Ո՞ր տարիքից երեխային ուղարկել մանկապարտեզ․ մաս 1

Խնդիրներ

Փոքրիկը մեծացել է, ժամանակն է նրան տանել մանկապարտեզ: Հարց է առաջանում՝ ո՞ր տարիքում երեխային հանձնել դաստիարակների խնամքին: Ծնողներն անհանգստանում են՝ ինչպե՞ս երեխան կհաղթահարի իր կյանքի առաջին լուրջ փոփոխությունը, չի՞ սկսի, արդյոք, հաճախ հիվանդանալ: Ամեն օր երեխան տուն չի՞ գա՝ ասելով, որ իրեն նեղացրել են դաստիարակը, դայակը կամ հասակակիցները: Երիտասարդ մայրիկներն ու հայրիկները այս հարցերի պատասխանները փորձում են ստանալ արդեն փորձ ունեցող իրենց ծանոթներից։

«Իմ փոքրիկ»-ը ցանկանում է օգնել ձեզ։ Մենք առանձնացրել ենք մասնագետների կարծիքն այս հարցի առնչությամբ։ Որոշ փոքրիկներ մինչ 1.5 տարեկանն ավելի հեշտ են տանում ծնողներից բաժանումը և առանց կամակորության են մնում մանկապարտեզում: Սակայն որոշ հոգեբաններ զգուշացնում են՝ պետք չէ թուլացնել մեկամյա երեխայի կապը տան ու ծնողների հետ: Այդ զգայուն տարիքում այն նոր է սկսում ձևավորվել: Ընտանիքի կորստի զգացողությունը, վաղ հասակում անծանոթ միջավայր տեղափոխվելը հետագայում կարող են բացասաբար անդրադառնալ երեխայի վրա: Մոր հետ սերտ ու էմոցիոնալ կապը երեխայի հիմնական պահանջն է մինչ 3 տարեկանը: Այդ շփումից է կախված, թե երեխայի մոտ կձևավորվի՞ վստահություն աշխարհի ու շրջապատող մարդկանց հանդեպ, թե ոչ։ Մեկուկես տարեկան երեխաների մեծ մասը մորից բաժանումը ծանր ու ցավալի է տանում: Այդ տարիքում նոր սկսում է թուլանալ «բաժանման վախը»: Փոքրիկը դերևս կապված է ծնողների հետ և դժվար է շփման մեջ մտնում անծանոթների հետ: Եթե մանկիկը իրեն անհարմարավետ է զգում մսուրում, ապա ավելի լավ է նրան հանձնել տատիկի կամ դայակի խնամքին:

«Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Անի Ապիտոնյանը նշում է․ «Բնականաբար, փոքր տարիքում տանը երկար մնալը բերում է երեխայի և ծնողների կապի ամրապնդման, սակայն մյուս կողմից այս պարագայում կարող է սկսվել երեխայի հանդեպ գերխնամք տան անդամների կողմից։ Այսինքն՝ ծնողները, տատիկը, պապիկը երեխային սահմանափակում են տան մթնոլորտում, և երեխան չի շփվում հասակակիցների հետ։ Այստեղից էլ հետագայում առաջ է գալիս մանկապարտեզում դժվար հարմարվելու, տագնապներ ունենալու խնդիրները»։

Կա տարածված կարծիք, որ մեկ տարեկան երեխայի իմունային համակարգը պատրաստ չէ ագրեսիվ միջավայրի հետ շփման: Մանկապարտեզ հաճախելը կարող է լուրջ սթրես լինել փոքրիկ մարդուկի համար: Նա ստիպված է փոխել օրվա ռեժիմը, վաղ արթնանալ, հարմարվել անծանոթ երեխաներին և մեծերին, օտար վայրին, ուտելիքին: Դրամատիկ բաժանումը, սիրո և ուշադրության պակասը, աղմուկն ու մարդաշատությունը երեխային հասցնում են ընկճվածության, անհանգստության: Սթրեսից թուլացած երեխան ավելի «բաց» է բացիլների և վիրուսների համար:

«Ուիգմոր քլինիք» բժշկական կենտրոնի մանկաբույժ Լուսինե Ավետյանը փաստում է․ «Գիտականորեն ապացուցված փաստ չկա, որ 1 տարեկան երեխայի իմունիտետը ավելի ցածր է, քան 3 տարեկանինը։ Յուրաքանչյուր երեխայի մանկապարտեզ հաճախելու տարիքը կախված է բազմաթիվ գործոններից։ Միջինում երեխան սկսում է մանկապարտեզ գնալ 1,5-ից 2,5 տարեկանում։ Ուղղակի պետք է հիշել, որ այդ ժամանակ և՛ երեխան, և՛ ծնողը հոգեբանորեն ու ֆիզիկապես պետք է պատրաստ լինեն այդ փորձությանը։ Ծնողներից բաժանումը կարող է մեծ սթրես առաջացնել երեխայի մոտ, սակայն դա չի կարող հաճախակի հիվանդանալու պատճառ հանդիսանալ։ Մանկապարտեզ հաճախող երեխան ավելի հաճախ է հիվանդանում, քանի որ մի քանի ժամ գտնվում է նույն սենյակում, որտեղ կան տարբեր երեխաներ։ Այսինքն՝ շփվում է վարակակիր երեխաների հետ։ Այս կերպ նա ձեռք է բերում վիրուսներ, պայքարում դրանց դեմ և ձևավորում սեփական իմունիտետը»։

Բժշկուհին նշում է՝ երեխան կարող է հաճախ հիվանդանալ նաև դպրոցում։ «Մոտեցումը, որ չտանենք մանկապարտեզ, որ երեխան հաճախ չհիվանդանա, արդարացված չէ։ Կարելի է դրան հակառակ կողմից էլ նայել․ հիվանդանալով՝ մարդու իմունիտետը նաև ամրապնդվում է։ Այս տարիքի երեխայի համար կարևոր է այն հանգամանքը, որ նա լինի այնպիսի վայրերում, որտեղ հնարավորություն կունենա շփվել հասակակիցների հետ, այլ ոչ թե ամբողջ օրը լինի մեծահասակների միջավայրում։ Միանշանակ չէ, որ տանը մնալը միայն ու միայն դրական է»։


Շարունակելի

Հեղինակ՝ Լուսինե Պապյան

Գովազդ