Հոր հետ շփման պակասը երեխայի մոտ կարող է առաջացնել լուրջ խնդիրներ․ հոգեբան

Խնդիրներ

Ծնող-երեխա շփումն անչափ կարևոր է։ Եվ հենց այդ շփման որակից է կախված երեխայի ճիշտ զարգացումը։

Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ, երբ երեխան ունի հոր հետ շփման պակաս։ Այս մասին զրուցել ենք «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան  Անի Ապիտոնյանի հետ։

Առհասարակ, երեխայի դաստիարակության հարցում թե՛ հոր, թե՛ մոր դերը շատ կարևոր է։ Այն երեխաները, որոնք ունենում են հայրերի հետ շփման պակաս, հետագայում բախվում են մի շարք լուրջ խնդիրների։

«Նախ՝ երեխաները կարոտում են իրենց հայրերին,  բացի այդ՝ առաջանում է սեռադերային դաստիարակության խնդիր, այսինքն՝ երեխան ավելի շատ շփվում է մոր հետ, կապվում նրա հետ, այդպիսով՝ հետագայում հասարակության մեջ ունենում է շփման խնդիր»,- ասում է Անի Ապիտոնյանը։

Հոգեբանի խոսքով՝ այն երեխաները, որոնք քիչ են շփվում իրենց հայրերի հետ, ավելի կամակոր, ավելի անինքնավստահ, թուլակամ, հաճախ նաև ագրեսիվ են դառնում։

«Երեխան հոր բացակայության պարագայում իրեն պաշտպանված չի զգում։ Հենց դա է պատճառը, որ այն ընտանիքներում, որտեղ չկա հայր, փորձում ենք փոխարինող կերպար գտնել, օրինակ՝ քեռին կամ պապիկը։ Երեխայի համար  մայրը դուռն է դեպի հուզական դաշտ, իսկ հայրը՝ դեպի աշխարհ։ Հատկապես եթե տղաները  չեն ունենում այդ դուռը դեպի աշխարհ, իրենք կյանքում բախվում են շատ լուրջ խնդիրների։ Պետք է հիշել, որ ինչ խորհուրդ էլ տա մայրը, երբեք չի կարող փոխարինել հայրական խորհրդին»,-ասում է հոգեբանը։ 

Անի Ապիտոնյանը նշում է նաև, որ հայրերի հետ քիչ շփվող երեխաների մոտ հնարավոր է՝ վախ առաջանա հոր նկատմամբ։

«Եթե հայրը միշտ հոգնած, խոժոռ դեմքով  է մտնում տուն, հաց է ուտում ու գնում քնելու՝ առանց երեխայի հետ շփվելու, այս պարագայում երեխան սկսում է վախենալ հորից»,-ասում է Անին։

Նման խնդիրներից խուսափելու համար հոգեբանը խորհուրդ է տալիս օրվա մեջ թեկուզ 10 րոպե շփվել երեխայի հետ։

«Շփման տևողությունը էական չէ, կարևոր է, որ այն լինի որակյալ։ Փորձեք երեխայի հետ  շփվել ջերմ, գգվանքով, առանց քննադատությունների։ Հիշեք, որ երեխայի կյանքում՝ հատկապես դեռահասության շրջանում, շատ կարևոր է, որ հայրը լինի ուղղորդող կերպար»։

 

Հեղինակ՝ Արփի Մուրադյան

 

Գովազդ