3 տարեկանի ճգնաժամ. ինչպե՞ս է երեխայի վարքը փոխվում

Խնդիրներ

Երեք տարեկանում երեխայի կյանքում բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունենում։

Առհասարակ բոլոր տարիքային ճգնաժամերը, որոնք կոչվում են նաև «անցումային» փուլեր, կապված են որակական փոփոխությունների հետ։ Այսինքն՝ այս տարիքում առաջանում են նոր որակներ ու կարողություններ, որոնք չկային մինչև այդ։ Այդ նոր որակները առնչվում են և՛ երեխայի ֆիզիոլոգիային, և՛ հուզական աշխարհին ու ինտելեկտուալ կարողություններին։ 3 տարեկանում առաջանոմ է սեփական «ես»-ի տարբերակման ճգնաժամ: Այս տարիքում երեխան սկսում է իրեն առանձնացնել շրջապատող իրականությունից։ Երբ ասում է՝ «ես ինքս», արդեն իսկ իրեն զգում է ակտիվ, շրջապատի վրա ազդող սուբյեկտ։


Հաջորդ նոր որակը, որը երեք տարեկան երեխան ձեռք է բերում այս շրջանում, կամքն է, դրա գիտակցումը։
Երեխան իր կամքը սկսում է դրսևորել շատ հաճախ:
Եթե ծնողները չեն կարողանում հմտորեն կառավարել երեխայի մոտ ձևավորվող նոր որակներն ու դրանց ծայրահեղ դրսևորումները, երեխան դառնում է դժվար կառավարվող։

Այս տարիքին բնորոշ է նեգատիվիզմը, երբ երեխան բացասական է արձագանքում ամեն ինչին՝ հենց այնպես, պարզապես հակառակվելու համար։ Դե, պատկերացրեք, որ դուք շատ փոքրիկ եք, այնքան փոքրիկ, որ ոչ մի կերպ չեք կարողանում ազդել ձեզ շրջապատող իրավիճակի վրա։ Ու հանկարծ դուք հայտնաբերում եք մի միջոց, որով կարելի է բարկացնել, հունից հանել, ուրախացնել, մի խոսքով՝ ազդել իրավիճակի վրա։ Եթե պատկերացրիք, ապա կհասկանաք երեք տարեկան երեխային։ Գրեթե բոլոր ծնողների գնահատմամբ՝ սա շատ բացասական փոփոխություն է երեխայի զարգացման ընթացքում, սակայն սա վկայում է այն մասին, որ երեխան կարողանում է գործել ցանկություններին հակառակ, բոլորին հակառակ: Այսինքն՝ ձեռք է բերում գործելու իր սեփական մոտիվներն ու անկախանում է շրջապատից. սա պարզապես հրաշալի է։

Այս իրավիճակը կառավարելու համար ծնողներից համբերատարություն է պահանջվում։

Այս տարիքում երեխան նաև դառնում է քմահաճ, պնդում է իր ցանկությունները միայն այն պատճառով, որ ինքն արդեն դրա մասին հայտարարել է և պահանջում է իր ցանկությունների լուռ կատարում՝ նույնիսկ այն դեպքում, երբ այդ ցանկությունն արդեն կորցրել է իր արդիականությունը։ Այստեղ ծնողներից մի քիչ հաստատակամություն է պահանջվում՝ պնդելու իրենց ասածը և չկատարելու երեխայի կամքը, եթե դա անհնարին է։

Այս տարիքի ճգնաժամին բնորոշ է նաև կամակորությունը: Այս տարիքը նաև անվանում են կամակորության ճգնաժամ: Ի տարբերություն բացասական տրամադրվածության, որն ուղղված է մեծահասակների դեմ, կամակորությունն անդեմ է և ուղղված է ամեն ինչին, կյանքի ձևին:

Ճգնաժամը բնութագրող չորրորդ հատկությունը ինքնուրույնությունն է: Սա նախկինում չկար, իսկ հիմա երեխան ցանկանում է ամեն ինչ ինքնուրույն անել: Այստեղ երեխային պետք է տալ սահմանափակ ընտրության հնարավորություն և այդ սահմաններում ընտրելու ազատություն։ Եթե երեխան պահանջում է հագնել այս կամ այն վերնաշապիկը, նրան պետք է առաջարկել երեք վերնաշապիկ, որպեսցի դրանցից ընտրի մեկը։ Բնականաբար, առաջարկելիս պետք է ընտրել այն երեքը, որոնք ընդունելի են այդ օրվա համար։

Նման երևույթներից ոչ միայն չպետք է անհանգստանալ, այլև պետք է ուրախանալ, քանի որ դրանց առկայությունը վկայում է երեխայի բնականոն զարգացման և անձի ձևավորման մասին:

 

Աղբյուրը՝ «Երկուսով» հոգեբանական կենտրոն

Գովազդ