Ինչպես առաջնեկին նախապատրաստել ընտանիքում երկրորդ երեխայի ծննդին. 7 խորհուրդ հոգեբանից

Երկրորդ երեխայի ծնունդն  ընտանիքում կարևոր իրադարձություն է, բայց հիշեք, որ նրան սպասում եք ոչ միայն դուք` ծնողներդ, այլ նաև ձեր առաջնեկը:

Ընտանիքում երկրորդ երեխայի ի հայտ գալը հաճախ հոգեբանորեն դժվար է լինում ավագ երեխայի համար:  Ընդամենը վերջերս դուք ունեիք մեկ երեխա, և ողջ խնամքը բաժին էր հասնում միայն նրան, բայց ահա հայտվում է երկար սպասված երկրորդ երեխան, և անհրաժեշտ է բաժանել ուշադրությունն ու ժամանակը երկու երեխաների միջև:

Հայտնի հոգեբան Ա. Ադլերը առաջնեկի դիրքը երկրորդ երեխայի ծնվելուց հետո նկարագրում է  իբրև «գահից զրկվածի»  և ընդգծում, որ նման փորձը կարող է շատ տրավմատիկ լինել նրա համար: Սակայն շատ ու շատ դժվարություններից կարելի է խուսափել, եթե ճիշտ նախապատրաստեք երեխային փոքրիկ եղբոր կամ քրոջ հայտնվելուն:

Ահա մի քանի խորհուրդ.

  • Ամենից առաջ, ավագ երեխային, որքան էլ նա փոքր լինի, անհրաժեշտ է նախապատրաստել եղբոր կամ քրոջ ծնվելուն: Դա պետք է անել նախապես, որպեսզի նա ժամանակ ունենա կողմնորոշվելու իր զգացմունքներում, նախապատրաստվի իր նոր կարգավիճակին: Հարկավոր է երեխային պատմել մայրիկի օրգանիզմում տեղի ունեցող փոփոխությունների մասին` իրեն մատչելի  ձևով:
  • Ժամանակ հատկացրեք, որպեսզի զրուցեք երեխայի հետ նրա ապագա քույրիկի կամ եղբոր մասին:  Ձեր առաջնեկին ասեք, որ ընտանիքում փոքրիկի հայտվելով նրա կյանքը կփոխվի միայն դեպի դրականը: Բացատրեք, որ դա հրաշալի ժամանակ է լինելու, և որ ինքը հարազատ եղբայր կամ քույր է ունենալու, ում հետ կխաղա կամ ժամանակ կանցկացնի: Երեխային ասեք, որ ձեր երկրորդ երեխայի բախտը բերել է, որ նա ավագ եղբայր կամ քույրիկ ունի:
  • Ավագ երեխան արդեն ունի իր կյանքը, իր հետաքրքրություններն ու հակումները: Պետք չէ նրան փաթաթել խոսակցություններ այն մասին, ինչը տվյալ պահին նրան հետաքրքիր չէ, նույնիսկ եթե դա նրա ապագա խաղընկերոջ մասին է:
  • Փորձեք այնպես անել, որ նորածնի ծնվելուն զուգահեռ ձեր առաջնեկի կյանքում այլ կտրուկ փոփոխություններ չլինեն: Լրացուցիչ ծանրաբեռնվածությունը կարող է բարդացնել իրավիճակը, այդ իսկ պատճառով հարկավոր է ամեն ինչ անել նախապես, կամ չշտապել:
  • Երկրորդ երեխայի ծնվելու հետ մի համատեղեք փոքրիկին մանկապարտեզ ուղարկելը, դայակի կամ տատիկի խնամքին հանձնելը: Իսկ եթե դա անխուսափելի է, ապա մի քանի ամիս շուտ արեք: Օրինակ, եթե նրան մանկապարտեզ ուղարկեք նորածնի հայտնվելուց հետո, նա կատի մանկապարտեզը, համարելով, որ այդպիսով պարզապես ազատվեցիք իրենից: Բայց եթե նախօրոք ընտելանա ու սիրի մանկապարտեզը, ապա ընտանիքում տեղի ունեցածը քիչ կանհանգստացնի նրան:
  • Սկսեք մտածել  այն մասին, թե ինչպես ձեր առաջնեկին ներգրավեք փոքրիկ քրոջ կամ եղբոր խնամքի գործում: Պատմեք նրան, թե ինչպես պետք է հոգ տանի փոքրիկի մասին, երբեմն խնդրեք օգնել ձեզ այս կամ այն հարցում:
  • Եվ որպեսզի երեխային հետաքրքիր լինի սպասել ապագա փոքրիկի ծնվելուն,  նրան ևս ներգրավեք համատեղ նախապատրաստական աշխատանքներում. հարցրեք ձեր առաջնեկին, թե ինչպես կուզենար անվանել իր եղբորը կամ քրոջը, ձեզ հետ տարեք խանութներ ապագա փոքրիկի համար գնումներ կատարելու և այլն:

 

Նյութն «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների համար ներկայացրեց հոգեբան-մանկավարժ Մարիամ Սահակյանը