Տանը երեխան շատ ակտիվ է, դրսում՝ ոչ. ի՞նչն է պատճառը. պարզաբանում է հոգեբանը  

Խնդիրներ

Ներկայացնում է «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի տնօրեն, հոգեբան Անուշ Ալեքսանյանը:

Սրա պատճառը սովորաբար ծնողների պահանջկոտությունն է, այսինքն՝ բծախնդիր ճշտապահությունը: Եթե մենք երեխային շատ չենք քննադատում, շատ չենք ասում՝ ճիշտը որն է, նա դրսում իրեն ավելի վստահ է զգում: Եթե մենք երեխային շատ ենք սովորեցնում ճիշտ պահվածք, նա ինքնաբերաբար գալիս է այն մտքին, որ դրսում ուրիշները ևս կարող են իրեն դիտողություն անել և նախատել: Այս դեպքում նա սկսում է կաշկանդվել օտարներից:

Երեխայի վարքը դրսում, ցույց է տալիս՝ ինչպես ենք մենք վերաբերվում նրան տանը: Դրանով կարելի է կողմնորոշվել: Շատ ծնողներ չեն նկատում իրենց վերաբերմունքի չափն ու դրա ազդեցությունը երեխայի վրա: Երբեմն ծնողներից մեկն ասում է, որ ինքը շատ դիտողությւոններ չի անում երեխային, բայց երբ տանը մի քանի մեծահասակ կա, և նրանցից յուրաքանչյուրը երեխային մեկից երկու անգամ դիտողություն է անում, ապա պարզ է դառնում, որ դիտողությունների ընդհանուր գումարը մեկ օրվա ընթացքում շատ է ստացվում:

Եթե ձեզ դուր չի գալիս երեխայի վարքը դրսում, ապա փորձեք հասկանալ՝ ինչպես եք երեխային վերաբերվում տանը: Շատ դիտողություններ մի արեք, երեխայի սխալներն անընդհատ  ցույց մի տվեք, հաճախակի մի հիշեցրեք ճիշտ վարքի մասին: Փոքրիկ երեխաները գրեթե երբեք սխալ չեն լինում, նրանք միայն արտացոլում են մեծերի վերաբերմունքը: Եթե մի բան ձեզ դուր չի գալիս երեխայի վարքում, ապա սկսեք վերլուծել ինքներդ ձեզ:

Հարգելի՛ ծնողներ, երբ տեսնում եք երեխաի վարքում խնդիրներ, այսինքն՝ խնդիրներ հարաբերությունների մեջ, ապա ուշադիր զննեք ձեր և երեխայի միջև հարաբերությունները: Օրինակ՝ շատ ճշտապահ, կարգապահ, հանգիստ ու օրինավոր մարդկանց երեխաները վախենում են պաշտպանվել, որովհետև նախ՝ վստահ չեն, որ իրենց արարքը կընդունվի մեծերի կողմից, ինչում իրենք իրավացի են (քանի որ նույնիսկ ամենամտահոգ ծնողը, որն ուզում է, որ իր երեխան պաշտպանվել իմանա, չի զլանում նախատել երեխային՝ մի քիչ ակտիվ պաշտպանվելու համար): Բացի այդ, նրանք չգիտեն՝  ինչպես կարձագանքեն դրան տվյալ երեխայի ծնողները, իրավիճակում ներկա մեծերը: Այսինքն՝ շատ հաճախ դա վախ է մեծերից ու վախ է քննադատված և մեղադրված լինելուց: Շատ «ճիշտ» դաստիարակված երեխաները չեն կարողանում հակահարված տալ, որովհետև իրենց շատ են ծանրաբեռնում ճիշտ վարվելու բեռի տակ: Իսկ դիմացինին խփելը, պատասխանելը, կոպտելը չի մտնում այդ «ճիշտ կանոների» մեջ: Եթե դուք թույլ տաք, որ ձեր երեխան սխալվի, անընդհատ չուղղեք նրա սխալները, եթե իդեալականություն չպահանջեք երեխայից, եթե թույլ տաք, որ ձեր երեխան մեկ-մեկ էլ ձեզ պատասխանի ու չպատժվի, նա կհամարձակվի նաև դրսում պաշտպանվել: Երեխան պիտի զգա՝ ճիշտ թե սխալ, ծնողներն իրեն կպաշտպանեն: Համենայն դեպս, բակում երեխան այդպես պետք է զգա:

Կարճ ասած՝ մանրակրկիտ ուսումնասիրեք ձեր ու ձեր երեխայի հարաբերությունների ձևն ու բնույթը: Եթե դուք թույլ եք տալիս, որ երեխան ձեզնից պաշտպանվի, ձեզ էլ երբեմն պատասխանի, ապա նա դրսում ինքնավստահ կլինի:

1. Դադարեք երեխայից կարգապահություն պահանջել

2. Մի՛ ներշնչեք վախ օտար մարդկանց նկատմամբ

3. Դուք ինքներդ դրսում փորձեք առավել ակտիվ և անկաշկանդ լինել

4. Վերանայեք ձեր վարքը, պակասեցրեք քննադատությունն ու դիտողությունները

5. Խրախուսեք ակտիվության նույնիսկ ամենափոքր դրսևորումները բակում, այլ վայրերում:

 

 

Գովազդ