Ի՞նչ անել, որ երեխան չհետաքրքրվի «Մոմո» և նմանատիպ այլ հերոսներ ունեցող խաղերով ու մուլտերով

Խնդիրներ

Ներկայացնում է «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Անի Ապիտոնյանը։

Առհասարակ, ծնողները երեխաներին պետք է տան ընդհանուր տեղեկություն համացանցից, սոցիալական կայքերից օգտվելու վերաբերյալ։ Երեխային մենք ինքներս պետք է ասենք, պատմենք, որ կան խաղեր, որոնք հատուկ հորինվում են մարդկանց հետաքրքրելու ու դրանով գումար վաստակելու համար։ Մինչև երեխային համացանցի հնարավորություն տալն ու սոցկայքերում հաշիվ բացելը, բացատրեք, որ հնարավոր է՝ քեզ գա նմանատիպ հաղորդագրություն։ Դրանք շատ վտանգավոր են, խնդրում եմ՝ այդ դեպքում անմիջապես ինձ ասես, որ ես կարողանամ քեզ պաշտպանել։ Կամ ասեք՝ «սոցկայքերի միջոցով ինչ-որ մեկը կարող է քեզ սուտ և տհաճ բաներ գրել՝ քեզ վնասելու նպատակով։ Մի՛ արձագանքիր և անմիջապես ինձ ասա»։

Այսինքն՝ եթե մենք այդ վախեցնող խաղերն այդ տեսակետից ներկայացնենք երեխային, ապա նա այլևս պատասխաններ չի փնտրի այլ տեղերում և չի փորձի սեփական փորձով իմանալ՝ դա ինչ է։

Ծնողները պարբերաբար պետք է հետևեն, թե ինչ խաղեր են խաղում երեխաները, բայց ոչ թե քննադատորեն մոտենան այդ խաղերին, այլ խորամանկորեն, օրինակ, ասեն՝ արի միասին խաղանք, տեսնեմ՝ այդ ինչ ես նայում, խաղում, անում։ Այն բաները, որոնցից երեխաները վախենում են, կարելի է դիտել, խաղալ միասին, ծիծաղել դրանց վրա, ծաղրել այդ խաղի հերոսներին, օրինակ, ասել, որ հորինողը շատ տգեղ է նկարել։

Երբ հումորի վերածեք վախի առարկան, երեխայի մոտ կթուլանա կամ կվերանա այդ վախը։ Ընդհանրապես, երեխաները սկսում են թաքցնել՝ ինչ են անում, ինչ են խաղում, ինչով են զբաղված, երբ մտածում են, որ ծնողն իրենց կպատժի։ Ուստի, պետք է հարցին շատ անմիջականորեն մոտենալ՝ հիշելով, որ մենք էլ ենք ունեցել գաղտնիքներ։ 

Եթե Ձեզ հետաքրքրում է «Մոմո» խաղն ու դրանով շատ անհանգստացած եք, ապա խոսեք այդ խաղի մասին երեխայի հետ, նկարեք այդ հերոսին, փորձեք պատկերացնել՝ ինչպես են հորինել այդ խաղը։ Ի վերջո, կարող եք ստեղծել ձեր «մոմո»-ն թղթի վրա։ Այսպիսով՝ երեխայի մոտ հետաքրքրությունը կմարի,ու վախը կանցնի։ Սա, իհարկե, ոչ միայն «Մոմո»-ին, այլև մյուս խաղերին է վերաբերում։

Առհասարակ, պետք է երեխայի մոտ ձևավորել  հետաքրքրություն  կենդանի շփման, խաղերի վերաբերյալ։ Կարելի է հրավիրել երեխայի սիրելի ընկերներին ու տանը կազմակերպել սեղանի խաղերի լավ երեկո։ Այդ դեպքում հավանականությունը քիչ կլինի, որ ձեր երեխան ընկնի օնլայն հարթակի նմանատիպ խաղերի թակարդը։ 

Եթե երեխան ծնողի հետ չի խոսում մի բանի մասին մեկ շաբաթից ավելի, ապա վախ ունի նրանից։ Այս դեպքում ծնողը պետք է փոխի երեխայի նկատմամբ իր մոտեցումը, պետք է ավելի ջերմ դառնա, քննադատությունը քչացնի։ Եթե որևէ երևույթի, խաղի նկատմամբ երեխայի մոտ վախն ավելի քիչ է, քան ծնողի նկատմամբ, ապա երեխան հեշտությամբ կընկնի այդ խաղերի թակարդը։ Պետք է այնպես անել, որ այդ երևույթների նկատմամբ վախը մղի երեխային խոսել ծնողի հետ։ Եթե այդպես չէ, ուրեմն երեխա-ծնող հարաբերություններում առկա են լուրջ տարաձայնություններ։

Երբ ծնողն անընդհատ քննադատում է, անինքնավստահություն է ներշնչում երեխային, վերջինս փակվում է, վախենում է ծնողից ու անում է սխալ քայլեր: Դրա համար ծնողները պետք է երեխաների հետ շփվեն ինչպես հասակակցի հետ, ինչը բնականաբար, շատ դժվար է։ Բայց ծնող-երեխա կայուն և վստահելի հարաբերությունների ստեղծման համար ծնողները պետք է իրենց մեջ արթնացնեն երեխային։

 

Կարդացեք նաև՝ Ինչպես երեխային զերծ պահել համացանցի վտանգավոր ազդեցությունից

Գովազդ