Հազ. ե՞րբ է պետք անհանգստանալ

Խնդիրներ

Հազը փոքրիկների մոտ հաճախ հանդիպող և ծնողներին անհանգստացնող երևույթ է: Հազի տեսակների, պատճառների և բուժման մասին զրուցել ենք Երևանի պետական բժշկական համալսարանի ընտանեկան բժշկության ամբիոնի դոցենտ, «Ընտանեկան բժշկություն ակադեմիական միավորում» կազմակերպության համանախագահ Մարինա Օհանյանի հետ:

 

-Ի՞նչ է հազը: Ինչու՞ է երեխան սկսում հազալ:


-Հազը պաշտպանական ռեակցիա է: Եթե երեխան հազում է, անպայման պետք է փնտրել պատճառը: Նորմայում երեխայի մոտ առավոտյան ժամերին կարող է 10-12 հազից լինել, ինչպես ասում է ժողովուրդը, կոկորդն է մաքրվում, և դա նորմալ է, պետք չէ անհանգստանալ: Հազի միջոցով երեխան կարող է դուրս բերել լորձը, խորխը, և եթե մենք թույլ չտանք դա, օրինակ, տալով երեխային հազը կանխող դեղեր, ապա այդպիսով իրավիճակն էլ ավելի կբարդացնենք, և գուցե խնդիրը բրոնխներից անցնի թոքերին:


-
Ո՞ր հիվանդություններն են ուղեկցվում հազով և ո՞րքան է տևում:


-Ընդհանրապես կարելի է գտնել հազի 50 պատճառ: Կարող են լինել և շնչառական համակարգի հետ կապված, և շնչառական համակարգից դուրս պատճառներ: Հազով կարող են ուղեկցվել վարակային հիվանդությունները, երբեմն նաև ավելի լուրջ հիվանդություններ, օրինակ՝ պալարախտը (տուբերկուլյոզ), թոքաբորբը: Հազի բնույթը, վտանգավորության աստիճանը կարող եք իմանալ` հետևելով հազի տևողությանը:
Եթե հազը սկսվել է վիրուսային ինչ-որ հիվանդության, օրինակ, գրիպի ֆոնին, 3-4 շաբաթ տևողությունը նորմալ է: Նույնիսկ մինչև մեկ ամիսն է նորմայի սահմաններում: Բայց եթե հազը տևում է մի ամսից ավելի, ապա պետք է այս խնդրին ավելի լուրջ մոտենալ և հասկանալ, թե ինչն է պատճառը: Հազը չի կարելի բուժել հեռախոսով, այսինքն՝ խորհուրդներ ընդունել հեռախոսով, որովհետև կարող են լինել լուրջ խնդիրներ, ինչպես,օրինակ, թոքաբորբն է (չնայած՝ թոքաբորբով ուղեկցվող հազը 5 տոկոս է կազմում, հիմնականում՝ երեխաների հազի պատճառը վարակային հիվանդություններն են լինում ): Դրա համար ցանկացած հազ պետք է հետազոտվի տեղում, գնահատվի հազի բնույթը՝ թաց հազ է, թե ոչ, պրոդուկտիվ չոր հազ է: Երեխաների շրջանում պետք է հաշվի առնել բոլոր այն անատոմաֆիզիոլգիական առանձնահատկությունները, որոնց պատճառով հազը իրենց մոտ ավելի հաճախ է հանդիպում: Օրինակ՝ լարինգոտրախեիտը (կեղծ կռուպ) հաչոցանման հազ է, և բնորոշ է մինչև 7-8 տարեկան երեխաներին, և երբ երեխան մեծանում է, զարգանում է, իր բոլոր օրգան համակարգերը լայնանում և աճում են, կռուպը վերանում է:


-Հազի ո՞ր դրսևորումներն են առավել վտանգավոր փոքրիկների համար և ո՞ր տարիքի երեխաների դեպքում է այն առավել մտահոգիչ:


-Չենք կարող միանշանակ ասել, որովհետև, օրինակ, կարող է չոր հազ սկսել, հետո դառնալ թաց, թացից դառնալ չոր և անցնել: Այսինքն` խիստ տարանջատում կարող է տեղի չունենա: Հենց այս պատճառով էլ ասում ենք, որ հազի պատճառները պարզել է պետք:


