Մինչև ո՞ր տարիքն է ընդունելի, որ ծնողը մասնակցի երեխայի լոգանքին․ հարցին պատասխանում է հոգեբանը․ մաս 2

Խնամք

Նյութի առաջին մասը կարդացեք այստեղ։

 

«Իմ փոքրիկ»–ը զրուցել է «Երկուսով» հոգեբանական կենտրոնի տնօրեն, հոգեբան Անուշ Ալեքսանյանի հետ։

 

Շատ մայրիկներ, այլընտրանք չունենալով, լոգանք ընդունելիս փոքրիկին տանում են իրենց հետ։ Ի՞նչ կասեք այդ մասին։

Ոչինչ չեմ ասի, ամեն ինչ կարգին է, որևէ վտանգավոր բան չկա դրանում։ Նման դեպքերում ես կառաջարկեի, որ հայրիկներն էլ նույն կերպ վարվեին։ Կարող են հայրիկները լոգանք ընդունել իրենց տղաների հետ, իսկ մայրիկներն աղջիկների։

Բայց սա շատ նուրբ հարց է և երբեք չի կարող լուծվել միայն երեխայի տեսանկյունից դիտարկվելով կամ տեսական ինչ-որ հայացքներից ելնելով։ Ամեն մարդ ինքն է որոշում՝ ում մոտ մերկանա, իսկ ում մոտ՝ ոչ։ Եթե մայրը կամ հայրը չեն ուզում մերկանալ իրենց երեխաների մոտ, ապա դա ևս նորմալ է և առողջ։ Սա յուրաքանչյուրի որոշելու հարցն է։

 

 

Ծնողի ու երեխայի սեռային տարբերության դեպքում ինչպիսի՞ մոտեցում կա այս խնդրին։

Բացի վերոնշյալ վտանգներից, որոնք կարող են ի հայտ գալ դեռահասության տարիքում, ուրիշ որևէ վտանգ չկա, եթե երեխայի և ծնողների միջև հարաբերությունները դրական են, առողջ և բաց։

 

 

Իսկ ի՞նչ մոտեցում պետք է լինի հակառակ դրսևորման դեպքում, երբ ծնողն է երեխային տեսնում մերկ։

Որևէ հատուկ մոտեցում կիրառել պետք չէ։ Ոչինչ չի պատահում նրանից, որ մենք միմյանց մերկ տեսնում ենք։ Պետք է ասել՝ ներողություն, առանց թակելու ներս մտա, և վերջ։ Իսկ ի՞նչ կարող է լինել։ Ոչինչ չի լինի, եթե մենք մեր հարևանին էլ մերկ տեսնենք։ Բոլորս էլ մերկ ենք մեր հագուստի տակ և մեծ հաշվով հատուկ թաքցնելու ոչինչ չունենք։ 

 

 

Մինչև ո՞ր տարիքն է ընդունելի, որ ծնողը, օրինակ, մասնակցի երեխայի լոգանքին։

Արդեն նշեցի։ Բայց պետք է նաև հաշվի առնել, որ մենք բոլորս կարող ենք կարիք ունենալ, որ մեզ օգնեն լոգանք ընդունելիս, եթե հիվանդ ենք, եթե հաշմանդամություն ունենք, եթե կարիք ունենք օգնության։ Իսկ ի՞նչ կարող է լինել այդ դեպքում։ Շատ ճիշտ եք, ոչինչ։ Ինչ է լինում, երբ մեզ մերկ տեսնում է բժիշկը կամ հիվանդանոցի սանիտարը։ Որևէ բան տեղի չի ունենում։

Պետք չէ ուռճացնել խնդիրը։ 

 

 

Իսկ ո՞ր տարիքում ու ինչպե՞ս երեխային ներկայացնել մարմնի սեռային տարբերությունները։

Որ տարիքում երեխան սկսում է հարցեր տալ, այդ տարիքում էլ պետք է ներկայացնել սեռային տարբերությունների մասին ինֆորմացիան։ Սովորաբար քույր և եղբայր ունեցող երեխաները բնական սկսում են հասկանալ այլ տարբերությունները, և հարցերն ավելի քիչ են լինում։ Մանկապարտեզ հաճախող երեխաները ևս բնական ձևով սովորում և ծանոթանում են իրենց տարբերություններին։

 

 

Իսկ նորմա՞լ է, որ երեխաները լողավազանի լոգարանում տեսնում են մերկ անծանոթների։

Այո, նորմալ է։ Եթե այդ մերկ անծանոթները չեն վախենում երեխաներից, ամեն ինչ կարգին է։

 

 

Հեղինակ՝ Մոնիկա Մամյան

Գովազդ