Մանկական կամակորությունը կանխելու 7 միջոց

Խնդիրներ

 Արցունքներ, բղավոց, պահանջ. անե՞լ այնպես, ինչպես երեխան է ուզում: Մանկական կամակորության հետ բախվում է յուրաքանչյուր ծնող:

Մանկական կամակորությունը երկու կողմերի՝ ծնողի ու երեխայի համար էլ լուրջ փորձություն է: Երեխան փորձում է հաղթահարել իր համար դժվար կառավարվող զգացմունքները՝ բարկություն, վրդովմունք, վիրավորանք և այլն: Ծնողն էլ նման իրավիճակում հայտնվելիս նյարդայնանում է, մեղավոր զգում շրջապատի առջև և հաճախ շփոթվում՝  չիմանալով ինչպես վարվել: Մեծ Բրիտանիայում ընտանեկան հոգեթերապևտ Միրիըմ Չաչամուն, որը «Ինչպե՞ս հանգստացնել դժվար երեխային» գրքի հեղինակն է, առանձնացրել է մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն Ձեզ հաղթահարել փոքրիկի կամակորությունը՝ հաշվի առնելով նրա հոգեվիճակը:

 

  1. Ցուցաբերեք անտարբերություն

Մենք հաճախ անհարմար ենք զգում, երբ երեխան կամակորություն է անում հասարակական վայրում: Այդ պատճառով էլ նյարդայնանում ենք ու հասնում բարկության սահմանագծին: «Հավատացե՛ք՝ շրջապատող մարդիկ նման իրավիճակում կարեկցում են Ձեզ, ոչ թե համարում վատ մայր կամ հայր: Ավելի մեծ արդյունքի կհասնեք, եթե ուղղակի անտեսեք երեխայի կամակորությունը, քան բարկանաք ու կարգի հրավիրեք: Երբեմն երեխաները կամակորություն են անում՝ Ձեր ուշադրությունը գրավելու համար»,- ասում է Չաչամուն:

  1. Բացատրեք երեխային՝ ինչ է նա զգում

Փոքրիկների համար շատ դժվար է հասկանալ, թե ինչ է կատարվում իրենց հետ: Նրանք դեռ անծանոթ են սեփական զգացմունքներին, այդ իսկ պատճառով դժվարանում են կառավարել դրանք: Կարևոր է, որ Դուք երեխայի համար պարզաբանեք՝ ինչ է նա զգում՝ բացատրելով այդ զգացողությունները: Օրինակ՝ «դու հիմա բարկանում ես, քանի որ ես քո համար չգնեցի այն խաղալիքը, որը դու ուզում էիր»: Ցույց տվեք կարեկցանք և ըմբռնում: Օրինակ՝ կարող եք նրան ասել, որ Դուք էլ եք բարկանում, երբ չեք ստանում այն, ինչ ուզում եք: Բայց բարկանալու տարբեր ձևեր կան ու ոչ բոլոր ձևերն են ընդունելի:

  1. Երեխային ևս ընդգրկեք կամակորության դեմ պայքարում

Կամակորությունը նշան է, որ երեխան չի կարողանում կառավարել սեփական զգացմունքները: Կարևոր է հասկանալ, որ նա այդ մեթոդով չի ցանկանում ուղղակի հասնել իր նպատակին, այլ իսկապես գտնվում է էմոցիոնալ ճնշման տակ: Դա կօգնի Ձեզ չբարկանալ փոքրիկի վրա, այլ փորձել համատեղ ջանքերով հաղթահարել հիստերիկ ու կամակոր պահվածքը: Նրա հետ հորինեք հումորային անվանումներ, որոնք կօգտագործեք նման պահերին: Օրինակ՝ քեզ նորից հյուր է եկել տիկին Հիստերիան, քեզ վրա հարձակվել է կամակոր փոքրիկը և այլն: Այդպես կշեղեք երեխայի ուշադրությունը: Բացի այդ, նա Ձեր մեջ կտեսնի ընկերոջ, ոչ թե հակառակորդի:

  1. Մի՛ շտապեք ասել «ոչ»

Մանկական հիստերիան կանխելը շատ ավելի հեշտ է, քան դրա դեմ պայքարը: Չաչամին համարում է, որ շատ ծնողներ բավական արագ են ասում «ոչ», ինչը վայրկենապես կարող է հունից հանել երեխային: Դուք կարող եք կանխել ընդհարումը, եթե ցույց տաք, որ նրա կողմից եք: Օրինակ, կարող եք ասել՝ ես շատ կուզենայի քեզ համար գնել այդ խաղալիքը, բայց, ցավոք, հիմա բավարար գումար չունեմ: Նման մոտեցումը շատ ավելի լավ է, քան կարճ «ոչ»-ը:

      5. Առաջարկեք այլընտրանք

Վերլուծեք երեխայի վարքագիծը և այն իրավիճակները, որոնցում նա սովորաբար սկսում է կամակորություն անել: Նախօրոք զրուցեք այդ թեմայի և դրան հաջորդող հետևանքների մասին: Օրինակ՝ եթե Դուք պատրաստվում եք խանութ գնալ և գիտեք, որ երեխան խանութում սկսելու է ինչ-որ բան ուզել և չստանալու դեպքում կամակորություն անել, խոսեք նման իրավիճակում Ձեր երկուսի անելիքների մասին: Օրինակ՝ «Ես պատրաստվում եմ խանութ գնալ և կարող եմ քեզ տանել ինձ հետ, եթե դու խոստանաս այնտեղ ոչինչ չուզել, քանի որ այսօր ես հնարավորություն չունեմ՝ քեզ համար որևէ բան գնելու»:

Եթե երեխան համաձայնում է, ապա պայմանավորվեք նրա հետ նաև այն մասին, թե ինչ կլինի  խոստումը խախտելու դեպքում:

«Եթե դու, այնուամենայնիվ, սկսես կամակորություն անել, ես այլևս քեզ ինձ հետ խանութ չեմ տանի (մենք չենք գնա կինո, ինչպես պլանավորում էինք և այլն): Նման ձևով Դուք ոչ միայն կազատվեք մանկական հիստերիայից, այլև կսովորեցնեք երեխային պատասխանատվություն կրել սեփական արարքների և դրանց հետևանքների համար: Բացի այդ, նա կսովորի ընտրություն կատարել իր համար կարևոր բաների միջև:

  1. Երեխայի էներգիան ուղղորդեք այլ հունով

Սթրեսային իրավիճակներում երեխայի օրգանիզմը գործում է հակառակ ռեակցիայով՝ պայքարով կամ փախուստով:  Որպեսզի խուսափեք նման իրավիճակներից, երբեմն նրան առաջարկեք այլընտրանք՝ սպորտային խաղի տեսքով: Վազքը, թռչկոտելը, պարը թույլ են տալիս երեխային ազատվել կուտակված էներգիայից։

  1. Թույլ տվեք երեխային շտկել գործած սխալը

Վատ արարքի համար ոչ միշտ է պետք պատիժ: Չաչամուն բացատրում է. «Երեխան վատ արարքից հետո կարող է շատ վատ զգալ իրեն, դա ինքնին պատիժ է նրա համար: Եթե դուք թույլ տաք նրան իր մեղքը քավելու համար ինչ-որ սիմվոլիկ բան անել, ապա անուղղակի ձևով կհաղորդեք, որ նա իսկապես սխալ էր, բայց Դուք պատրաստ եք ընդունել նրա ներողությունները: Դա թույլ կտա երկուսիդ էլ շարժվել առաջ»:

 

Աղբյուրը՝ Psychologies.ru

 

 

Գովազդ