Երևանի մանկապարտեզներում ժամ առաջ փորձում են ազատվել երեխաներից

Հունիսի 4-ի առավոտյան Երևանի Կենտրոն համայնքի մանկապարտեզների դռները փակ են եղել ավագ նախադպրոցական խմբի երեխաների համար: Աշխատանքի շտապող ծնողները պարզաբանում են պահանջել մանկապարտեզների վարիչներից, եւ նրանց պատասխանել են, թե քաղաքապետարանից է հրահանգ իջեցվել:

Եթե նախկինում դպրոցահասակ (մինչև 6 տարեկան) երեխաները մանկապարտեզ կարող էին հաճախել մինչև

սեպտեմբերի 1-ը, իսկ վերջին տարիներին` մինչև հուլիսի 1-ը, ապա այս տարի, փաստորեն, մինչև հունիսի  4-ը:

Yerkir.am-ի հետ զրույցում ծնողները  դժգոհեցին, որ իրենցից շատերն աշխատում են, և երեխաներին խնամողներ չունեն:

Կենտրոն համայնքի հանրակրթության բաժնից տեղեկացանք, որ նման հրաման քաղաքապետարանից ստացել են դեռ երեկ: Սակայն քաղաքապետարանի հանրակրթության վարչությունը հերքեց այդ լուրը` նշելով, որ, ըստ երևույթին, Կենտրոն համայնքն է նման բան որոշել: Մեզ չհաջողվեց կապ հաստատել քաղաքապետարանի հանրակրթության վարչության  պետ  Գայանե Սողոմոնյանի հետ, քանի որ նա շրջայց էր կատարում քաղաքի մանկապարտեզներում:

ՀՀ կրթության և գիտության նախարարության` նախադպրոցական տարիքի կրթության ավագ մասնագետ Հասմիկ Միտոյանի խոսքով' նախադպրոցական ուսումնական հաստատություններում ուսումնառության ծրագիրն ավարտվում է հունիսի 15-ին, երբ կազմակերպվում են տարեվերջյան հանդեսները: Ըստ նրա` ստեղծված իրավիճակը մանկապարտեզների գերբեռնվածության արդյունքն է: «Երեխաների ավարտական գործընթացն ավելի վաղ են կազմակերպում, որպեսզի պատրաստվեն նոր ընդունելության»,- yerkir.am-ի հետ զրույցում ասաց տիկին Միտոյանը` նշելով, որ մարզերում նման խնդիր չկա:

Ըստ մեր զրուցակցի` երբ մանկապրտեզներն անվճար դարձան,  ծնողները գնացին ծայրահեղության. աշխատող-չաշխատող` բոլորն իրենց երեխաներին բերեցին մանկապարտեզ: Նա համարում է, որ քաղաքապետարանը պետք է կանոնակարգի այդ գործընթացը. «Երեխաների ընդունելության ընթացքում մանկապարտեզները նախապատվությունը պետք է տան աշխատող ծնողների երեխաներին»:

Նշենք նաև, որ նախադպրոցական ուսումնական հաստատությունները համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ են, Երևանում բնակվող, սակայն Երևանի գրանցում չունեցող տարբեր մարզերի բնակիչների երեխաների համար դրանք վճարովի են:

Yerkir.am