարմնի նորմալ ջերմաստիճանի փոփոխությանը: Եթե մեծահասակների դեպքում մարմնի նորմալ ջերմաստիճանը 36.5-ից 36.6-ի սահմաններում է, ապա երեխաների դեպքում նորմալ է համարվում  36.6-37.5 աստիճանը (հատկապես մինչև 1 տարեկան երեխաների դեպքում): Հետևաբար 38 աստիճան ջերմություն ունեցող երեխայի ջերմությունը պետք չէ իջեցնել: Բացառություն են  մինչև 2 ամսական երեխաները. այս դեպքում երեխաները պետք է անպայման հոսպիտալացվեն կամ այցելեն բժշկի: 2 ամսականից բարձր երեխաների դեպքում բուժումը կարելի է կազմակերպել տանը՝ բժշկի հետ համագործակցելով (եթե երեխայի մոտ չկան այլ ախտանշաններ):

 

-Ե՞րբ է անհրաժեշտ ջերմիջեցնող տալ երեխային, ի՞նչ դեղաչափով և հաճախականությամբ:

-Ջերմիջեցնող տալու  անհրաժեշտություն կա 38 աստիճանից  բարձր ջերմության  դեպքում, եթե խոսքը մինչև 2 ամսականների մասին է, և 38,5-ից բարձրի դեպքում, եթե խոսքն ավելի մեծ երեխաների մասին է (եթե երեխան երբևէ ունեցել է թերմիկ ցնցումներ, ապա նրա ջերմությունը պետք է իջեցնել ավելի ցածր ջերմաստիճանի դեպքում): 37 կամ 37.5 աստիճան ջերմության դեպքում պետք չէ տալ ջերմիջեցնող: Իջեցման համար անվտանգ դեղորայքներ են համարվում պարացետամոլը և իբուպրոֆենը (ի դեպ, իբուպրոֆենն ունի հակացուցում մինչև 3 տարեկան երեխաների համար): Դեղաչափի հետ կապված՝ պետք է հասկանալ, որ այն որոշվում է ոչ թե տարիքով, այլ երեխայի քաշով, ուստի՝ այն դոզավորումները, որոնք դրված են դեղորայքներ վաճառող կազմակերպությունների կողմից իրենց ներդիրներում կամ տուփերի վրա, ոչ միշտ են թույլատրելի  և ոչ միշտ է այդ դեղաչափերով առաջնորդվելը ճիշտ. 6 ամսականում մի երեխան կարող է կշռել 9 կիլոգրամ, մյուս դեպքում՝ 5 կիլոգրամ, օգտագործվող դեղորայքի չափը նույնը չի կարող լինել: Պարզապես պետք է խորհրդակցել մանկաբույժի հետ: Խորհուրդ է տրվում մինչև 1 տարեկան երեխաներին այդ դեղորայքներն օգտագործել օրական 3-4 անգամից ոչ ավելի: Պետք է հիշել, որ ջերմիջեցնող տալուց հետո երեխայի ջերմությունը միանգամից չի իջնելու: Օրինակ 38.5-ից ջերմությունը կարող է իջնել 37.5 և այլևս չիջնել․ սա նորմալ է, քանի որ երեխան դեռ հիվանդ է, և պետք չէ ավելորդ դեղաչափ տալ նրան: Հիշենք, որ ջերմությունն իջեցնում ենք միայն այն նպատակով, որ երեխան իրեն լավ զգա, կարողանա հեղուկներ ընդունել, սնվել, որպեսզի հնարավորինս շուտ կազդուրվի:

 

-Ջերմության հետ կապված ո՞ր դեպքերում են փոքրիկին հակաբիոտիկներ նշանակում:

-Հակաբիոտիկները ոչ թե նշանակում են բուն ջերմությունը իջեցնելու համար, այլ  այն դեպքերում, երբ ջերմությունը պայմանավորված է այլ հիվանդությամբ, որը բուժվում է հակաբիոտիկներով. հակառակ դեպքում հակաբիոտիկներ չեն օգտագործվում:

 

-Բոլորս գիտենք, որ կան ջերմիջեցման բազմաթիվ ավանդական միջոցներ՝ սպիրտով կամ քացախով շփում, ազնվամորու կամ հոնի մուրաբայով թեյ: Դրանք գրագետ ու ճի՞շտ մեթոդներ են, թե՞ ոչ:

-Սպիրտով կամ քացախով շփումներ անելիս պետք է հաշվի առնել, որ երեխաների մաշկը բավական մեծ թափանցելիություն ունի,  հետևաբար և՛ քացախը, և՛ օղին կարող են ներծծվել և ինտոքսիկացիայի (թունավորում) պատճառ դառնալ։ Երեխաների պարագայում մի կողմ պետք է դնել այդ  բոլոր վտանգավոր միջոցները:

