Ինչպե՞ս օգնել երեխային հաղթահարել դասերը կատարելու դժվարությունները. խորհուրդ է տալիս հոգեբանը

Խնդիրներ

Ներկայացնում է «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի տնօրեն, հոգեբան Անուշ Ալեքսանյանը:

Պարզապես պետք չէ ստեղծել այդ դժվարությունները: Եթե ծնողներն անկեղծ լինեն, կնկատեն, որ երեխայի ուսումնական դժվարությունների հարցում իրենք իրենց դերն ունեցել են: Պետք չէ պահանջել երեխայից ավելին, քան նա կարող է: Պահանջել այն, ինչը երեխան չի կարող անել, առհասարակ պետք չէ: Պետք է սովորեցնել և զարգացնել երեխայի մեջ այդ որակները: Երեխայից պետք է պահանջել ինքնուրույնություն այն հարցերում, որոնց նա արդեն տիրապետում է: Բայց դժվարություններ չունենալու համար պետք է օրվա հստակ ռեժիմ սահմանել: Դասապատրաստման ժամանակ պետք է նստել երեխայի կողքին, սատարել նրան, վստահություն ներշնչել: Չի կարելի կատարել հանձնարարությունները երեխայի փոխարենդրանով անվերադարձ վնասում ենք երեխային: Պետք է պարզապես օգնել` ցույց տալով, որ իր մոտ ամեն բան ստացվում է, որ ամեն ինչ լավ է, որ ինքը կարող է, որ իր արածը ձեզ ուրախացնում է: Սա պիտի լինի ծնողի դերը: Ծնողի հաջորդ դերը պետք է լինի երեխայի օրը ճիշտ կազմակերպելը: Եթե մենք երեխային հնարավոր բոլոր ձևերով ծանրաբեռնում ենք, ուրեմն չպիտի զարմանանք, որ նա չի ցանկանում դասերը կատարել: Երեխան օրվա ընթացքում պիտի առնվազն 2 ժամ ազատ, չպլանավորված ժամանակ ունենա, որը նա կտնօրինի իր ցանկությամբ: Դասապատրաստումը պետք է իրականացվի գրավոր և բանավոր հանձնարարությունների հաջորդական կատարմամբ: Չի՛ կարելի գրավոր հանձնարարություններն իրար հետևից անել, դա սարսափելի դժվար է տարրական դպրոցի երեխայի համար: Այդ տարիքում ձեռքի մկաններն ու ոսկրային համակարգը դեռ ձևավորման փուլում են, և երեխան շատ շուտ հոգնում է գրելուց:

Դասապատրաստումը պետք է արվի բացառապես լավ տրամադրության մթնոլորտում: Չի՛ կարելի ընկնել գնահատականի հետևից և երեխային էլ դարձնել դրա գերին: Այս հարցում մեղքը միանշանակ միայն ծնողներինն է: Գնահատական որսալը կրթություն ստանալ չէ: Կրթություն ստանալը կյանք է, որը մենք պիտի ապրենք հաճույքով: Չի՛ կարելի այն առևտրի վերածել:

Եթե երեխան ունի ուսման որևէ կայուն դժվարություն՝ գրելու, կարդալու, հասկանալու, ընկալելու, հիշելու, ուշադրությունը կենտրոնացնելու, ապա պետք չէ վարանել դիմել մասնագետի: Ուսումնական դժվարությունների մեծ մասը շտկելի է, սակայն ծնողների մեծ մասը դրան լիարժեք ուշադրություն չի դարձնում և շատ ուշ է  դիմում մասնագետի: Մի քանի տարի ուսումնական դժվարությունների ճանապարհով անցնելը կարող է իսպառ վերացնել երեխայի վստահությունն իր ուժերի նկատմամբ: Ինչպես նաև դա բացասաբար է անդրադառնում ծնող-երեխա հարաբերությունների վրա, որտեղ կորչում են վստահությունն ու ընկերությունը: Մեզանից յուրաքանչյուրը գիտի, որ պահանջների ֆոնին հարաբերություններ կառուցել և ընկերություն պահպանել հնարավոր չէ: Ուսումնական դժվարություններ ունեցող երեխաների ճնշող մեծամասանությունն ունի խնդիր ծնողների հետ հարաբերություններում, շատ ցածր ինքնագնահատական, ցածր մոտիվացիա, նախաձեռնողականության պակաս...

Պե՞տք է, արդյոք, ինչ-որ բաներ անել երեխայի փոխարեն:

Իհարկե ոչ: Չնայած, եթե մենք ուզում ենք սովորել ինքներս, ապա կարելի է անել: Բայց եթե ուզում ենք, որ սովորի երեխան, ապա երբեք չենք անի որևէ բան նրա փոխարեն: Կասեմ ավելին՝ եթե մենք երեխայի գնահատականները սիրում ենք ավելի շատ, քան իրեն, ապա կանենք հանձնարարությունները նրա փոխարեն:

 

 

Գովազդ