Դպրոցահասակ երեխաները հաճախ առանց հասկանալու ծաղրում են միմյանց: Ի՞նչ անել, եթե Ձեր երեխային դպրոցում ծաղրում են: Այս թեմայով զրուցել ենք «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Անի Ապիտոնյանի հետ:
Եթե երեխան ընտանիքի անդամներին չի պատմում իր հետ կատարվածը, ինչպե՞ս պետք է ծնողը գլխի ընկնի՝ իր երեխային դպրոցում ծաղրում են, թե ոչ:
Եթե ծնողը նկատում է, որ դպրոց գնալիս երեխայի մոտ խնդիրներ են առաջանում, ապա անհրաժեշտ է հասկանալ, թե խնդիրները ինչի հետ են կապված. կապված են , օրինակ, մանկավարժների՞ հետ, թե՞ աշակերտների, կամ գուցե ուսմա՞ն մեջ խնդիրներ ունի. այսինքն` այդ բոլոր կետերով ծնողը պիտի «հետաքննություն» անցկացնի, և եթե երեխան չի պատմում, պիտի անպայման դիմի ուսուցիչներին։
Երեխայի հետ պետք է զրուցել հանգիստ տոնով՝ առանց քննադատության, ագրեսիայի և խղճահարության՝պ համար, թե որ դեպքում են ծաղրում, ինչպիսի վարք է ցուցաբերում, արդյոք ինքը չի ծաղրում կամ ճնշում և ստանում փոխադարձ վերաբերմունք կամ իրեն վիրավորելու դեպքում չի կարողանում պաշտպանվել: Հարկավոր է պարզել՝ խնդիրը դասարանու՞մ է, թե՞ դասարանից դուրս:
Եթե ծնողին հաջողվում է պարզել, որ իսկապես երեխային ծաղրում են, օրինակ, սանրվածքի, հագուստի, սննդի կամ մեկ այլ բանի համար, ինչպե՞ս պետք է վարվի:
Այս դեպքում պետք է զրուցել դասղեկի, մանկավարժների հետ՝ օբյեկտիվ իրականությունը հասկանալու համար: Կոնկրետ հագուստը, սանրվածքը ծաղրելու դեպքում կարելի է երեխային օրինակներով ցույց տալ, որ ամեն ոք յուրահատուկ է, որևէ մեկի սանրվածքը կամ հագուստը պետք չէ, որ մյուսին նման լինի:
Ինչպե՞ս վարվել, եթե դպրոցական տղան, օրինակ, հրաժարվում է տաբատի տակից «զուգագուլպա» հագնել, որովհետև համադասարանցիները ծաղրում են նրան ու արդյունքում՝ նա պարբերաբար հիվանդանում է:
Բավականին հեշտ: Վաճառքում առկա են սպորտային հագուստի նմանվող ներքնահագուստներ, որոնք ամոթի զգացողություն չեն առաջացնում:
Ինչպե՞ս է հնարավոր վերականգնել երեխայի ինքնավստահությունը:
Պետք է նորմալ սահմանի բերել ինքնագնահատականը, քանի որ բուլինգի ենթարկելու կամ ենթարկվելու դեպքում էլ կա ինքնագնահատականի հետ կապված խնդիր: Ամենակարևորը երեխայի զգացողությունն է, որ ծնողներն իր կողքին են: Դրա համար հարկավոր է ամեն օր լսել երեխային, օգնել նրան իր խնդիրները լուծելիս, սակայն իր փոխարեն չանել դրանք:
Եթե գիտակցում եք, որ իմաստ չունի խոսել ծաղրող երեխաների ծնողների հետ ու փորձել իրենց միջոցով լուծել խնդիրը, որո՞նք են այն քայլերը, որ պետք է ձեռնարկի ծնողը:
Դասղեկի հետ համագործակցելով՝ հարկավոր է դասընկերներին հաճախ միջոցառումների, էքսկուրսիաների տանել: Եթե սպառվել է մանկավարժի հետ հարցը լուծելու տարբերակը, դիմել հոգեբանի, որ հարցը համակարգված լուծում ստանա:
Հեղինակ՝ Նանե Ավետիսյան