Գորտնուկներ. տեսակներն ու բուժման եղանակները

Խնդիրներ

Գորտնուկները մաշկի կամ լորձաթաղանթի բարորակ գոյացություններ են։ Դրանք անհարթ, ուռուցիկ հանգույցներ են, որոնք լինում են առանձին կամ կուտակումներով: Տարբերում են սովորական, տափակ, սրածայր ու ներբանային գորտնուկներ:

Հիվանդությունը  փոխանցվում է հիվանդների կամ վարակված զանազան իրերի հետ անմիջական շփման միջոցով։ Գաղտնի շրջանը տևում է մի քանի շաբաթից մինչև 9 ամիս։ 

Գոտնուկներն  առավել հաճախ առաջանում են հենց մանկական կամ պատանեկան տարիքում։

Գորտնուկների տեսակները 

Սովորական գորտնուկներ. 3-10 մմ տրամագծով մոխրագույն կամ մաշկագույն պինդ հանգույցներ են, որոնք առաջանում են մաշկի վերին շերտին։ Ունեն անհարթ մակերես։ Առավել հաճախ առաջանում են  ձեռքերի մակերևույթին՝ հատկապես մատների շրջանում:

Տափակ գորտնուկները (նաև՝ պատանեկան գորտնուկներ). 0.5-3 մմ տրամագծով գոյացություններ են։ Ունեն հարթ մակերես։ Սրանք կլորավուն, մաշկագույն կամ դեղնադարչնագույն են։ Հաճախ առաջանում են դեմքի շրջանում:
 

Սրածայր գորտնուկներ. Սրանք առաջանում են սեռական օրգանների վրա։ Ունեն ծաղկած կաղամբի կամ աքաղաղի կատարի տեսք։ Այս գորտնուկների մակերեսը կամ լինում է հարթ և ունենում է սպիտակ գույն, կամ լինում է էրոզիայի ենթարկված և ունենում է կարմիր գույն (այս դեպքում հեշտությամբ նաև արնահոսում է)։ 

Ներբանային  գորտնուկներ. Այս գորտնուկները սովորաբար առաջանում են կոշիկի հարած հատվածներում: Կոշտուկներ հիշեցնող գորշավուն, ցավոտ գոյացություններ են, որոնք հաճախ դժվարացնում են քայլքը։ 

 

Բժիշկ-դերմատոկոսմետոլոգ Օվսաննա Օհանյանը խորհուրդ է տալիս գորտնուկների առաջացման դեպքում անպայման դիմել բժշկի։

«Քիչ չեն դեպքերը, երբ ինքնաբուժությունը հիվանդին հասցնում է ծանր վիճակի,  ցանկալի է նախօրոք դիմել համապատասխան մասնագետի ու ստանալ ճիշտ բուժում։ Գորտնուկների բուժումը կատարվում է մի քանի եղանակով։ Փոքր, մակերեսային գորտնուկների  դեպքում նշանակվում է դեղորայքային բուժում՝ տարբեր քսուքներ, հաբեր ու թրջոցներ։ Իսկ ավելի բարդ դեպքերում կատարվում է սառեցում կամ լազերի միջոցով հեռացում»։ 

Հիվանդությունից խուսափելու համար բժշկուհին խորհուրդ է տալիս բարձրացնել երեխայի իմունիտետը, հետևել նրա անձնական հիգիենային։

Թույլ մի տվեք, որ երեխան օգտագործի ընտանիքի մյուս անդամների խնամքի միջոցներն ու անձնական իրերը։ Իսկ արդեն գորտնուկների առկայության դեպքում մի պոկեք կամ վնասեք դրանք՝ վիճակը էլ ավելի չսրելու համար։

 

Հեղինակ՝ Արփինե Մուրադյան

Գովազդ