Նորաձևությու՞ն, թե՞ անհրաժեշտություն. պե՞տք է փոքրիկին հեռախոս

Խնդիրներ

Մեր օրերում անհնար է կյանքը պատկերացնել առանց բջջային  հեռախոսի:

Սև, փոքրիկ տուփերը դարձել են նույնիսկ երեխաների անբաժան ընկերը: Մասնագետներն, իհարկե, իսպառ չեն արգելում հեռախոսը երեխայի կյանքում, սակայն հորդորում են ծնողներին երեխային հեռախոս տալ ծայրահեղ դեպքերում:

Եթե ուսումնասիրենք գիտնականների բազմաթիվ փորձերն ու դրանց արդյունքները, ապա կհամոզվենք, որ հեռախոսը բացասաբար է ազդում փոքրիկի ուղեղի վրա: Բայց մենք նպատակ չունենք Ձեզ վախեցնելու: Պարզապես եկեք հասկանանք՝ որքանով է վտանգավոր հեռախոսը երեխայի համար: 

Հեռախոսները նախատեսված են ռադիոալիքները որսալու և դրանք միմյանց փոխանցելու համար: Երբ զանգում է հեռախոսը, ռադիոալիքները ուժգնանում են և ազդում նաև մարդու օրգանիզմի վրա: Իսկ այդ ալիքները կարող են ունենալ վտանգավոր հետևանքներ մարդու ուղեղի վրա՝ առաջացնելով մինչև անգամ քաղցկեղ:

Երբևէ զանգող հեռախոսը մոտեցրե՞լ եք հեռուստաէկրանին կամ համակարգչին: Եթե ոչ, ապա փորձեք ու կտեսնեք, որ էկրանի վրա հայտնվում են գծիկներ և լսվում է ձայն: Այս ամենը հենց ռադիոալիքների հետևանքն է:

Խորհուրդ ծնողներին.

  • Որքան հնարավոր է երեխային զերծ պահեք հեռախոսից: Հեռախոսազրույցը պետք է լինի ոչ ավելի, քան 5 րոպե, իսկ զրույցների միջև եղած միջակայքը՝ 20 րոպե:
  • Ցանկալի չէ հեռախոսը մշտապես պահել գրպանում, հատկապես տանը: Աշխատեք հնարավորինս հեռու մնալ և երեխային հեռու պահել հեռախոսից:
  • Խորհուրդ է տրվում զանգի դեպքում օգտագործել բարձրախոս կամ ականջակալ, այդպիսով քիչ կառնչվեք սարքի հետ:
  • Երեխաների համար գնեք հեռախոսների համեմատաբար նոր մոդելներ, քանի որ դրանք ունեն ճառագայթներից պաշտպանող հատկություն:
  • Երեխայի համար գնեք ականջակալներ, որոնց միջոցով նա կկարողանա զանգեր ստանալ և ընդունել:
  • Գիշերը հեռախոսն անջատեք, քանի որ այն կարող է ազդել քնի որակի և տևողության վրա:

Եվ վերջում՝ ե՞րբ է անհրաժեշտ երեխային հեռախոս: Այս հարցի պատասխանը հստակ ասել չենք կարող: Փոխարենը խորհուրդ կտանք չառաջնորդվել նորաձևությամբ: Երեխային հեռախոս տվեք միայն անհրաժեշտության դեպքում:

 

vospitaj.com

Գովազդ