«Ցավում եմ նման բան ասելու համար, բայց երեխաների մեծ մասը վախենում է ծնողներից». հոգեբանը՝ մանկական վախերի մասին

Խնդիրներ

Ներկայացնում է «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի տնօրեն, հոգեբան Անուշ Ալեքսանյանը:

Երեխաների վախերն ունենում են տարբեր պատճառներ՝ արդեն պատահած դեպք, ծնողների վախեր, ներշնչած վախեր, մուլտֆիլմից կամ մեկ այլ վայրից որևէ ինֆորմացիա, որը կարող է վախեցնող լինել և այլն: Սակայն կա տարիք, երբ վախը մթությունից նորմալ է: Դա 3-5 տարեկանն է: Այդ տարիքում բուռն կերպով զարգանում է  երեխայի երևակայությունը և ցանկացած իրադրություն, որը թույլ է տալիս երևակայել, վախի համար արդեն լավ հող է դառնում:

Ի՞նչ է պետք անել. նախևառաջ պետք չէ սուր արձագանքել, շատ բացատրել, շատ խոսել այդ մասին, դրանք ավելի շատ երեխային կենտրոնացնում են իր վախի վրա և ստիպում հասկանալ, որ նա կարող է այդ վախով կառավարել շրջապատի վարքը: Պետք է հանգիստ ու վստահ լինել, սեփական վարքով ցույց տալ երեխային, որ վախեցնող որևէ բան չկա, ապահովություն ներշնչել երեխային, ասել, որ ամեն ինչ կարգին է, որ դուք իր կողքին եք:

Պետք է թույլ տալ, որ երեխան խոսի իր վախի մասին՝ առանց քննադատվելու: Ի՞նչ է նշանակում քննադատվել: Սովորաբար ծնողները երեխայի վախի մասին լսելիս սկսում են անմիջապես համոզել նրան, որ վախենալու պատճառ չկա, դրանով իսկ երեխային ստիպում են մտածել, որ իրենք նրան չեն հասկանում: Պետք է լսել երեխային, առանց քննադատելու ու նրա խոսքում սխալներ գտնելու: Երբ երեխան ասում է, որ դևեր կան սենյակում, ու մենք ասում ենք. «չէ բալես, ոչ մի դև չկա սենյակում», դրանով փակում ենք թեման:

Պետք է խոսել երեխայի վախի մասին: Հարցնել՝ ի՞նչ տեսակ դև է, ի՞նչ կանի քեզ, իսկ ի՞նչ կարող ենք մտածել այդ դևին հաղթելու համար, իսկ ո՞վ մեզ կպաշտպանի այդ դևից, իսկ ինչու՞ է ինքն ուզում մեզ ուտել, իսկ ի՞նչ գույն ունի այն, ի՞նչ տեսք ունի, արի իրեն նկարենք և այլնՍրանք հարցեր են, որոնք վստահություն են ներշնչում երեխային, չեն ստիպում մտածել, որ ինքը փոքրիկ է և ոչինչ չի հասկանում: Այսպիսի զրույցներից հետո, սովորաբար երեխաներն աստիճանաբար դադարում են վախենալ և սկսում են ավելի շատ վստահել իրենց սեփական ռեսուրսներին:

Կարճ ասած՝ ինչ անել.

1. Չվախենալ երեխայի վախից: Համարել վախերը նորմալ և բնականոն զարգացման ընթացք և սեփական վարքով վստահություն ներշնչել երեխային, ցույց տալ, որ դա նորմալ, բնական բան է և կանցնի

2. Օգնել երեխային այնքան ժամանակ, քանի դեռ վախը կա

3. Երեխայի վախի նկատմամբ տագնապ և անհանգստություն ցույց չտալ

4. Չբարկանալ և չպատժել երեխային վախի համար (մի զարմացեք, նման դեպքեր էլ են լինում)

5. Վերանայեք սեփական վարքը, գտեք տագնապ ու վախ առաջացնող ձեր գործողությունները

Ցավում եմ նման բան ասելու համար, բայց երեխաների մեծ մասը վախենում է ծնողներից, և վախերի գրեթե բոլոր տեսակները ձևափոխված վախեր են՝ իրենց շրջապատող մեծահասակների նկատմամբ:

 

 

Գովազդ