Ի՞նչ է նշիկաբորբը, ինչպե՞ս է առաջանում ու բուժվում այն

Խնդիրներ

Ի՞նչ է նշիկաբորբը, ինչպե՞ս է առաջանում ու բուժվում այն, մանրամասնում է օտորինոլարինգոլոգ (ԼՕՌ) Մարգարիտա Մկրտչյանը։ 

Ի՞նչ է նշիկաբորբը։

-Նշիկաբորբը վարակիչ հիվանդություն է, որի ժամանակ բորբոքվում են ըմպանում տեղակայված երկու նշիկները։

Այս հիվանդության հարուցիչները տարբեր մանրէներն են: Դրանք ըմպանում   հայտնվում են հիմնականում  անգինայով հիվանդ մարդկանց հետ անմիջական շփման կամ ոչ մաքուր մթերքի օգտագործման դեպքում։

Նշիկաբորբը հիմնականում հանդիպում է առավել փոքր տարիքում, քանի որ այս շրջանում երեխաների իմունիտետը դեռ լիարժեք ձևավորված չէ:

Ինչպե՞ս է ընթանում հիվանդությունը։

-Նշիկաբորբի դեպքում կտրուկ բարձրանում է հիվանդի ջերմաստիճանը՝ մինչև 38- 40 °C, կլման պրոցեսի ժամանակ առաջանում է ուժեղ ցավ։ Բորբոքված ավշահանգույցների պատճառով ուռչում է պարանոցը։ Հիվանդության ժամանակ խռպոտում է ձայնը, առաջանում են մկանային սուր ցավեր, մարմնի ընդհանուր թուլություն, բերանի տհաճ հոտ:

Ի՞նչ խնամք է անհրաժեշտ հիվանդին։

-Նշիկաբորբով հիվանդը պետք է լավ սնվի. սննդացանկում ներառեք վիտամիններով ու հանքանյութերով հարուստ մթերքներ, օգտագործեք մեծ քանակությամբ հեղուկ։ Փորձեք խուսափել գրգռող` թթու, կծու, աղի սննդամթերքից, գրիպով ու անգինայով հիվանդների հետ շփումից, ինչպես նաև հաճախակի կատարեք բերանի խոռոչի ողողումներ:

Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ նշիկաբորբը։

-Նշիկաբորբը լուրջ հիվանդություն է, չբուժելու դեպքում այն կարող է երիկամների բորբոքման, հոդերի ախտահարման ու բազմաթիվ այլ հիվանդությունների պատճառ դառնալ։

 

Ի՞նչ եղանակներով է կատարվում բուժումը։

-Բուժումը իրականացվում է դեղորայքային միջոցներով, որը նպաստում է թարախի մաքրմանը, արյան շրջանառության լավացմանը։ Կիրառվում են նաև ֆիզիոթերապևտիկ մեթոդներ, որոնցից է լազերաթերապիան՝ լազերային ալիքների միջոցով չորացվում է նշիկի բուն հյուսվածքը։ Այսօր ընդհանուր կամ մասնակի անզգայացմամբ կատարվում է նաև վիրահատական միջամտություն։

Ինչպե ՞ս կանխարգելել  այս հիվանդությունը։

-Հիվանդությունը կանխարգելելու համար, նախևառաջ,   պետք է կոփել երեխայի օրգանիզմը։ Առողջ ապրելակերպն ու ճիշտ սննդակարգը կնվազեցնեն հիվանդության ռիսկը։

 

 

Գովազդ