Ո՞ր տարիքից պետք է լվանալ փոքրիկի ատամները և ի՞նչ մածուկ ու խոզանակ ընտրել. հարցերին պատասխանում է մանկական ատամնաբույժը

Խնամք

Փոքրերի ատամների խնամքի հետ կապված հարցերին պատասխանում է «Իմպլանտում» ստոմատոլոգիական կլինիկայի մանկական ստոմատոլոգ Գոհար Անտոնյանը:



- Ո՞ր տարիքից պետք է լվանալ փոքրիկի ատամները:


- Որքան էլ որ տարօրինակ է հնչում, բայց 0 տարեկանից, այսինքն՝ այն տարիքից, երբ փոքրիկի մոտ ծկթում են ատամիկները: Սովորաբար դա 5-6 ամսականում է լինում։ Նորածինների բերանի խոռոչը անհրաժեշտ է լվանալ թանզիվով կամ հատուկ նախատեսված անձեռոցիկներով: Ես մշտապես խնդրում ու հորդորում եմ մայրիկներին՝ փոքրիկների հիգիենան պետք չէ սահմանափակել լոգանքներով:


- Երբ ի հայտ են գալիս առաջին ատամիկները, ինչպե՞ս օգնել երեխային ու մեղմել ատամների ծկթման ընթացքում լնդերի ցավը: Իսկ այնուհետև ինչպե՞ս իրականացնել ատամների առաջին խնամքը:


-Առաջին ատամիկի ծկթման ժամկետները խիստ անհատական են՝ կախված փոքրիկի ֆիզիկական զարգացումից և ժառանգական նախատրամադրվածությունից: Ավելի հաճախ առաջին ատամիկներն ի հայտ են գալիս 5-6 ամսական հասակում՝ վերին կամ ստորին կտրիչների տեսքով: Ծկթման ցավը մեղմելու համար նախատեսված են հատուկ հանգստացնող գելեր, սակայն միայն մասնագիտական խորհրդատվությունից հետո պարզ կլինի հստակ՝ որ մեկն է անհրաժեշտ։ Իսկ հետագա խնամքի համար նախատեսված են ռետինից կամ սիլիկոնից պատրաստված, մատին ամրացվող խոզանակներ, որոնց օգնությամբ պետք է մաքրել ատամիկը։ Պետք է իմանալ նաև, որ մինչև 2,3 տարեկանը խորհուրդ չի տրվում մածուկ օգտագործել։ Ի դեպ, խորհուրդ կտամ մանկական խոզանակները, մածուկները, ողողման հեղուկները և բերանի խոռոչի հիգիենայի համար նախատեսված այլ պարագաները գնել դեղատներից կամ հատուկ մասնագիտացված բժշկական խանութներից:


- Իսկ 2-3 տարեկանից հետո ատամի ի՞նչ մածուկներ գնել երեխաների համար:


-Մածուկն ընտրելիս ծնողները պետք է ուշադիր լինեն ֆտորի և կալիցիումի պարունակությանը։ Ֆտոր ու կալցիում պարունակող մածուկները խորհուրդ է տրվում օգտագործել 5 տաեկանից հետո միայն։ Նշեմ նաև, որ մածուկը պետք է օգտագործել քիչ քանակով ` բրնձի հատիկի չափով:

 

- Փոքրիկները հաճախ ուտում են ատամի մածուկը, դա վտանգավո՞ր է:


- Այո՛, փոքրիկները հաճախ ուտում են մածուկը, և դրա պատճառն էլ հասկանալի է, քանի որ մածուկ արտադրող ընկերությունները երեխաների համար ստեղծում են «համեղ մածուկներ»: Դրա համար ծնողները մինչև 4-5 տարեկանն իրենք պետք է լվանան փոքրիկների ատամիկները՝ սովորեցնելով, թե ինչպես պետք է ինքնուրույն անել։ Եթե երեխաներն, անուամենայնիվ, կուլ տան մածուկը, մի՛ անհանգստացեք, փոքրիկի առողջությանը վտանգ չի սպառնա:


- Ի՞նչ խոզանակներ եք խորհուրդ տալիս փոքրիկների համար: 

-Խոզանակի ընտրության հարցում ևս կարևոր է ընտրել մանկական օգտագործման համար նախատեսված խոզանակները: Ցանկալի է՝ դրանք լինեն փոքր չափսերի, որ փոքրիկի ձեռքի մեջ հեշտ տեղավորվեն, լինեն փափուկ մազմզուկներով և նախատեսված մեխանիկական մաքրման համար:


- Ինչպես գիտենք, երեխաները շատ են սիրում քաղցրավենիք:  Շոկոլադ ու կոնֆետ ուտելուց հետո պե՞տք է լվանալ ատամները:


- Այո՛, բոլոր երեխաները սիրում և ուտում են քաղցրավենիք և այո՛,  ծնողները պետք է ուշադիր լինեն, որ քաղցրավենիք ուտելուց հետո երեխաները լվանան ատամները, կամ եթե չկան համապատասխան միջոցներ, գոնե բերանի խոռոչը ողողեն ջրով: Առողջ կաթնատամների համար ցանկալի չէ, որ երեխաները չարաշահեն շաքարը: Ընդհանուր առմամբ՝ վնասակար են քաղցրավենիքը, թխվածքաբլիթները, գազավորված ըմպելիքը։ Ի դեպ, մայրիկներից շատերը երեխային քնեցնելիս գիշերը շշով հյութ, թեյ են տալիս, որոնք ևս վնասակար են ատամիկների համար։


- Ատամները հեռացնելը ո՞ր տարիքից է թույլատրվում:


-Եթե չկան արտահայտված խնդիրներ և ցուցումներ, ապա միանշանակ է, որ վաղ տարիքում պետք է զերծ մնալ ատամները հեռացնելուց։ Շատ կարևոր է, որ մայրիկները փոքրիկներին պարբերաբար տանեն մանկական ատամնաբույժի մոտ, քանի որ կաթնատամներում ախտաբանական պրոցեսները ավելի արագ են ընթանում: Հետևաբար 2-3 ամիսը մեկ այցելեք մասնագետի:

 

Հեղինակ՝ Մոնիկա Մամյան

Գովազդ