Գիշերամիզություն. պատճառները և բուժումը

Խնդիրներ

«Չոր գիշերների» մասին երազում են բոլոր մայրիկները: Երեխան մեծացել է տակդիրների հասակից, սակայն գիշերը դեռևս շարունակում է միզել անկողնում:  Լվացք, ներքնակի չորացում, սպիտակեղեն փոխելու անընդհատ հոգս, նյարդայնություն: Երեխան տանջվում է, քանի որ չի հասկանում, թե ինչպես է , որ միզում է տակը, մինչդեռ, արթուն ժամանակ ամեն ինչ կարգին է:

Երբեմն  գիշերամիզություն է լինում այն պարզ պատճառով, որ երեխան դեռևս չի հասունացել: Շատ ծնողներ  պարզապես  դա չեն գիտակցում ու պահանջում են, երբեմն` զայրույթով, որ  երեխան այլևս նման բան չանի:

Շատ երեխաների մոտ (գրեթե 70-80%), գիշերամիզությունը դադարում է 4 տարեկանին մոտ, մի մասն  էլ խնդրից ազատվում է 6 տարեկանում: Ամեն տասներորդ առաջինդասարանցին գիշերը տակը թրջում է: Հետաքրքիր է, որ այդ խնդիրն ավելի հաճախ պատահում է տղաների մոտ: Բժիշկներն էլ կարծում են, որ գիշերամիզությունը 5-ամյա երեխայի համար դեռևս նորմի խախտում չէ ու դեռևս վաղ է անհանգստանալ դրա պատճառով: Դա նշանակում է, որ կենտրոնական նյարդային համակարգի ֆունկցիաները, որոնք վերահսկում են միզապարկի աշխատանքը, դեռևս լրիվ չեն գործում: Դրա համար էլ երեխաները չեն գիտակցում, թե ինչ է կատարվում իրենց օրգանիզմում:

Տան անդամները պետք է օգնեն

Երեխան իրեն դժբախտ է զգում այն գաղափարից, որ չի կարողանում իրեն  ղեկավարել ու չի էլ կարողանում ինքնուրույն այդ խնդիրը լուծել: Հաջողության կարելի է հասնել փուլ առ փուլ իրականացվող պլանի օգնությամբ, որին երեխան պետք է հետևի ծնողների  ու բժկի աջակցությամբ: Այստեղ կարևոր է այն հանգամանքը, որ երեխան անձամբ պետք է ցանկանա մասնակցել այդ պլանին: Կարևոր է, որ երեխայի վրա ճնշում չլինի: Նույնիսկ ծնողները պետք է զինվեն սառնասրտությամբ, չհանդիմանեն ու չափից շատ չգովեն երեխային: Միայն այդ կերպ կարելի է հաջողության հասնել: Յուրաքանչյուր փուլին 2 շաբաթ է հատկացվում:

Երեխայի համար հատուկ օրացույց գնեք կամ կազմեք, որի վրա ամեն չոր գիշերվա դիմաց ժպտադեմ պատկերով գերազանց նշանակեք, իսկ թաց գիշերները կմնան դատարկ: Երեխան աստիճանաբար կձգտի, որ իր օրացույցում միայն «գերազանց» տեսնի:

Երեխան քնելուց առաջ պետք է զուգարանում հանգիստ նստի զուգարանակոնքին, որպեսզի միզապարկը թուլանա ու  լրիվ դատարկվի: Դրա համար նույնիսկ խաղալիք ու գիրք կարելի է տալ, որ փոքրիկը հանգիստ զբաղվի ու չկենտրոնանա պրոցեսի վրա: Երեխայի համար այդ պրոցեսը պետք է հաճելի լինի, որ նա դրանից չխուսափի:

Մինչ դուք կգնաք քնելու, երեխային զգուշորեն արթնացրեք ու տարեք զուգարան: Երբեք քնատ երեխային չնստեցնեք գիշերանոթին. նա պետք է գիտակցի այդ պրոցեսը: Նպատակն այն է, որ երեխայի մեջ միզապարկի զգացողություն արթնանա: Դա նշանակում է, որ «լիքն է» ազդանշանը նրան պետք է քնից արթնացնի ու զուգարան տանի: Բացի այդ,  երեխան քնելուց առաջ պետք է ինքն իրեն բարձրաձայն ասի`«ես ուզում եմ զուգարան գնալ»:

Միզապարկի մարզում: Երբ երեխան միզել է ցանկանում, նրան խնդրեք փոքր-ինչ դիմանալ: Չէ՞ որ նման իրավիճակներ լինում են, ասենք` խանութում կամ էլ փողոցում: Միզապարկն այդ կերպ մարզվում է, իսկ  ծավալն աստիճանաբար մեծանում (ի դեպ, այն երեխաները, որոնք միզում են անկողնում, սովորականից փոքր միզապարկ ունեն):

Եթե այսքանից հետո առաջխաղացում չեք նկատում, ապա պետք է նույնը կրկնել մի քանի շաբաթից: Սովորաբար երեխաների 90%-ը դրանից հետո  այլևս տակը չի թրջում:

Գիշերամիզությունը հազվադեպ կարող է  օրգանական կամ էլ հոգեբանական պատճառ ունենալ: Գիշերամիզության դեպքերի 3%-ի պարագայում օրգանական շեղումեր են` միզուղիների բորբոքում կամ էլ սֆինկտերի թուլություն:

Երբեմն այնպես է լինում, որ երեխան կես տարի «չոր» է ու հանկարծ կրկին սկսում է միզել անկողնում: Բժիշկները դա անվանում են երկրորդային անմիզապահություն: Հիմնականում այդ երևույթի հետևում հոգեկան բախումներն են, հակասությունները, ասենք` ընտանիքում նորածնի հայտնվելը, խնդիրները դպրոցում: Այդ դեպքում դիմեք մասնագետի օգնությանը:

