3 տարեկանի ճգնաժամ. ինչպես այն հաղթահարել. մաս 2

Խնդիրներ

Նյութի առաջին մասը կարող եք կարդալ այստեղ։

Ներկայացնում է «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Անի Ապիտոնյանը։

 

Որքա՞ն է ճգնաժամի տևողությունը։

Կոնկրետ տևողություն չկա: Կարող է լինել 6 ամիս, 1 տարի և այլն: Լինում են դեպքեր, երբ ճգնաժամի ախտանշանները չեն հաղթահարվում: Օրինակ՝ նեգատիվիզմը կարող է պահպանվել և դառնալ բնավորության գիծ: Ոչ բոլորն են կարողանում հաղթահարել ճգնաժամն ու դրանից բխող ախտանիշները։ 

 

Իսկ ինչպե՞ս փորձել այն հաղթահարել, որ հնարավորինս անհետևանք ու հեշտ լինի երեխայի համար։

 

Ծնողը պետք է գիտակցի, որ երեխայի ինքնուրույնությունը պետք է ոչ միայն երեխային, այլ նաև իրեն: Ծնողի խնդիրն է երեխային սովորեցնել ինքնուրույնության և խնդիրների լուծման համար եղանակներ փնտրել: Դա սկսվում է արդեն փոքր տարիքից: 3 տարեկանի ճգնաժամը ամենակարևոր փուլն է, որովհետև երեխան ինքն է փորձում ինքնուրույնություն ձեռք բերել:

 

Ինչի՞ց պետք է խուսափի ծնողը։

3 տարեկանի ճգնաժամը խորանում ու դառնում է խնդիր, երբ ծնողը փորձում է միայն սեփական կարծիքը պարտադրել երեխային՝ առանց հաշվի առնելու նրա կարծիքը, ցանկություններն ու զգացմունքները։ Իհարկե, ծայրահեղությունների գիրկն ընկնել պետք չէ։ «Չէ» կարելի է ասել երեխային այն դեպքում, երբ իսկապես վտանգավոր գործողություններ է փորձում կատարել կամ ուզում է ինչ-որ խաղալիք գնեն իր համար, բայց ծնողը չի կարող դա անել։ Իյարկե, այստեղ կարելի է մերժել երեխային, բայց ինքնուրույնության ձգտումը պետք է քաջալերել։ Որոշակի սահմանափակումներ հնարավոր է անել։ Օրինակ՝ եթե երեխան ցանկանում է դանակով միրգ կտրատել, ապա կարելի է նրան մանկական դանակ տալ կամ սովորական դանակով միասին դա փորձել անել, այսինքն՝ համագործակցել, ոչ թե երեխային անընդհատ մղել «չի կարելի»-ների։ Հակառակ դեպքում, երբ երեխան պասիվանա, հետո դժվար կլինի նրա համար մոտիվացիա առաջացնել։ 

 

Նման խնդրի դեպքում ընդունվա՞ծ է դիմել հոգեբանի։

 

Այսօր ծնողները շատ են դիմում հենց այդ ճգնաժամի դեպքում, ինչպես նաև դպրոց հաճախելու և դեռահասության հետ կապված խնդիրների պարագայում։ 

 

Հեղինակ՝ Լուսինե Պապյան

Գովազդ