Սկոլիոզ. ինչպե՞ս կանխարգելել և բուժել  

Խնդիրներ

Սկոլիոզը առավել հաճախ  առաջանում է մանկական տարիքում:

Բայց այն խորանում ու արտահայտիչ է դառնում ավելի ուշ՝ հիմնականում դեռահասության շրջանում: Այդ իսկ պատճառով երեխաների մոտ ճիշտ ժամանակին կատարված ախտորոշումը շատ կարևոր նշանակություն ունի։

Սկոլիոզը ողնաշարի կողային կորացումն է: Չբուժելու դեպքում այն աստիճանաբար սաստկանում է և պահպանվում ամբողջ կյանքի ընթացքում:

Սկոլիզն առաջացնում է անհամաչափ ծանրաբեռնվածություն կոնքազդրային հոդերի վրա՝  հանգեցնելով դրանց մաշվածությանը: Այս ամենի արդյունքում առաջ են գալիս հենաշարժողական խնդիրներ:

Այս հիվանդությունը նաև առաջացնում է  ներքին օրգաննների՝ հատկապես թոքերի և սրտի գործունեության խանգարումներ:

 Սկոլիոզի նախանշաններն են՝

1.անհավասար ուսեր,

2.թիակներից մեկը ավելի արտահայտիչ է, քան մյուսը,

3.իրանի ասիմետրիա,

4.մի ոտքը ավելի երկար է, քան մյուսը։

Շատ դեպքերում ծնողները հիվանդության նախնական փուլում ինքնուրույն չեն կարողանում ախտորոշել այն: Այս դեպքում նրանց կարող է օգնել մի փոքրիկ թեստ․

Խնդրեք երեխային՝ ձեռքերը ներքև պարզի և առաջ ձգվի, իսկ ինքներդ կանգնեք երեխայի մեջքի հետևում և նայեք նրա մեջքին. եթե կնկատեք ասիմետրիա (օրինակ՝ թիակներից մեկը ավելի բարձր է կամ ցածր), նշանակում է մասնագետին դիմելու անհրաժեշտություն կա։

Սկոլիոզի առաջացման պատճառները

Որքան էլ զարմանալի է, երեխաների մոտ սկոլիոզի առաջացման պատճառը դեռ լիովին  բացահայտված չէ։ Շատ մասնագետներ սկոլիոզի առաջացումը կապում են ժառանգական գործոնի հետ, քանի որ հաճախ սկոլիոզ զարգանում է նույն  ընտանիքի տարբեր անդամների մոտ: Բացի այդ, երեխաների մոտ ողնաշարի ծռության պատճառ կարող են լինել տարբեր հիվանդություններն ու բնածին արատները։

Սկոլիոզի զարգացմանը նպաստող գործոններն են՝

  1. ֆիզիկական (սպորտային) խիստ ծանրաբեռնվածություն, որն առաջացնում է ողնաշարի տարբեր վնասվածքներ,
  2. երեխայի սեռը` աղջիկների մոտ սկոլիոզի զարգացման հավանակությունն ավելի մեծ է, քան տղաների,
  3. ողնաշարը շրջապատող մկանային հյուսվածքների թուլություն,
  4. սթրեսներն ու հորմոնալ խանգարումները, որոնք ազդում են ոսկրերի բնականոն աճի ու զարգացման վրա։

Համապատասխան բուժում չստանալու դեպքում երեխայի մոտ սկոլիոզը կարող է լուրջ բարդությունների առաջացման պատճառ դառնալ՝ խաթարելով սրտային ու  շնչառական համակարգերի գործունեությունը։

Սովորաբար սկոլիոզ ունեցող երեխաները ավելի հաճախ են տառապում քրոնիկ ցավից, քան մյուսները: Սկոլիոզը շատ բացասական ազդեցություն է ունենում երեխայի կամ դեռահասի կեցվածքի, քայլվածքի ու արտաքին տեսքի վրա, ինչն առաջացնում է հոգեբանական լուրջ խնդիրներ, քանի որ երեխաները սկսում են ամաչել ու բարդույթավորվել իրեց արտաքին տեսքից։


Սկոլիոզ
ը առավել հեշտ է կանխարգելել, քան բուժել։

Առաջին իսկ ախտանշանների դեպքում, բժշկի հետ խորհրդակցելուց հետո, անհրաժեշտ է երեխայի համար մշակել ողնաշարի ծանրաբեռնվածությունը թեթևացնող ռեժիմ, վիտամիններով հարուստ սնունդ, հարթ ու չոր անկողին, բավարար քուն,  մաքուր օդ և արևային լոգանքներ, շարժուն խաղեր, առավոտյան մարմնամարզություն։ Դպրոցականներին պետք է սովորեցնել ճիշտ նստել աշակերտական նստարանին, ապահովել ճիշտ լուսավորություն։ Երեխաների մոտ սկոլիոզի առաջին ախտանշանների դեպքում անհրաժեշտ է կատարել իրանի մկաններն ամրացնող, ողնաշարի ճիշտ դիրքը պահպանող վարժություններ, մերսում և այլն: Սա, իհարկե, միայն բժշկի նշանակմամբ։   

Աղբյուրը՝ woman.ru

Գովազդ