Ներկայացնում է «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի տնօրեն, հոգեբան Անուշ Ալեքսանյանը:
Պետք է նաև պարզել, թե ինչու են ծնողներն այդքան ցանկանում, որ իրենց բալիկն անպայման պատասխանի իրեն նեղացնողին: Կարծում եմ՝ սա ամենակարևոր հարցն է, որ ծնողները պետք է տան իրենք իրենց: «Ինչու՞ եմ ես այդքան նեղվում, երբ բալիկս պատասխան չի տալիս»: Դա կապված է տվյալ ծնողի մանկության և իր սեփական պաշտպանվածության և անպաշտպան լինելու զգացման հետ: Ծնողներ կան, որ շատ ուրախանում են, երբ իրենց երեխան ուրիշ բալիկներին նեղում կամ ծեծում է: Դա, բնականաբար, ներքին խնդիրների ու հոգեբանական բարդույթների, ինչպես նաև տվյալ հասարակությունում ուժեղ լինելու մասին գոյություն ունեցող կարծրատիպերի պատճառով է: Մեր հասարակությունը հաճախ ուժեղ է համարում ագրեսիվ և բռնացող մարդկանց: Կարճ ասած՝ սա խնդիր է, և պետք է դրան լուրջ վերաբերվել: Քաղաքակիրթ որևէ հասարակությունում երեխային չեն սովորեցնում խփել: Ավելի կարևոր բաներ կան սովորելու:
Այնուամենայնիվ, ի՞նչ է պետք անել, երբ երեխան իրեն չի պաշտպանում, երբ մենք ուզում ենք, որ նա իրեն վստահ զգա նույնիսկ ագրեսիվ երեխաների միջավայրում:
Ի՞նչ պետք է և ի՞նչ պետք չէ անել նման իրավիճակներում:
1. Չի՛ կարելի երեխային նախատել նրա համար, որ չի կարողանում պաշտպանվել: Վատ արարքը կարող է անսպասելի լինել, և երեխան չհասցնի կողմնորոշվել: Բացի այդ, երեխան կարող է պարզապես սովոր չլինել նմանատիպ իրավիճակների: Երեխան պիտի իրեն հասկացված ու սիրված զգա հատկապես այն պահերին, երբ իրեն նեղացնում են:
2. Պետք է բացատրել, որ խփելը, մազերը քաշելն ու հրելը վատ բան են, դա ցավեցնում է մարդուն և այդպես վարվել չի կարելի: Թող իմանա, որ իրեն խփող բալիկը սխալ բան արեց, և դուք դա նկատեցիք:
3. Մի՛ շտապեք անմիջապես ասել երեխային, թե որ վարքն է ավելի ճիշտ: Հավատացեք՝ դուք չգիտեք, թե ինչն է ճիշտ: Դուք չեք կարող կանխատեսել, թե տվյալ իրավիճակում ինչ կլինի և ինչպես դրան կարձագանքեն բոլոր ներկա գտնվողները: Այդ պատճառով պետք է խուսափել կոնկրետ խորհուրդներ տալուց:
4. Շատ կարևոր է ակտիվացնել երեխայի ներքին ռեսուրսները և հարցեր տալ այն մասին, թե ինչ կարող է ինքն անել մյուս անգամ, եթե իրեն ինչ-որ մեկը խփի կամ նեղացնի: Կարելի է հարցնել, թե ինքն ինչ է ուզում անել: Մի երեխա գուցե ասի՝ «կանչենք հայրիկին, որ իրեն ծեծի». դուք այստեղ զրուցելու բան հաստատ կունենաք: Կարող եք երեխային բացատրել, որ հայրիկները ոչ մի բալիկի չեն կարող ծեծել, որ կարելի է խոսել բալիկի մայրիկի կամ հայրիկի հետ: Պետք չէ ուղղակի մերժել երեխային: Մեկը կասի՝ «ես էլ իրեն կխփեմ», մյուսը՝ «չեմ խաղա իր հետ» և այսպես շարունակ: Ցանկացած դեպքում դուք երեխային կհասկանաք ու կունենաք ասելու և զրուցելու բան: Սա կարևոր պահ է արժեքների, ցավի, անարդարության մասին խոսելու համար:
5. Մի՛ անհանգստացեք նման դեպքերում, թողեք, որ երեխան ինքը կողմնորոշվի՝ ինչ անել: Պարզապես զրույցի և քննարկման ժամանակ ձեր բալիկը նախ՝ կիմանա, որ դուք իր կողքին եք ցանկացած իրավիճակում, երկրորդ՝ կհասկանա, որ այդ իրավիճակն աղետալի չէ, կհավատա, որ ինքը կարող է ելքեր գտնել:
6. Կարելի է, ի վերջո, առաջարկել, որ չխաղա այն երեխայի հետ, որը խփում է: Եթե բոլոր բալիկներն այսպես վարվեն, աստիճանաբար խփող բալիկի ծնողները կհասկանան, որ իրենց բալիկի խնդրից միայն իրենց երեխան է տուժում, ու կզբաղվեն դրանով: Բայց եթե սկսեն բոլորը բոլորին խփել, արդյունքում՝ բոլորին օգնություն պետք կլինի:
Խաղաղությունից ավելի լավ բան չկա: Հարձակվում են, բղավում և ճչում միայն թույլ և անվստահ մարդիկ: Կոտրե՛ք կարծրատիպը:
Կարդացեք նաև՝ «Եթե քեզ խփում են, դու էլ խփիր». ճի՞շտ է այս մոտեցումը. պարզաբանում է հոգեբանը. մաս 1