Անտեսել կամակորությունը չի նշանակում երեխային սենյակում թողնել միայնակ և պատժել կամակոր վարքի համար. հոգեբան

Խնդիրներ

Ներկայացնում է «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի տնօրեն, հոգեբան Անուշ Ալեքսանյանը:

Եթե երեխան խանութում կամ տանը պառկում է հատակին ու լացով, հիստերիայով, ձայնը փոխելով, ցուցադրական վարքով և այլ միջոցներով փորձում է ստանալ արգելված կամ այդ պահին անցանկալի մի բան, ծնողներն սկսում են ելքեր փնտրել: Հոգեբաններն ասում են՝ անտեսեք կամակորությունը և այն կվերանա: Ծնողներից շատերը դա ընկալում են այսպես. անտեսեք երեխային և կամակորությունը կանցնի: Տեղի է ունենում ճիշտ հակառակը՝ կամակորությունն ավելի է խորանում: Անտեսել կամակորությունը նշանակում է շարունակել սիրել երեխային, պահպանել նույն վերաբերմունքն ու հոգատարությունը՝ անտեսելով նրա կամակոր վարքը: Անտեսել կամակորությունը չի նշանակում երեխային սենյակում թողնել միայնակ և պատժել կամակոր վարքի համար: Կամակորությունն անտեսել նշանակում է չկատարել պահանջը՝ շարունակելով սիրել:

Բնականաբար, երեխայի տարած ֆիզիկական կամ հոգեբանական սթրեսների հետևանքով վարքը փոխվում է դեպի վատը: Երեխան կարող է դառնալ անկառավարելի, կամակոր և դժվար դաստիարակվող: Բայց ցանկացած դեպքում, եթե երեխան նման միջոցներով ինչ-որ բան է ուզում, փորձում է պարտադրել, որ իր ուզածը կատարվի, պետք է անտեսել կամակորությունը՝ հետևելով մի քանի խորհուրդների.

 1. Պահպանել հանգստություն և ջերմ ձայնի ինտոնացիան

 2. Երեխայի հետ խոսել հանգիստ և առանց զայրույթի

 3. Կարճ և առանց ավելորդ հուզականության ասել, որ այն ինչն ինքն ուզում է, չի կարող լինել, այս կամ այն պատճառով և վերջ: Կարիք չկա շատ երկար բացատրությունների, եթե հատկապես նախորդ անգամ նույն բանը բացատրել եք, կամ վստահ եք, որ երեխան գիտի, թե ինչի համար չի կարելի տվյալ բանն անել, կամ երեխան չի կարող հասկանալ թե ինչու չի կարելի տվյալ բանը:

4. Թողնել այդ լացի ու հիստերիայի իրավիճակն ու շարունակել զբաղվել սովորական գործերով՝ պահպանելով երեխայի նկատմամբ ջերմ ինտոնացիան:

 5. Փորձեք բացառել ընտանիքի անդամները միջամտությունը: Եթե չեք կարող բացառել դա, ինձ մի հարցրեք, թե ինչ անել, որովհետև ես չգիտեմ ինչպես փոխել ձեր տան բոլոր մեծերին և նրանց վերաբերմունքը ձեր նկատմամբ: Դա մի քիչ ավելի բարդ հարց է և չի կարող լուծվել սոցցանցում:

6. Շարունակեք խոսել մյուս սենյակից երեխայի հետ այնպես, կարծես՝ ոչինչ չի եղել: Սա է նշանակում անտեսել երեխայի կամակորությունը: Օրինակ՝ կարելի է գնալ խոհանոց և ասել, որ ճաշը պատրաստելիս ունեք իր օգնության կարիքը, ու կսպասեք իրեն մինչև  հանգստանա և մոտենա: Ընթացքում կարելի է խոսել ինչ-որ բաների մասին, որոնք ոչ մի կապ չունեն հիստերիայի ու վարքի տվյալ դրսևորման հետ:

7. Մի վախեցեք, որ երեխան իրեն կվնասի: Եթե երեխան լուրջ զարգացման խնդիրներ չունի, ապա իրեն չի վնասի:

8. Եթե չեք ուզում, որ ներկայացումը շարունակվի, դադարեք դրա հանդիսատեսը լինել:

9. Երբ երեխան դադարի լաց լինել, սիրեք նրան ու մոռացեք այդ դեպքի մասին: Բացարձակ մի հիշատակեք, մի նախատեք, մի ասեք՝ մյուս անգամ չանես նման բան:

10. Անտեսել կամակորությունն ու համառությունը նշանակում է դա չնկատել և վերաբերվել երեխային այնպես, կարծես՝ ոչ մի հիստերիա ու կամակորություն էլ չեն եղել:

 

 

Գովազդ