Երեխան վախենում է մահից. մի քանի խորհուրդ ծնողներին

Խնդիրներ

Psychology Today պարբերականը հրապարակել է դոկտոր Դոննա Մեթյուի աշխատությունը: Նա 1990 թվականից աշխատում է դպրոցական երեխաների հետ:

Շատ երեխաներ վախենում են մահից: Այս երևույթը կարող է կապ ունենալ մտերիմ մարդու մահվան, սիրելի կենդանու կորստի հետ:

Մասնագիտական տերմինաբանությամբ մահվան վախն անվանում են տանատոֆոբիա, որն ամենատարածված վախերից մեկն է:

Ծնողները կարող են օգնել երեխային ազատվել այս վախից: Ինչպե՞ս:

  1. Երեխայի վախը լուրջ ընդունեք: Խոսեք երեխայի հետ, երբ նա պատմում է իր այս վախի մասին: Թողեք բոլոր զբաղմունքներն ու այդ պահին ժամանակը տրամադրեք երեխային:
  2. Հանգիստ եղեք: Մի՛ անհանգստացեք և խուճապի մատնվեք, երբ երեխան բացում է մահվան մասին թեմա: Դուք պետք է վստահություն ներշնչեք երեխային:
  3. Եղեք բնական: Մի՛ կեղծեք, մի՛ խաբեք երեխային: Ճշմարտությունը մի՛ թաքցրեք երեխայից: Մարդու կյանքի ցիկլը բացատրեք բույսերի, տարվա եղանակների օրինակով: Մի՛ օգտագործեք «հեռացել է մեզանից» արտահայտությունը: Ասեք, որ նա մեզ հետ է, պարզապես այսուհետև նա մեզ համար կլինի անտեսանելի: Մենք միշտ պետք է հիշենք նրան: Նա կլինի մեզ հետ, քանի դեռ մենք կհիշենք նրան:
  4. Եղեք ուրախ: Երեխաները հաճախ վախենում են, որ ծնողները կմահանան և իրենց միայնակ կթողնեն: Երեխային ասեք, որ Դուք պատրաստվում եք երկար ապրել և պատրաստվում եք դեռ տեսնել թոռնիկներին:
  5. Երեխայի հետ հաճախ խոսեք կյանքի մասին: Ասեք, թե որքան լավ պարգև է կյանքը: Միասին զբոսնեք, նայեք թռչուններին ու կենդանիներին, բնության գրկում ժամանակ անցկացրեք ու բացատրեք երեխային, որ պետք է կյանքը վայելել: Երեխան պետք է սովորի արժևորել կյանքն ու գնահատի ամեն դրականը:
  6. Շնորհակալ լինելու օրինակ ծառայեք: Երեխային հաճախ ասեք, որ շնորհակալ եք կյանքից, որ նա՝ փոքրիկը, կա Ձեր կյանքում: Երեխայի ցանկացած լավ արարքի համար շնորհակալ եղեք: Երեխային սովորեցրեք հոգ տանել շրջապատի հանդեպ: Այդպիսով՝ երեխան կշեղվի իր վախից ու կմտածի կյանքի մասին:
  7. Անցկացրեք ամենօրյա քննարկումներ: Ամեն օր՝ քնելուց առաջ, քննարկեք օրվա ընթացքում երեխային անհանգստացրած դեպքերն ու մտքերը: Բացատրություն տվեք այդ մտքերին ու հանգստացրեք երեխային:
  8. Երեխայի համար կարդացեք լավ և ուսուցողական գրքեր: Կարող եք առակներ կարդալ, հեքիաթներ, որտեղ կլինեն լավ ու վատ հերոսներ, որոնց շնորհիվ երեխան կսովորի լինել հոգատար, բարի, կամեցող:
  9. Դիմեք հոգեբանի: Եթե այս ամենից հետո էլ երեխային շատ են անհանգստացնում մահվան մասին վախերը, ապա դիմեք մասնագետի: Այս հարցին պետք է վերաբերել ամենայն լրջությամբ:

Աղբյուրը՝ mama.ru

 

Գովազդ