Երբ բաժանվում են ծնողները

Խնդիրներ

Երեխայի համար միշտ էլ սթրես է, երբ ծնողները վիճում են:

Ինչպես ասում են, «բոլոր երջանիկ ընտանիքները նման են միմյանց, իսկ դժբախտ ընտանիքները դժբախտ են յուրովի»: Երբ զույգը շատ է վիճում, ամենաշատը տուժում են երեխաները, քանի որ ապրում են մի ընտանիքում, որտեղ անընդհատ վիրավորանք է հնչում միմյանց հասցեին, միմյանց չեն սիրում, վիճում են, շատ դեպքերում՝ ծեծում: Երբեմն այս ամենից խուսափելու համար ամենաճիշտ որոշումը բաժանումն է: Այս դեպքում ծնողներն առաջին հերթին պետք է մտածեն փոքրիկների մասին, որպեսզի այդ բաժանումը նրա համար շատ ցավոտ չլինի:

Զրույց երեխայի հետ

Մայրիկն ու հայրիկը շատ հանգիստ պետք է զրուցեն երեխայի հետ ու նորմալ և հասկանալի բացատրեն բաժանման պատճառը: Երեխան պետք է հասկանա, որ այդպես ճիշտ է բոլորի համար: Բոլորն էլ կսկսեն հանգիստ ապրել ու չնյարդայնանալ: Այս զրույցը պետք է վարեն մայրիկն ու հայրիկը միասին: Զրույցի ընթացքում ծնողները պետք է շեշտեն, թե որքան կարևոր է փոքրիկի զգացմունքներն իրենց համար, որքան շատ են նրանք մտածում իր մասին: Պետք է փոքրիկին հասկացնել, որ նրան ոչ ոք չի լքելու, պարզապես հիմա մայրիկն ու հայրիկն ապրելու են առանձին: Կարևորը՝ փոքրիկը հասկանա, որ այս իրավիճակը չի խոչընդոտի մայրիկի ու հայրիկի հետ իր շփմանը:

Շատ բան իմանաս՝ շուտ կծերանաս

Պետք է ամեն կերպ բացառել երեխայի ներկայությունը մեծերի խոսակցության, հատկապես ունեցվածքի բաժանման ժամանակ: Որպես կանոն, անչափահաս երեխաները դատարանի որոշմամբ ապրում են մայրիկների հետ, բայց լինում է և հակառակը: Ընդհանրապես բաժանման դեպքում նախկին ամուսինների համատեղ ձեռք բերածը բաժանվում է երկու հավասար մասի: Բայց ոչ միշտ է ամեն ինչ հարթ ընթանում: Լինում են նաև վեճեր, թե ում ինչ է բաժին հասնելու: Այս ամենին ոչ մի կերպ չի կարելի խառնել երեխային:

Այս պարագայում շատերը դիմում են դատարան՝ ապավինելով օրենքի ուժին: Հիշեք՝ ոչ մի պարագայում երեխային մի տարեք դատական նիստերին: Դա կարող է վատ ազդեցություն ունենալ երեխաների նոր-նոր ձևավորվող հոգեբանության վրա:

Կյանքի տարբեր իրավիճակներում ծնողները միշտ պետք է երկուսով լինեն երեխայի կողքին՝ անկախ իրենց հարաբերություններից: Երբեք մի փնովեք  նախկին կնոջը կամ ամուսնուն, հիշեք՝ նա ձեր երեխայի մայրը կամ հայրն է:

 

 

Գովազդ