«Իմ փոքրիկ»-ը զրուցել է «France med»-ի մանկական ստոմատոլոգ Գոհար Անտոնյանի հետ։
- Երեխայի մոտ անցումը կաթնատամներից հիմնական ատամների ինչպե՞ս է արտահայտվում, ինչի՞ն պետք է ուշադրություն դարձել:
- Երեխաների մոտ կաթնատամներից անցումը հիմնականի ամենակարևոր և ուշադրության արժանի ժամանակահատվածն է: Այն սկսում է մոտ 6-7 տարեկանում և ավարտվում է մոտ 12 տարեկանում: Կա թյուր կարծիք, թե 6-7 տարեկանում են փոխվում նաև ծամող կաթնատամները և ժամանակից շուտ հեռացվում են ինչ-ինչ պատճառներով, որը իր հերթին բերում է այլ խնդիրների: Պետք է հատուկ ուշադրություն դարձնել բերանի խոռոչի հիմնական՝ 6-րդ ատամներին, որոնք ծկթում են 5-6 տարեկանում:
- Կաթնատամների փոփոխման փուլում երեխայի մոտ ի՞նչ խնդիրներ կարո՞ղ են առաջանալ:
- Կաթնատամների փոփոխման փուլում հիմնական խնդիրները օրթոդոնտիկ են` ծնոտի և ատամնաշարի հետ կապված: Դրանց բուժման համար պետք է դիմել արդեն ոչ թե մանկական ստոմատոլոգի, այլ փորձառու օրթոդոնտի:
- Ատամիկների փոփոխության փուլում ինչպե՞ս ճիշտ խոզանակել ատամները:
- Այս փուլում խորհուրդ կտայի ձեռք բերել բերանի խոռոչի համար նախատեսված ողողիչներ (ցանկալի է բուսական ծագման) և ատամնաթելեր: Այս տարիքում շատ կարևոր է ոչ միայն խնամքը, այլև ճիշտ, ռացիոնալ սնունդը, քաղցրի չափաբաժնի կրճատումը: Իմ փորձը ցույց է տվել, որ հենց այս որոշիչ փուլում երեխաները դառնում են ավելի կամակոր, նրանց վերահսկելը և հիգիենային հետևելը ծնողների համար, մեղմ ասած, դժվար է դառնում: Այդ պատճառով կխնդրեմ ծնողներին, որ ստոմատոլոգի մոտ պրոֆիլակտիկ այցը լինի առնվազն 3-6 ամիսը մեկ:
- Եթե նոր ատամ է դուրս գալիս, բայց նախկինը դեռևս իր տեղում է, ինչպե՞ս վարվել այդ դեպքում:
- Այս երևույթը մեր օրերում հաճախ է հանդիպում: Պետք է դիմել մոտակա ստոմատոլոգիական կլինիկա: Մասնագետի միջամտություն է անհրաժեշտ:
- Երեխայի հիմնական ատամներն ի՞նչ միջոցներով խնամել:
- Կարևոր է պահպանել ամենօրյա հիգիենայի կանոնները, սննդային ճիշտ ռացիոնը: Կան նաև մի շարք պրոֆիլատիկ միջոցառումներ, օրինակ՝ ատամների մշտական հերմետիզացիան:
- Արդյո՞ք պետք է փոքրիկին կալցիում տալ հաբերի տեսքով:
- Կալցիումը շատ կարևոր և անհրաժեշտ միկրոէլեմենտ է, որն իր ուրույն դերն է ունենում ոչ միայն ատամների, այլև ոսկրային, մկանային համակարգերի և այլ կենսական կարևոր օրգան համակարգերի համար: Այդուհանդերձ, մենք`ստոմատոլոգներս, առանց համապատասխան լաբարատոր քննության և հետազության, չենք կարող որոշուներ կայացնել և անել նշանակումներ:
- Նախկինում ծնողները երեխաներին, օրինակ, ձվի կեղև էին տալիս՝ վստահ լինելով, որ այն հարստացնում է օրգանիզմը կալցիումով։ Ի՞նչ կասեք նմանօրինակ մեթոդների մասին։
-Կալցիումով հարուստ և առողջ սննդի ընդունումը մեր ծնողներին դեռ ոչ ոք չի արգելել, այն խրախուսվում է: Իսկ ինչ վերաբերում է նշված մեթոդին, կդժվարանամ որևէ կերպ արձագանքել:
Հեղինակ՝ Մոնիկա Մամյան