Ճիճվակրության ախտանշանները, վտանգներն ու բուժման միջոցները

Հարցերին պատասխանում է N:16 պոլիկլինիկայի մանկաբույժ Գոհար Քյարունցը։

 

Որո՞նք են փոքրերի մոտ ճիճվակրության պատճառները։

Պատճառը հիմնականում հիգիենայի կանոնների ոչ ճիշտ պահպանումն է՝ հաշվի առնելով հանգամանքը, որ երեխաները հաճախ են խաղում դրսում, ավազի խաղահրապարակներում, հաճախ են գետնին ընկած մթերքներ վերցնում-ուտում, չլվացված ձեռքերը տանում բերանը։ Նաև նախադպրոցական հաստատություններում բարձր է վարակելիության ռիսկը, քանի որ երեխաները զուգարանից օգտվելուց հետո միշտ չէ, որ լվացվում են ու, ըստ այդմ, խաղալիքներով խաղալով, փոխանցելով իրար, արդեն իսկ վարակ է առաջանում։


Ի՞նչ ախտանշաններ ունի ճիճվակրությունը։


Ամենահաճախ հանդիպող ախտանշաններից ախորժակի կորուստն է կամ ընդհակառակը՝ավելի արտահայտված ախորժակը, սրտխառնոցը, հաճախակի փորացավերը և մանր սրատուտների ժամանակ հետանցքի շրջանում քորը։
Հաճախ ծնողները ատամների կրճտացնելը, բերանից թքահոսությունը ասոցացնում են ճիճվակրության հետ, սակայն դա այդպես չէ։ Հազվադեպ է ճիճվակրությունը ուղեկցվում այդ ախտանշաններով։


Որքանո՞վ է վտանգավոր ճիճվակրությունը։


Այն հիմնականում առաջացնում է օրգանիզմի ինտոքսիկացիա, այսինքն՝ ի հայտ են գալիս թունավորում հիշեցնող նշաններ, որոնք արտահայտվում են թուլությամբ, քնկոտությամբ, սրտխառնոցով, փորացավով և այլն։ Կարող է նաև առաջացնել օրգանիզմի կողմից ալերգիկ ռեակցիաներ, որոնք, հնարավոր է, արտահայտվեն մաշկային ցանով, երկարատև հազով և այլն։


Ճիճվաթափությանը կարո՞ղ են հաջորդել այլ խնդիրներ։


Այո՛, կարող են։ Այդ խնդիրները, հնարավոր է, կապված լինեն դեղորայքի կողմնակի ազդեցությունների հետ։ Վտանգավոր կարող են լինել նաև արդեն իսկ քայքայված ճիճվի կողմից արտադրվող տոքսինները, որոնք, ներծծվելով արյան մեջ, կարող են խորացնել ինտոքսիկացիան ու մինչև անգամ անաֆիլակտիկ շոկ առաջացնել։ Այնպես որ, ճիճվաթափությունից հետո երեխան անպայման պետք է շարունակի գտնվել բժշկի հսկողության տակ։

 

Հնարավո՞ր է առանց դեղորայքի ազատվել ճիճվակրությունից։


Այո՛, հնարավոր է։ Երբեմն ճիճուները, չհասնելով սեռահասունության, ինքնուրույն թափվում են կղանքի հետ, ինչի արդյունքում օրգանիզմը ազատվում է ճիճուներից։


Այդուհանդերձ ի՞նչ դեղորայք է խորհուրդ տրվում երեխաների դեպքում։


Առանձին դեղորայքի անուններ չեմ նշի։ Կան ճիճուների տարբեր տեսակներ, որոնցից յուրաքանչյուրի բուժումը անհատական բնույթ է կրում։ Ամեն մեկն ունի իր բուժամիջոցն ու դեղաչափը՝ համապատասխան տևողությամբ։ Հաշվի առնելով, որ հակաճիճվային բոլոր դեղամիջոցները համարվում են բարձր տոքսիկայնություն ունեցող, դրանք պետք է նշանակվեն միայն ու միայն բժշկի կողմից, և պացիենտը պետք է բուժվի բժշկի հսկողության տակ։


Կա՞ն բուժման այլընտրանքային մեթոդներ, օրինակ՝ ավանդական միջոցներ։


Կան որոշակի դեղաբույսեր, նաև սննդատեսակներ, օրինակ՝ դդմի սերմը, սակայն դրանք չունենք հստակ ապացուցված արդյունավետություն։ Իհարկե, դրանք կարելի է օգտագործել, սակայն բժշկի հսկողությամբ և համապատասխան անալիզների ուղեկցությամբ։ Այդուհանդերձ, ևս մեկ անգամ նշեմ, որ դրանք չունեն ապացուցողական հիմք։ Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ խոտաբույսերը ևս կարող են կողմնակի այլ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա, ինչը ևս պետք է հաշվի առնել։

 

Հեղինակ՝ Մոնիկա Մամյան