Ինչու՞ են երեխաները վախենում շնից, մթությունից, մենակությունից, անիրական երևույթներից:
Որտեղի՞ց են առաջանում մանկական վախերը, ինչպե՞ս օգնել երեխային հաղթահարել վախերը. նմանատիպ հարցեր վաղ թե ուշ ինքն իրեն տալիս է յուրաքանչյուր ծնող, իսկ ամենահնարամիտները հարցերի պատասխանները փնտրում են համացանցում, և հենց ձեզ համար մենք պատրաստել ենք այս հոդվածը:
Մանկական վախերի տեսակները
Հոգեբանները վստահեցնում են, որ մեծահասակների մոտ անտրամաբանական վախերի 95 տոկոսը «ժառանգված» է մանկությունից: Դրանք այն էմոցիաների հետևանք են, որոնք մենք ունեցել ենք 4-6 տարեկանում` այն ժամանակ, երբ երեխայի մոտ ձևավորվում է կենտրոնական նյարդային համակարգը:
Մանկական վախերը կարելի է բաժանել 3 տեսակի՝
- Զրոյական վախեր
- Իրական վախեր (տրամաբանական բացատրություն ունեցող)
- Անտրամաբանական վախեր
Զրոյական վախեր: Սրա մեջ մտնում են ամենապարզ վախերը, որոնք կան և՛ երեխաների, և՛ մեծահասակների, և՛ կենդանիների մոտ: Երբ անսպասելի բարձր ձայն է լինում, մենք վախենում ենք. նմանատիպ վախերն էլ այս խմբում են դասակարգվում: Այս վախերը մարդու մոտ առաջանում են միանգամից ու անսպասելի, և երբ մարդը գտնում է դրա պատճառը, միանգամից ուղեղը հանգստանում է:
Իրական վախեր: Այս խմբում ընդգրկված վախերը ևս չպետք է շատ անհանգստացնեն ծնողներին, քանի որ տրամաբանական վախերը երեխայի մոտ առաջացնում են զգուշավորություն և ինքնապաշտպանական բնազդն են արթնացնում: Օրինակ՝ երեխան վախենում է կրակից, քանի որ մի անգամ վառել է մատիկը: Ինչպես տեսնում եք, վախն ունի տրամաբանական պատճառ:
Անտրամաբանական վախեր: Օրինակ՝ երբ երեխան վախենում է շներից, նույնիսկ շան նկարից, սա արդեն խնդիր է: Վախն առաջանում է այն դեպքում, երբ դրանից առաջ շների հետ կապված ոչ մի պատահար չի եղել, որից երեխան վախեցել է: Նմանատիպ վախերի համար չկան տրամաբանական պատճառներ:
Ծնողները շատ հաճախ երեխաների անտրամաբանական վախերին ծիծաղով են նայում, սակայն սրանք այն վախերն են, որոնց պետք ուշադրություն դարձնել:
Անտրամաբանական վախերի շարքում հաճախ հանդիպող վախերն են.
- Վախ մթությունից
- Վախ մենակությունից
- Վախ շներից
- Վախ անիրական արարածներից
- Վախ փոքրիկ կրծողներից
Ակնհայտ է, որ անտրամաբանական վախերի համար տրամաբանական պատճառ գտնելը գրեթե անհնար է: Երեխաները վախենում են անիրական, մտացածին արարածներից, հետևաբար վախենում են նաև տանը մենակ մնալուց, այն էլ՝ մթության մեջ, իսկ այդ հերոսները կարող են լինել կրծողների տեսքով: Տեսնու՞մ եք՝ ամեն ինչ փոխկապակցված է:
Առաջին՝ նմանատիպ վախերը կարող են ուշադրության, սիրո, հոգատարության պակասի արդյունք լինել: Երկրորդ՝ վախերի մեծ մասի «հեղինակները» ծնողներն են: Մտաբերեք՝ քանի-քանի անգամ եք երեխային վախեցրել չար ոստիկանի, սրսկող բժշկի, մեշոկ պապիկի, օճառ սարքող պապիկի պատմություններով: Բոլոր երեխաներն ունեն վառ երևակայություն, ու Ձեր ցանկացած պատմություն երեխայի ուղեղում տպավորվում է՝ առաջացնելով տարբեր վախեր, որոնց դեմ հետո փորձում եք պայքարել:
Ինչպես օգնել երեխային հաղթահարել վախերը
Ամենակարևորը բանը՝ չարհամարհել երեխայի վախերը:
- Երեխայի հետ մանրամասն խոսեք իր այդ վախի մասին: Կարևոր է, որ այդ զրույցի ընթացքում երկուսդ էլ հանգիստ լինեք: Մթնոլորտը պետք է լինի հանդարտ, կարող եք թեյ խմել, թխվածք ուտել, ընթացքում գրկեք երեխային և մի զայրացեք կամ ծիծաղեք երեխայի պատմածների վրա:
- Երեխային խնդրեք նկարել իր վախը: Եվ մինչ նա նկարում է, շարունակեք խոսել նրա հետ: Հարցեր տվեք՝ ինչու է այդպիսին, ինչու այդ գույնն ունի:
- Անպայման հարցրեք երեխային՝ ինչ է անում իր վախը: Կոնկրետ գործողությունների մասին խոսեք: Թող երեխան պատմի՝ այդ հրեշը ցանկանում է կծե՞լ, ուտե՞լ, թե՞ վնասել իրեն: Դրանից հետո միասին փնտրեք այդ հրեշին այն տեղում, որտեղ երեխան պատկերացնում է նրան: Փորձեք հաղթել այդ հրեշին: Այդ ամենն արեք ծիծաղով:
- Եթե երեխան վախենում է մթությունից, մի ստիպեք նրան մնալ մթության մեջ: Պարզապես նրա կողքին եղեք, քնելիս բարի հեքիաթներ պատմեք:
Այս քայլերի շնորհիվ երեխայի մտացածին վախերը հաղթահարելի կլինեն:
Աղբյուրը՝ woman.ru