Հոգեբանական փորկապություն կամ գիշերանոթի վախ․ ի՞նչ է սա և ինչու՞ է երեխաների մոտ առաջանում այն․ ներկայացնում է մասնագետը

Խնդիրներ

Ներկայացնում է «Շենգավիթ» ԲԿ-ի նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ավագ մասնագետ Արթուր Ջանազյանը:

Բոլոր ծնողներն էլ իրենց երեխաների հետ կապված այս խնդրին առնչվում են: Ի վերջո, ֆիզիոլոգիական փորկապությունն այնպիսի երևույթ է, որը կյանքում առնվազն մեկ անգամ հանդիպում է գրեթե բոլորի մոտ: Փորկապության ժամանակ հաճախ դեֆեկացիայի ակտը բավականին ցավոտ է լինում՝ մեծ և չոր կղանքային զանգվածի պատճառով։ Իսկ «սովորական» փորկապությունը կարող է հոգեբանական փորկապության պատճառ դառնալ, որի ժամանակ երեխան սկսում է վախենալ ցավից, որն առաջանում է կղելուց:

 

Ինչու՞ է երեխաների մոտ առաջանում հոգեբանական փորկապություն

 

Մարսողական խնդիրների և փորկապության արդյունքում երեխայի համար ցավոտ է դառնում կղելը: Արդյունքում՝ առաջանում է դեֆեկացիայի հանդեպ վախ: Երեխան վախենում է, որ հաջորդ անգամ նույնպես ցավոտ կլինի և դիմանում է մինչև վերջին կաթիլը, կարող է նույնիսկ տակն անել: Արդյունքում՝ սա նորից երեխայի մոտ փորկապություն է առաջացնում, և կրկին ցավում է: Ահա այսպիսի արատավոր շրջան է գոյանում:

Որոշ երեխաների մոտ երևույթն ու վախն աստիճանաբար վերանում են, բայց մյուս երեխաների համար դա երկար ժամանակ դառնում է իրական խնդիր:

Հատկապե 4 տարեկանից ցածր երեխաների մոտ է լինում փորկապություն: Ի վերջո, 2 կամ 3 տարեկան երեխային շատ ավելի դժվար է բացատրել, թե ինչպես է տեղի ունենում մարսողական գործընթացը, և ինչու է ցավում այդ ժամանակ: Երեխան վախենում է կղել միայն այն պատճառով, որ չի հասկանում, թե ինչու է ցավում։ Սա՛ է երեխաների մոտ հոգեբանական փորկապության առաջացման հիմնական պատճառը:

 

Ի՞նչ կարող է անել ծնողը այս դեպքում

 

  1. Կանոնակարգել երեխայի սնունդը: Երեխան պետք է ընդունի բավարար քանակությամբ հեղուկ, կանխարգելման համար պետք է ուտի կիվի, ճակնդեղ, սալորաչիր և այլ ուտելիքներ: Հիմնական խնդիրը ֆիզիոլոգիայի կարգավորումն է, սա առաջին քայլն է:
  2. Շատ հաճախ հոգատար ծնողները սրում են վիճակը՝ խնդրի հանդեպ իրենց չափազանց մեծ անհանգստությամբ: Այս հարցը դառնում է ընտանիքի համար առաջնային: Դիցուք՝ մայրիկը աշխատանքից տուն է գալիս. «Բարև, ինչպե՞ս ես: «Աղկո» արե՞լ ես»: Խնդիրի վրա ֆիքսացիան միշտ ավելի է սրում այն:

Երեխան, բացի դեֆեկացիայի վախից, վախենում է նաև մորը նեղացնել։ Հետևություն. երեխային անընդհատ մի հարցրեք՝ արդյոք նա ցանկանում է կեղտոտել, ավելի լավ է՝ ընդհանրապես չհարցնեք դրա մասին: Նույնիսկ եթե երեխան ուզում է կեղտոտել, նա միևնույն է կասի «ոչ», քանի որ վախենում է դա անել:

  1. Նման վախը վերացնելու լավ միջոց կա. ձևակերպեք թեման դերային խաղով: Թող երեխայի սիրած խաղալիքը վախենա կեղտոտելուց, իսկ դուք և երեխան օգնեք նրան: Խաղի ընթացքում երեխաները շատ ավելի լավ են սովորում: Ամենայն հավանականությամբ երեխան կցանկանա խաղալ խաղալիքներով «փորկապ»-ի խաղը, չէ՞ որ նա շատ մտահոգված է այս թեմայով:

Նա կարող է նույն պատմությունը 10 անգամ խաղալ, դա նորմալ է: Ի վերջո, մենք՝ մեծահասակներս, ճիշտ նույնն ենք անում, սակայն մեր գլխում: Մենք բարդ իրավիճակները պտտում ենք մեր գլխում նորից ու նորից՝ փորձելով ելք գտնել դրանից: Երեխան պարզապես չի կարող անել նույնը՝ առանց տեսողական ամրապնդման:

  1. Կարևոր է հանգիստ արձագանքել երեխայի սխալներին: Մի՛ ջղայնացեք, մի՛ նախատեք, պարզապես փոխեք տաբատը և վերջ: Դա անհրաժեշտ է, որ երեխան, բացի ցավի վախից, պատժի ենթարկվելու վախը չունենա, չվախենա ձեզ նեղացնելուց:
  2. Իրեն հասկանալի լեզվով բացատրեք երեխային մարսողության ֆիզիոլոգիան: Դա կարող է լինել գիրք երեխաների մարմնի կառուցվածքի մասին, այն կարող է լինել հեքիաթ կամ խաղ:
  3. Դուք կարող եք հորինել և պատմել հեքիաթ այս թեմայի վերաբերյալ: Ապագայում երեխային հիշեցրեք. «Հիշո՞ւմ ես, ինչպես հեքիաթում․․․»: Մի՛ ջղայնացեք, մի՛ նախատեք, այլ օրինակ բերեք խնդրի հաջող լուծման մասին:

Հիշե՛ք, որ այս հարցում սարսափելի կամ ամոթալի բան չկա:

Կարևորը՝ մի՛ հուսահատվեք։ Հետևեք վերը նշված խորհուրդներին, և հոգեբանական փորկապությունը կհաղթահարվի։

Գովազդ