Դեռահասները և ծնողները. ի՞նչ անել և ի՞նչ չանել. պարզաբանում է հոգեբանը

Խնդիրներ

Նյութի առաջին մասը կարդացեք այստեղ:

Ներկայացնում է «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի տնօրեն, հոգեբան Անուշ Ալեքսանյանը:

8. Եթե դեռահասը, ձեր կարծիքով, ընտրել է անհամապատասխան ընկերներ, ապա փորձեք հարգել նրա ընտրությունը. ավելի հաճախ երեխաները հասուն տարիքում նմանվում են իրենց ծնողներին: Տարբեր մարդկանց հետ ընկերություն անելով՝ դեռահասը մարզում է մարդկանց ճանաչելու իր կարողությունը, իրենից տարբեր մարդկանց հետ շփվելու և անհրաժեշտության դեպքում՝ նրանցից զգուշանալու հմտություններ է ձևավորում: Նա հասունանալու և փորձ ձեռք բերելու հնարավորություն չի ունենա, եթե շփվի միայն իրեն նման հասակակիցների հետ: Իսկ եթե կարծում եք, որ խնդիրն իսկապես լուրջ է, ապա հիշե´ք՝արգելքները չեն օգնելու: Այլ ելքեր փնտրեք, խորհրդակցեք մասնագետների հետ, դիմեք փորձառու ծնողներին և այլն:

9. Եթե դեռահասը փակվում է սենյակում կամ բաղնիքում, մի՛ ծաղրեք նրան, մի՛ վախեցրեք, թե հայրիկին կասեք: Հիշեք ձեր մանկությունը: Դեռահասն իրավունք ունի ճանաչելու իր մարմինը: Դա բնական է:

10. Եթե դեռահասի սենյակը կամ իրերը թափթփված են, շատ մի տխրեք. գրեթե բոլոր դեռահասների ծնողներին է զայրացնում այս խնդիրը: Մի ինչ սպասեք. մեծամասամբ դեռահասության տարիքից հետո, նրանք առավել ուշադիր և կոկիկ են դառնում: Ախր, այս ժամանակահատվածում դեռահասներն այնքա՜ն մտահոգություններ ունեն, որ հերթը դրան չի հասնում: Եթե հորդորն ու դիտողությունները չեն օգնում, թույլ տվեք նրան ունենալ իր փոքրիկ, թեկուզև թափթփված անկյունը: Մի´ փչացրեք ձեր հարաբերություններն այդ պատճառով:

11. Եթե դեռահասը սիրահարվել է և պնդում է, որ ամբողջ կյանքում սիրելու է իր ընտրյալին, հարգե՛ք նրա զգաց­մունքները: Իրականում՝ սիրահարվածությունը որ տարիքում էլ լինի, մի տեսակ անհասկանալի ու ծիծաղելի է թվում չսիրա­հարված կամ դրա մասին վաղուց մոռացած մարդու համար: Տպավո­րություն մի ստեղծեք, թե դուք սիրել չգիտեք, չէ՞ որ, դա այդպես չէ: Արդյունքում՝ կարող է խաթարվի ձեր և երեխայի միջև հարաբերություններն ու վստահության մթնոլորտը:

12. Հարգե՛ք դեռահասի գաղտնիքները, մի՛ խոսեք դրանց մասին հարևանների, անգամ տան անդամների հետ:

13. Հարգե՛ք դեռահասի ընտրությունը երաժշտության, հագուստի կամ այլ հարցի վերաբերյալ: Դեռահասների համար էլ մեծահասակների հետաքրքրություններն են խորթ: Դուք չեք զարմանում, չէ՞, որ ձեր ամուսինը ֆուտբոլ կամ մեքենաներ է սիրում, կամ նա չի զարմանում, որ դուք հետաքրքրվում եք հագուստով և խոհանոցով: Նույն կերպ դուք պիտի ընդունեք, որ դեռահասն ունի ձեզ համար խորթ հետաքրքրություններ:

14. Դեռահասին խիստ մտահոգում է իր արտաքին տեսքը: Մի՛ կատակեք նրա արտաքինի վերաբերյալ. հետագա կյանքում երկար ստիպված կլինեք քաղելու ձեր ցանածի պտուղները: Այս տարիքում արվող աննրբանկատ դիտողությունները հիշվում են ամբողջ կյանքում և հետք են թողնում ինքնագնահատականի վրա: Իսկ ցածր ինքնագնահատականով, անվստահ մարդիկ ավելի հաճախ են անհաջողություններ ունենում:

15. Եթե ուզում եք, որ ձեր երեխան կյանքում հաղթող լինի, մի՛ ստիպեք նրան ամեն անգամ պարտվել հայրական տանը՝ նա այդ դերը կստանձնի ամբողջ կյանքի համար:

Անկեղծ լինենք. երեխաներն էլ մեկ-մեկ չափն անցնում են, և դիմանալը դժվար է լինում: Դեռահասներն էլ, ցավոք սրտի, ծնողների մասին են նույն կարծիքի, թե նրանք չափից դուրս խիստ են, չափից դուրս բծախնդիր և պահանջկոտ:

Եվ այսպես, ամեն բան փոխադարձ է այս հարաբերու­թյուններում: Վիճելով, չհանդուրժելով և միմյանցից նեղանալով հանդերձ՝ և´ դեռահասը, և´ ծնողները անչափ սիրում են միմյանց:

 

 

Գովազդ