Օգտակար է շատ հեղուկներ օգտագործելը՝ ջուր, թեյեր, կաթնախառնուրդներ, կրծքի կաթ (մինչև 1 տարեկանների դեպքում): Բավարար հիդրատացիան օգնում է, որ վիրուսները հնարավորինս արագ դուրս գան երեխայի օրգանիզմից: Կարևոր է նաև սնունդը. այն  պետք է լինի դյուրամարս, բայց նաև կալորիական, որպեսզի երեխան ունենա էներգիա՝ պայքարելու հիվանդության դեմ:

-Նախկինում ընդունված էր, որ բարձր ջերմություն ունեցող երեխային պետք է գուլպաներ հագցնել, տաք ծածկել: Ճի՞շտ մոտեցում է, արդյոք, դա:

-Պետք է թեթև հագցնել երեխային, որովհետև նրա մոտ դժվարանում է շնչառությունը, հաճախանում է  սրտի աշխատանքը, ինչը տեղի է ունենում հենց բարձր ջերմության հետևանքով, և «Նեսոյի քարաբաղնիսը» սարքելու տարբերակն այդքան էլ ճիշտ չէ: Սա չի ենթադրում  երեխային ձմռան ամիսներին տանը մերկ պահել, ուղղակի բամբակյա հագուստ հագցնել՝ սենյակի ջերմաստիճանին համապատասխան:

 

-Ճի՞շտ է, արդյոք, երեխային գոլ ցնցուղի տակ պահելը կամ գոլ ջրի մեջ թրջած սրբիչով փաթաթելը:

-Դրանք մեծ արդյունավետություն չունեն. եթե երեխան ջերմում է, ուրեմն  տվյալ վիրուսը դեռ շրջանառվում է օրգանիզմում, և երեխան շարունակելու է ջերմել, որպեսզի կարողանա պաշտպանվել տվյալ վիրուսի դեմ: Գոլ ջրով շփումներ կարելի է կիրառել, եթե տեսնում ենք, որ այն  օգնում է երեխային, բայց ջուրը ոչ թե շատ  սառը պետք է լինի, այլ երեխայի մարմնի ջերմաստիճանից 2 աստիճան ցածր:  

 

-Մեկ այլ ընդունված մեթոդ էլ երեխային տաք հագուստով քրտնեցնելն է: Ի՞նչ կասեք այդ մասին, և կա՞, արդյոք, տարիքային սահմանափակում այս մեթոդի կիրառման դեպքում:

Բոլոր տեսակի միջոցները, որոնք ջերմատվությունն են ավելացնում, իրականում, այդքան էլ արդյունավետ չեն: Եթե երեխայի ինքնազգացողությունը լավ է, եթե նա չունի ցավեր, եթե նա ակտիվ է, եթե ջերմությունը իրեն չի խանգարում ուտել, խմել, պետք չէ խուճապի մատնվել և  ջերմիջեցում անել: Այս դեպքում ջերմիջեցնելով մենք բուժման էտապը երկարացնում ենք:

 

-Շատ հաճախ բարձր ջերմություն ունեցող փոքրիկները չափազանց շատ ու երկար են քնում: Կա՞, արդյոք, վտանգ տվյալ դեպքում, և ո՞ր դեպքում պետք է անհանգստանալ:

-Եթե երեխան առողջ ժամանակ քնում է 10-12 ժամ և հիվանդ ժամանակ մի փոքր քնկոտ է դարձել, դա նորմալ է: Եթե երեխան սովորաբար քնում է 8-9 ժամ և հիվանդ լինելիս 20 ժամ չի արթնանում, ապա խոսքը գիտակցության խանգարման մասին է, իսկ ցանկացած գիտակցության խանգարմամբ ուղեկցվող իրավիճակ, կլինի դա առանց ջերմության, թե 37 աստիճան ջերմությամբ, ենթադրում է, որ անպայման պետք է դիմել բժշկի:

 

-Մեկ այլ կարծրատիպ էլ կա, որ ջերմություն ունեցող երեխային չի կարելի լողացնել: Այս առումով ի՞նչ մոտեցում ունի ժամանակակից բժշկությունը:

-Ճիշտ չէ այդ տեսակետը. եթե երեխայի ինքնազգացողությունը լավ է և եթե երեխան  կտրուկ արտահայտված անկողնային ռեժիմում չէ, ապա կարելի է լողացնել, ուղղակի լոգանքն ավելի կարճ պետք է տևի, և դրանից հետո ցանկալի է, որ մազերը (հատկապես երկարամազ երեխաների դեպքում) չորացվեն, որովհետև մենք  ամեն դեպքում ջերմատվություն ենք ունենում թաց մաշկից, թաց գլխամաշկից և թաց մազերից, որի դեպքում կարող է լինել պրեֆերիկ անոթային սպազմ (օրգանիզը սառչում է և սպազմի են ենթարկվում անոթները):

 

Հեղինակ՝ Նանե Ավետիսյան

 

 

Գովազդ