Ոչ միայն երեխաների կյանքում կան «չի կարելիներ», այլ նաև ծնողների: Եկեք միասին պարզենք՝ երեխաների դաստիարակության հարցում ինչից պետք է խուսափեն ծնողները:
- Ամոթանք մի՛ տվեք երեխային: «Ինչի՞ մասին էիր մտածում, ավելի խելացի բան չէի՞ր կարող ասել». այս արտահայտություններից հետո երեխայի տրամադրության անկումն ապահովված է: Բայց մենք՝ ծնողներս, դա երբեք չենք ցանկանում:
- Չի’ կարելի վախեցնել երեխային: «Եթե սենյակդ չհավաքես, կպատժեմ/կծեծեմ», «Ժամանակին տուն չգաս, կտեսնես՝ ինչ կանեմ հետդ». Այս արտահայտությունները երեխաների մոտ ձևավորում են վախ ծնողների հանդեպ:
- Չի՛ կարելի դրժել խոստումները: Երբ երեխային որևէ բան եք խոստանում, անպայման կատարեք: Հակառակ դեպքում նա այլևս Ձեզ չի հավատա: Իսկ երբ Դուք կխնդրեք նրան խոստանալ որևէ բան, երեխան իր խոստումը հեշտությամբ կդրժի:
- Չափազանց հոգատար մի՛ եղեք: Երեխան կզգա, որ իր յուրաքանչյուր ցանկություն ծնողները կատարում են և կփորձի էլ ավելի պահանջկոտ լինել՝ երբեմն ծնողներին դնելով վատ դրության մեջ: Երեխայի փոխարեն իր գործը մի կատարեք: Հոգատարության հարցում եղեք չափավոր:
- Մի՛ պահանջեք, որ երեխան մշտապես ենթարկվի Ձեզ: Ինքներդ պատկերացրեք. Ձեզ դուր չի գա, որ մշտապես ստիպեն Ձեզ կատարել որևէ բան: Այնպես որ, երեխայի հարցում եղեք մեղմ: Որոշ հարցերում թույլ տվեք նրան ինքնուրույն որոշումներ կայացնել: Դա կօգնի երեխային իր հետագա կյանքում:
- Չի՛ կարելի լինեն անհետևողական: Չի՛ կարելի լավ տրամադրության դեպքում երեխային թույլ տալ այն, ինչ ցանկանում է՝ ժամերով հեռուստացույց դիտել, խաղալ համակարգչով կամ հեռախոսով: «Չի կարելիներ»-ն ու պահանջները հստակ պահեք: Իհարկե, այս ամենը պետք է լինի խելամտության սահմաններում:
- Չի՛ կարելի երեխայից պահանջել ավելին, քան նա կարող է: Պետք չէ չորսամյա երեխայից պահանջել անել 6 տարեկանին հարիր արարքներ: Երեխայի ինքնագնահատականը կարող է ընկնել:
- Չի՛ կարելի ժամերով քարոզ կարդալ: Երեխաները հասկանում են շատ արագ: Հստակ ու պարզ բացատրեք երեխային Ձեր պահանջներն ու սպասեք արդյունքներին:
- Չի՛ կարելի զրկել երեխային լինել երեխա: