Երեխան տանը սովորել է դասը, սակայն դպրոցում չի ուզում պատասխանել․ ինչո՞ւ

Խնդիրներ

Հաճախ է պատահում, երբ երեխան դպրոցից տուն է գալիս օրագրում ուսուցչի գրավոր դիտողությամբ՝ «Դասին պատրաստ չէ, դասը չի պատասխանում»։ Բայց արի ու տես, տանը երեխան ակտիվորեն պատասխանում է ծնողների տված հարցերին, կատարում է հանձնարարությունները, իսկ դպրոցում չի սիրում խոսել, պատասխանել հարցերին, կատարել առաջադրանքները։ Ո՞րն է երեխայի նման վարքի պատճառը և ի՞նչ կարող են անել ծնողները նման պարագայում։ Այս թեմայի շուրջ «Իմ փոքրիկը» զրուցել է հոգեբան Անի Ապիտոնյանի հետ։

Ըստ հոգեբանի՝ երեխայի նման վարքագծի ձևավորման պատճառները կարող են տարբեր լինել։ Առանձնացնենք մի քանիսը։ 

Վախ քննադատությունից

Առաջին պատճառն այն է, որ երեխան խուսափում է քննադատությունից, վախենում է, որ կարող է կորցնել ծնողի կամ ուսուցչի սերը։ Եթե տանը ակտիվ է, պատասխանում է հարցերին, բայց դպրոցում կաշկանդված է, նշանակում է՝ այնտեղ մթնոլորտը լարված է,  խիստ է, կամ ուսուցիչը ճիշտ մոտեցում չի ցուցաբերում։ Այսինքն՝ դասերը հիմնված են  հարց-պատասխան-գնահատական սկզբունքի վրա, ոչ թե երեխայի մոտ գիտելիքի նկատմամբ սեր առաջացնելու։

 

Տարիքային ճգնաժամ

Այս խնդիրը հիմնականում առաջանում է կրտսեր դասարանների աշակերտների մոտ`1-3-րդ դասարաններում։  Բանն այն է, որ կրտսեր դասարանների աշակերտները փորձում են հաղթահարել 7 տարեկանի ճգնաժամը՝ ինքնուրույն  լինել, պատասխանատու լինել, պահանջներին հարմարվել, որոնք դրվում են նրանց առջև դպրոցում և ծնողների կողմից։ Հիշե՛ք, այս խնդիրը հաղթահարելու լավագույն ձևը մեկն է՝ երեխայի առջև նման պահանջներ դնելու հետ մեկտեղ պետք է նրան օգնել և ճիշտ ուղղորդել։

 

Առանձնահատկություններ

Պետք է հաշվի առնել նաև երեխաների առանձնահատկությունները։ Այո՛, նրանք ունեն տարբեր յուրահատկություններ․ մեկը ակտիվ է, սիրում է շփվել, մյուսը լռակյաց ու ինքնամփոփ է։

Հիշե՛ք՝ հնարավոր է՝ լավ սովորող երեխան չունենա հաղորդակցման լավ հմտություններ, և հակառակը՝ ոչ այնքան լավ սովորող երեխան օժտված լինի հաղորդակցման գերազանց ընդունակություններով։

Ե՛վ ծնողի, և՛ ուսուցչի խնդիրն է՝ հաշվի  առնել երեխայի առանձնահատկությունները և չպահանջել երեխայից ավելին, քան ինքը կարող է։ Նախ՝ պետք է երեխային ուղղորդել, որպեսզի ինքնուրույն փորձի զարգանալ և ձգտում ունենա ավելին իմանալու, սովորելու։

Ամենալավ բանը, որ ծնողները կարող են անել իրենց երեխայի համար, ուսման գործընթացին հանգիստ մոտեցում ցուցաբերելն է։ Ձեր խաղաղ կեցվածքի շնորհիվ երեխան ևս չի լարվի։ Պետք է հիշել, որ տարիների ընթացքում է երեխան յուրացնում գիտելիքները։ Անգիր անելով ու գնահատական ստանալով՝ հնարավոր չէ զարգացնել երեխայի մյուս ընդունակությունները։ Աշխատասիրությունը նույնպես ձևավորվում է տարիների ընթացքում։

Առհասարակ, երեխաների հաջողության բանալին ուսուցիչների ձեռքում է։ Նրանց պահվածքը, մոտեցումը, մեթոդները, վերաբերմունքը՝ երեխայի առաջընթացն ապահովող գործոններն են։ Շատ կարևոր է ուսուցչի անհատական մոտեցումը յուրաքանչյուր երեխայի։

 

Հեղինակ՝ Նորա Հայրապետյան

Գովազդ