«Չի կարող երեխան մեծանալ առանց սահմանափակումների». հոգեբանը՝ «չի կարելի»-ների մասին  

Խնդիրներ

Ներկայացնում է «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի տնօրեն, հոգեբան Անուշ Ալեքսանյանը:

Կան գաղափարներ, որոնք անվերապահորեն ընդունվում են կամ արագ տարածվում և դառնում ճնշող կարծրատիպեր: Այդպիսի գաղափարներից մեկը «չի կարելի» չասելն է: Երբեմն դա այնպիսի աստիճանի է հասնում, որ մարդիկ վախենում են այդ արտահայտությունը երեխային ասել: Ոմանք էլ հպարտանում են, որ երբեք չեն ասել երեխային դա: Ներկայում ծնողներին կարելի է բաժանել 2 խմբի՝ «չի կարելի» արտահայտությունից վախեցողների և դա չարաշահողների: Կարծում եմ՝ երկու խումբն էլ մորոլվում է:

Բացատրեմ՝ ինչու եմ այդպես մտածում: Մեր կյանքն ունի բազմաթիվ սահմանափակումներ՝ սկսած դրա տևողությունից ու վերջացրած ուրիշների իրավունքներով, որոնց հասնելիս մենք հասկանում ենք մեր իրավունքների սահմանները: Այսինքն՝ մեր կյանքը թույլ է տալիս մեզ ազատ լինել որոշակի սահմաններում: Եթե երեխային դաստիարակելու նպատակը նրան կյանքին պատրաստելն է, ապա այնտեղ չեն կարող չլինել սահմանափակումներ: Չի կարող երեխան մեծանալ առանց սահմանափակումների: Պարզապես հարց է ծագում, թե ինչպիսին պիտի լինեն խելամիտ սահմանափակումները: Բացի դա, հարց է ծագում, թե երբ կարող է երեխան խոսքով հասկանալ այդ սահմանափակումը և երբ պետք չէ նրան որևէ բան բացատրել, այլ  պարզապես ապահովագրել տարբեր վտանգներից:

Այն պահից սկսած, երբ երեխան հասկանում է մեր խոսքը, նույնիսկ նախքան այդ, երեխան մեր դեմքի արտահայտությունից հասկանում է, որ իր վարքը ցանկալի է կամ անցանկալի:

Այն ծնողներն, ովքեր կարծում են, որ երեխային «չի կարելի» ասել՝ «պետք չէ», նրանք վախենում են, որ երեխան կկաշկանդվի: Կարծում եմ՝ դա թյուր պատկերացում է, քանի որ «չի կարելի» բառն ինքնին չի կաշկանդում, կաշկանդում է դրա անտեղի կիրառումն ու դրա հուզական երանգավորումը: Եթե մենք ասում ենք «չի կարելի», երբ երեխան սեղանից միրգ է վերցնում առանց թույլտվության, իհարկե, երեխան կկաշկանդվի, որովհետև մենք սահմանափակում ենք իր բնական ակտիվությունն ու պարզագույն պահանջմունքների բավարարումը: Բայց երբ մենք երեխային ասում ենք «չի կարելի», երբ նա հարվածում է կամ ավազ է լցնում խաղընկերոջ դեմքին, կարծում եմ՝ կաշկանդվելու խնդիր չկա, դա պարզապես վարվելակերպի կանոն է, որը մենք սովորեցնում ենք երեխային: Նույն կերպ, եթե մենք ասում ենք «չի կարելի»-ն այնպիսի ինտոնացիայով, որ թվում է, թե երկինքը փուլ եկավ մեր գլխին, բնականաբար, դա երեխային ոչ միայն կկաշկանդի, այլև վախեր ու տագնապ կարող է առաջացնել նրա մոտ:

Ի վերջո, խնդիրը բառի մեջ չէ, խնդիրը կիրառման տեղի ու չափի մեջ է:

Որքան երեխան փոքր է, այնքան ավելի շատ մենք պետք է նրան հնարավորություններ տանք՝ աշխարհն ուսումնասիրելու: Սակայն եթե նա ուզում է խտացրած կաթը լղոզել բազմոցին, ինձ համար բոլոր կանոնները վերանում են, և ես վստահաբար ասում եմ՝ «չի կարելի»: Երեխային մանկուց կարող ենք ցույց տալ տարբեր առարկաների և նյութերի ճիշտ կիրառությունը, ներկերով թղթի վրա նկարելու և ուտելիքը խոհանոցում օգտագործելու առավեությունները: Չեմ կարծում, որ Վան Գոգը դարձավ հանճարեղ նկարիչ, որովհետև նկարում էր իրենց տան պատերին և հարևանների տանը նույնպես: Դա այդպես չէ:

Գովազդ