Միայն բացառիկ դեպքերում է, որ 7-ից բարձր տարիքի երեխաների գիշերամիզության խնդիրը վերացնելու համար դեղամիջոցներ են նշանակվում:

Ոչ մի երեխա էլ չի ուզում տակը միզել: Սակայն ոչ բոլորն են կարողանում իրենց վերահսկել: Իրենք` երեխաները, շատ են տանջվում, երբ միզում են անկողնու մեջ: Նրանց չի կարելի դրա համար հանդիմանել, այն էլ` երրորդ անձի ներկայությամբ, դա խորացնում է նրանց տանջանքը:

Դա նաև լուրջ խնդիր է մոր համար, ուստի, տուժածի կարգավիճակի մասին մոռանալ է պետք ու երեխայի հետ հարկավոր է դաշինք կնքել. ձեր համատեղ նպատակը պիտի լինի խնդիրը միասին լուծելը: Եթե նյարդերն այլևս չեն դիմանում, որոշ ժամանակ, մինչ կհանդարտվեք, երեխային տակդիրներ հագցրեք: Դա ավելի լավ է, քան մշտական հանդիմանություններն ու նյարդային վիճակը:

ՄԵՂՐ

Գուցե տաօրինակ թվա, սակայն մեղրն ամենաարդյունավետ միջոցն է խնդիրը լուծելու գործում: Եթե երեխան 3 տարեկանից հետո էլ միզում է անկողնում, ապա դա արդեն վերածվում է իսկապես խնդրի, որն անհանգստություն է պատճառում և՛ փոքրիկին ու նրա մորը, և՛ ընտանիքի բոլոր անդամներին:

Երկար ժամանակ մասնագետները ծնողներին հանգստացնում էին` ասելով, որ ժամանակի հետ խնդիրը կվերանա:  Նման պատասխանը վկայում էր, որ որոշակի միջոց  գիշերամիզության դեմ չկա: Որպես օրենք, անկողնում միզում են դյուրագրգիռ ու հուզումների նկատմամբ շատ զգայուն երեխաները: Նրանց մեծ մասը (մինչև 2-3 տարեկան) օրվա ընթացքում կարողանում է կարգավորել միզարտադրությունը, իսկ մի քանի ամիս անց էլ լրիվ դադարում է  անկողնում միզելուց: Սովորաբար երեխաները գիշերն անկողնում միզում են մեկ կամ երկու անգամ: Ոմանք  միզում են անմիջապես քնելուց հետ, ոմանք էլ` լուսադեմին: Որոշ երեխաներ տակը թրջելուց անմիջապես հետո արթնանում են, ոմանք էլ այդպես էլ քնում են մինչև լույս: Ու երբ արթնանում են, անկողինն արդեն չոր է լինում, հաճախ էլ միզում են երազ տեսնելու պահին: Հիմնականում տակը թրջող երեխաները շատ նյարդային են: Նրանք սովորություն ունեն եղունգները կրծելու ու ամեն կերպ նյարդայնությունը դրսևորելու, երբեմն էլ թերզարգացած  խոսք են ունենում:

Խնդրից ազատվելու համար ժողովրդական բժշկությունն առաջարկում է երկու միջոց. կանխարգելում  և  ակտիվ թերապիա: Երբեմն օգնում է կանխարգելիչ  բուժումը` միզարտադրության կարգավորումը: Դրա համար պետք է սկսել այն ժամանակ,  երբ երեխան համարյա մեկ տարեկան է: Նրան նստեցնում են որոշակի ժամերին գիշերանոթի վրա. օրինակ` քնից առաջ  կամ ուտելուց հետո, յուրաքանչյուր 3 ժամը մեկ, ապա, ավելի քիչ: 2 տարեկանում երեխաներն արդեն հիմնականում կարողանում են արտահայտել պահանջը:

Ակտիվ թերապիայի նպատակն է օգտագործել միջոցներ, որոնք հանգստացնում են օրգանիզմը և օգնում կարգավորելու օրգանիզմում հեղուկի քանակը: Սակայն այդ միջոցը չպետք է վնասի երեխային: Այստեղ է, որ ժողովրդական միջոցներն առավել արդյունավետ են: Այդ պահանջներին համապատասխանում է  մեղրը, որը  հավաքում ու կուտակում է  խոնավությունը: Մեղրի այդ հատկությունն ապացուցում է մեղրամանի մեջ գցված  հացի կտորը, որը չորանում է: Իսկ մեղր պարունակող հրուշակեղենը երկար ժամանակ  պահպանում է թարմությունը: Ի դեպ, մեղրը չի կարելի պահել սառնարանում կամ էլ նկուղում: Հարմար է չոր ու բերանը պինդ փակվող ամանը:

Եթե ձեր երեխան քնած ժամանակ միզում է անկողնում, ուրեմն քնելուց առաջ նրան մի թեյի գդալ մեղր տվեք: Այն երկակի նշանակություն կունենա: Առաջին հերթին հանգստացնում է նյարդային համակարգը և երկրորդ` խոնավություն է կլանում ու երիկամները գիշերվա հանգստի ժամանակ ազատում ծանրաբեռնվածությունից:

Երբ, վերջապես կարողանաք մեղրի օգնությամբ հասնել միզարտադրության կարգավորման, դրանից հետո փորձեք արդյունքը պահպանել արդեն առանց մեղր օգտագործելու: Որոշ ժամանակ անց արդեն կհասկանաք, թե երբ է երեխան միզելու պահանջ ունենում:

Աղբյուրը` Ankakh.com

Գովազդ