Միջոցներ վարակների դեմ

Խնդիրներ

Ծնողի համար ավելի դժվար ու ծանր բան չկա, քան այն, երբ երեխան հիվանդանում է: Փոքրիկների իմունիտետն այնքան էլ կայուն չէ, այդ պատճառով երեխան սպունգի նման իրեն է ձգում վարակները, հատկապես երբ մանկապարտեզ է գնում: Ու երբ երեխայի մոտ արդեն վարակի նշաններ կան, ուրեմն պետք է գործի անցնել, սկսել բուժումը, որ հիվանդությունը չխորանա: Սակայն տնական պայմաններն արդյունավետ կիրառելու համար նախևառաջ հարկ է բժշկի հետ խորհրդակցել:

 Խոսքն ամենևին էլ հակավարակիչ դեղամիջոցների գործածության մասին չէ: Չմոռանանք, որ այդ միջոցները սպասված արդյունք են ապահովում, սակայն դրանից տուժում են երեխայի ստամոքսն ու աղիքները:

Իսկ ժողովրդական միջոցներն ավելի մեղմ ու խնայող ազդեցությամբ են բուժում.դա է պետք փոքրիկ, կազմավորվող օրգանիզմին, դրանցով կարելի է ցանկալի բուժման հասնել՝ առանց վտանգելու նրա պաշտպանական ֆունկցիաները: Ու չմոռանանք, որ ժողովրդական միջոցները գրեթե հակացուցումներ չունեն: Եվ այդուհանդերձ, հարկավոր է բուժումը սկսել բժշկի հետ խորհրդակցելուց հետո:

 Առաջինը, որ պետք է անել, երեխային առատ հեղուկ տալն է, որ փոքրիկի օրգանիզմը չջրազրկվի: Դրա համար պետք է թեյ, կոմպոտ, մեղրով կիտրոնահյութ, մասրահյութ տալ: Եթե վարակիչ հիվանդությունն ուղեկցվում է նաև ստամոքս-աղիքային տրակտի խանգարումներով, ապա երեխային բրնձաջուր կարելի է տալ, որը կլրացնի հանքային աղերի ու հեղուկի պակասը, կբարելավի արյան շրջանառությունը: Կարելի է մանանեխով թրջոցներ դնել երեխայի ոտքերին. դա լավ տաքացնող ազդեցություն ունի, կամ կարելի է ոտքերը դնել տաք, մանանեխի լուծույթով ջրի մեջ:

Եթե երեխան ախորժակ չունի, ապա չպետք է նրան ստիպողաբար կերակրել ու դրանով թուլացած օրգանիզմի համար ծանրաբեռնվածություն ստեղծել: Կօգնեն մածունը, յոգուրտը, կեֆիրը, իսկ կրծքի երեխային կբավարարի մայրական կաթը:

Ջերմությունն իջեցնելու համար

Բարձր ջերմությունը վարակիչ հիվանդությունների պարագայում նորմալ է, այն պետք է իջեցնել, եթե ջերմաչափի նիշը բարձր է 380-ից: Այդ դեպքում հարկ կլինի բժշկի խորհրդով ջերմիջեցնողներ կիրառել:

Եթե երեխայի կոկորդն է ցավում կլման ժամանակ, ապա կօգնեն ողողումները, եթե իհարկե փոքրիկը կարողանա ինքնուրույն անել դա: Արդյունավետ հակավարակիչ միջոց է բնական մեղրը կիտրոնի հետ, կամ կարելի է երիցուկի թեյի մեջ խառնել մի քիչ մեղր ու կիտրոնահյութ: Փոքրիկին վարակիչ հիվանդություններից կարելի է բուժել գոլ ջրի մեջ հալվեի հյութով լվացումներով (քթի խոռոչը):

Հազի դեմ կարելի է կիրառել սև բողկի հյութը: Կամ բողկը կարելի է դնել ջեռոցը մի 2 ժամով, ապա հանելուց հետո առատ շաքարավազ ցանել վրան, ստացված հյութը լցնել մուգ գույնի տարայի մեջ, ընդունել օրական 3-4 անգամ՝ 2 թեյի գդալից: Կամ էլ մեզ լավ հայտնի տարբերակը. բողկի մեջ գդալով փոսիկ բացել ու մեկ դեսերտի գդալ մեղր լցնել դրա մեջ, թողնել 3 ժամ, փաթաթել թղթով: Գոյացած հյութը տալ փոքրիկին 10 րոպե առաջ մինչև սնունդ ընդունելը ու քնելուց առաջ:

Լավ արդյունք ստանալու համար պետք է սենյակը հաճախակի օդափոխել: Սենյակում կարելի է ճզմած սխտորով կամ սոխով աման դնել: Պետք է կոփել երեխայի իմունիտետը . դրան կօգնի այս համեղ դեղը. աղալ 1 կիտրոնը, ավելացնել 200 գ մեղր, հունական ընկույզ, չամիչ ու ծիրանաչիր (100-ական գրամ): Ընդունել օրական 3-4 անգամ, մի քանի գդալ: Պետք չէ խուճապահար լինել, երբ երեխան հիվանդացել է. ավելի լավ է սթափ ու կազմակերպված, մասնագետի հետ համագործակցելով ու նրա խորհուրդներով փորձել թեթևացնել երեխայի վիճակը:

Աղբյուրը`Ankakh.com

 

 

Գովազդ