Երեխայի խոսքի զարգացումն ու թերությունները. պարզաբանում է մասնագետը

Խնդիրներ

Երեխայի խոսքի զարգացման, հապաղման ու խոսքային խնդիրների մասին զրուցել ենք լոգոպեդ Քրիստինա Տիգրանյանի հետ:


Երեխայի խոսքի զարգացումը սկսվում է մեկ տարեկանից հետո։ Սկզբում թոթովանքի շրջանն է, հետո  փոքրիկն սկսում է որոշ բառեր արտաբերել։ Երկու տարեկանում  երեխան պետք է ունենա տարիքին համապատասխան  կապակցված խոսք։

  • Եթե երկու տարեկան երեխան կենցաղային իր պահանջները չի կարողանում արտահայտել (օրինակ՝ ջուր տուր), նշանակում է՝ փոքրիկի մոտ կա  խոսքի  թերզարգացում կամ հապաղում։
  • Երեք տարեկանում  երեխան արդեն պիտի կարողանա տարբերակել  կենդանիներին, մրգերը, պիտի կարողանա հաշվել գոնե մինչև հինգը։
  • Չորս տարեկան երեխան պիտի հաշվի մինչև տասը, պիտի տարբերակի ընտանի ու վայրի կենդանիները:

Քրիստինա Տիգրանյանի կարծիքով՝ տարբեր երեխաների մոտ խոսքը տարբեր տեմպերով է զարգանում, բայց այն ավելի արագ զարգացնելու համար կա մեկ միջոց`  փոքրիկի հետ որքան հնարավոր է շատ  խոսել: «Պետք է այնպես անել, որ փոքրիկը միայն լսողի դերում չլինի, երեխան ինքն էլ պետք է մասնակցի զրույցին, շարադրի իր մտքերը,-ասում է մասնագետը,-Հարկ է հիշել, որ երեխաները խոսել սովորում են մեծերին ընդօրինակելով։ Այդ իսկ պատճառով նրա հետ փորձեք  խոսել դանդաղ, հանգիստ ու սիրալիր` հաճախակի տարբեր անուններ արտաբերելով ու դրանք կրկնելով»:

Մասնագետն ասում է, որ քիչ չեն դեպքերը, երբ երեխաների մոտ առաջանում են խոսքի խանգարումներ։ Ըստ լոգոպեդի՝ պատճառները տարբեր են՝ վատ լսողությունից մինչև վախեր ու սթրեսներ։

Խոսքի խանգարումները կարող են ունենալ ինչպես ֆիզիոլոգիական, այնպես էլ հոգեբանական պատճառներ։ Խոսքի մեխանիզմներն ուղղակիորեն կապված են զգացմունքների հետ։ Հուզմունքը, տագնապը, զայրույթը, վախերը մեծ ազդեցություն են ունենում երեխայի խոսքի զարգացման վրա։
Իսկ ֆիզիոլոգիական պատճառներից առավել հաճախ խոսքի խաթարումներ կարող են առաջանալ, եթե.

 Հղիության ընթացքում մայրը ունեցել է խնդիրներ.

Հաճախ բալիկի մոտ խոսքի խանգարումներ առաջանում են  ներարգանդային կյանքում: Ծանր ինֆեկցիաներն ու վիրուսային հիվանդությունները  կարող են խոսքային խնդիրների առաջացման պատճառ դառնալ  հենց սաղմնային զարգացման շրջանում:

Ծննդաբերության ժամանակ առաջացած բարդությունները։

Եթե ծննդաբերության ժամանակ ծննդկանի մոտ առաջանում է  թթվածնային քաղց կամ տրավմաներ են տեղի ունենում, ապա հնարավոր է, որ փոքրիկի մոտ ներուղեղային արյունազեղում տեղի ունենա, ինչն էլ իր հերթին խոսքային խանգարումների պատճառ կդառնա։

Վաղ մանկական տարիքի  հիվանդությունները։

Եթե երեխայի դիմադրողականությունը թույլ է, ու նա հաճախակի է հիվանդանում ինֆեկցիոն և վիրուսային տարբեր հիվանդություններով, հնարավոր է՝ դրանք իրենց ազդեցությունն ունենան  գլխուղեղի գործունեության վրա, այդ թվում՝ նաև այն հատվածի, որը  պատասխանատու է խոսքի համար:

Խոսքային միջավայրի պակաս, ծնողների կողմից անտեսված լինելու հանգամանքը։

Որոշ դեպքերում, երբ ծնողները ուշադրություն չեն դարձնում երեխայի հետ շփմանը և երեխան մեծանում է՝ ունենալով շփման ոչ լիարժեք պայմաններ, նրա մոտ կարող են առաջանալ խոսքային խնդիրներ: Այսպիսի միջավայրում մեծացած փոքրիկները լինում են ինքնամփոփ ու չշփվող։

Ժառանգական գործոնի դերը ևս շատ մեծ է։

Եթե երեխայի ծնողները կամ մոտիկ ազգականները ունեցել են խոսքային խանգարումներ, հավանական է, որ այս խնդիրը փոքրիկի մոտ էլ առաջանա:

 

Խոսքի խանգարումները, ինչպես ասում է մասնագետը, կարող են առաջանալ նաև ավելի ուշ տարիքում։ Հնարավոր է՝ տարբեր պատճառներով երեխայի մոտ զարգանա կակազություն կամ երեխան կորցնի խոսելու ունակությունը։ Բայց մասնագետն այն կարծիքին է, որ հետևողական ու լուրջ աշխատանքի դեպքում այդ  խնդիրները, եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե մասնակիորեն հնարավոր է վերացնել։

 

Հեղինակ՝ Արփի Մուրադյան

Գովազդ