Հայրը լողացնում է 7 տարեկան աղջկան. ճի՞շտ է սա, թե՞ ոչ. պարզաբանում է հոգեբանը

Խնդիրներ

Ներկայացնում է «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի տնօրեն, հոգեբան Անուշ Ալեքսանյանը:

Մեկ անգամ բուռն քննարկում տեսա այս թեմայով: Կարծում եմ՝ պատկերացնում եք, թե ինչպիսի տեսակետներ էին հնչում՝ սեռական շեղումներ, անթույլատրելի է, ինչպե՞ս կարելի է, ի՞նչ կլինի հետո այդ աղջկա վիճակը, հոր մոտ ցանկություններ կառաջանան և այլն:

Որպես լիիրավ ծնող՝ հոր նկատմամբ ծայրաստիճան խտրական վերաբերմունք է: Պատկերացրեք, որ նույն բանը գրված լիներ մոր մասին, որը լողացնում է 7 տարեկան տղային: Շատ ճիշտ եք՝ մենք բոլորս կասենք՝ «էլ ո՞վ պիտի լողացներ...»: Բայց հոր դեպքում, առանց երկար մտածելու և խորանալու, ամեն տեսակ սարսափելի բաներ ենք պատկերացնում և համարում ենք անթույլատրելի: Զարմանում եմ՝ ինչպե՞ս հայրերը և տղամարդիկ չեն սրտնեղում իրենց նկատմամբ նման վերաբերմունքից: Ստացվում է, որ հասարակությունը նրանց վտանգավոր է համարում իրենց իսկ երեխաների համար, և դա անում են հենց իրենք՝ մայրերը: Լավ, ինչևէ: Ասեմ՝ ինչ եմ կարծում:

Երկու ծնողներն էլ լիիրավ կարող են իրենց երեխայի խնամքով և դաստիարակությամբ զբաղվել, և դա ոչ մի կերպ չի կարող անդրադառնալ նրանց հոգեկան առողջության վրա բացասական իմաստով, եթե չեն խախտվում բարոյական, էթիկական և այլ սկզբունքներ:

Ինչպե՞ս կարձագանքեք այն հարցին, եթե աղջիկ երեխային մեծացնում է միայնակ հայրը: Բնականաբար, նա պիտի լողացնի, խնամի, նույնիսկ խոսի երեխայի հետ դաշտանային ցիկլի մասին, եթե դրա կարիքը լինի, և որևէ մեկը չի կարող ասել, որ դա սխալ է, կամ դա խանգարում է երեխայի զարգացմանն ու կայացմանը:

Նույնը կարող է լինել նաև միայնակ մոր և տղայի կյանքում: Շատ տղաների մինչև 12 տարեկանը լողացնում է մայրը և դրա մեջ մեր հասարակությունը ոչ մի խնդիր չի տեսնում, բայց հոր և աղջկա այս տեսակ շփման մեջ տեսնում է: Ես իմ մանկության ամենալավ հիշողություններից մեկն եմ համարում, երբ ցուրտ անկողնու մեջ հայրիկս գալիս էր, պառկում էր մեզ հետ, գրկում էր մեզ, իր մարմնով տաքացնում էր անկողինը, մի լավ, համով-հոտով հեքիաթ էր պատմում, ու մենք քնում էինք:

Երեխան կարիք ունի ֆիզիկական շփման և՛ հոր, և՛ մոր հետ: Այդ շփումներն օգնում են նրան լիարժեք զարգանալ և հասունանալ: Այս ամենը նաև անդրադառնում է նրանց սեքսուալ կյանքի վրա:

Իհարկե, եթե երեխան մեծանում է լիարժեք ընտանիքում, ապա տրամաբանական կլինի, որ աղջկա կյանքի ավելի նուրբ թեմաներով զբաղվի մայրը, իսկ տղայի հետ այդ հարցերի շուրջ խոսի հայրը: Բայց այս մոտեցումը միայն մեկ նպատակ ունի. տղամարդիկ ավելի շատ փորձ ունեն տղա լինելու և դրա մասին ավելի շատ բան կարող են պատմել))): Սա, բնականաբար, նրա համար չէ, որ ամոթ է հոր հետ խոսել կամ ամոթ է մոր հետ խոսել: Ոչ մեկն էլ ամոթ չէ. դա ընտանիք է, որտեղ որևէ հարց քննարկելը երբեք ամոթ լինել չի կարող:

 

Եվս մեկ բան, որ կարևոր է այս հարցում: Մանուկ հասակում հոր հետ ջերմ շփված աղջիկ երեխաներն ավելի անկաշկանդ ու ներդաշնակ են լինում իրենց սեքսուալ կյանքում: Նույնը վերաբերում է նաև տղաներին:

Գովազդ