-Հաճախ հազն ուղեկցվում է փսխումով: Ի՞նչ է պետք անել տվյալ դեպքում (օրինակ` կաթ չտալ և այլն):


-Պետք է յուրաքանչյուր դեպքում գնահատվի` ինչն է փսխման պատճառը: Փսխումը, օրինակ, կարող է լինել կապույտ հազի դրսևորում, այս դեպքում պետք է մոտեցումը փոխել: Իսկ սրտխառնոց ունեցող երեխային կաթ տալը այդքան էլ ճիշտ չէ:


-Ի՞նչ կասեք խորխաբեր դեղամիջոցների մասին: Ո՞ր տարիքի երեխաներին է այն ցուցված:


-Պետք չէ խորխաբեր տալ մինչև 2-3 տարեկան երեխաներին, որովհետև փոքրիկները չեն կարողանում այդ խորխը հազով հանել, և եթե պետք է նշանակվեն դեղամիջոցներ, պետք է նորից հասկանալ` այդ տարիքի համար որն է համապատասխան:


-Բոլորս գիտենք, որ հազի բուժման ավանդական մեթոդներ կան, օրինակ` երեխային տալիս են նռան կեղևի կամ ռեհանի թուրմ, սերկևիլի կոմպոտ, սոխով և մեղրով հյութ: Ժամանակակից բժկությունն ընդունու՞մ է այս մեթոդները: Եթե այո, ապա ո՞ ր տարիքի երեխաների դեպքում:


-Ես կարող եմ խոսել այն բաների մասին, որոնք ապացուցված են հետազոտություններով: Եթե դրանք ուղղակի ժողովրդական խորհուրդներ են, օրինակ, հարևաններով խոսում են, թե ով ինչ կարող է օգտագործել, դա իրենց խնդիրն է, ես նման խորհուրդներ տալու իրավունք չունեմ: Ես չեմ կարող միանշանակ ասել, որ չի օգնում, որովհետև փորձով մարդիկ տեսնում են, որ այս բանը օգնում է, այն բանը թեթևացնում է հազը, բայց որպես բժիշկ ես նման խորհուրդներ չէի ցանկանա տալ:

 


-Ի՞նչ խորհուրդ կտաք ծնողներին անել ու չանել, որպեսզի երեխան չսկսի հազալ:

 

Առաջին հերթին պետք է կոփել երեխային: Երեխան պետք է հագնվի եղանակին համապատասխան: Հայերս հաճախ անտեսում ենք եղանակը և ուշադրություն ենք դարձնում, թե դրսում ինչ ամիս է: Սա սխալ մոտեցում է: Հիմա, օրինակ, շատացել են գրիպի դեպքերը, և պետք է խուսափել երեխային այդ առումով վտանգավոր տեղեր տանելուց: Պետք է հաճախ լվանալ ձեռքերը. գուցե մեկը փռշտա իր ձեռքերի մեջ, հետո այդ ձեռքով դիպչի դռան բռնակին, հետո մեկ ուրիշն էլ դիպչի նույն բռնակին, և այսպիսով վարակը տարածվի: Եթե փոքրիկն արդեն հիվանդացել է, պետք է ամեն ինչ անել նրան շուտ բուժելու համար. երեխան չպետք է ոտքի վրա տանի հիվանդությունը, չպետք է գնա մանկապարտեզ, դպրոց: Սնունդը պետք է լինի լիարժեք, որպեսզի երեխան դիմացկուն լինի հիվանդությունների նկատմամբ: Եթե երեխան հաճախ է հազում, պետք է գտնել աղբյուրը. շատ անգամ լինում է քիթ-կոկորդի խնդիր, որը խրոնիկ օջախ է, հաճախ պատճառը տոնզիլիտն է (նշագեղձերի բորբոքում): Եթե այս պատճառները չվերանան, երեխան հաճախակի կհիվանդանա և հաճախ կհազա: Բժիշկը պետք է ոչ միայն բուժի հազը, այլ պետք է կանխարգելի և անհատական մոտեցում ցուցաբերի  յուրաքանչյուր երեխայի:

 

 

Հեղինակ՝ Նանե Ավետիսյան

 

Գովազդ