Ինչպե՞ս կազմակերպել երեխաների առօրյան ինքնամեկուսացման օրերին․ հոգեբանի խորհուրդները

Խնդիրներ

«Իմ փոքրիկ»-ը զրուցել է «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Անի Ապիտոնյանի հետ։


Այս օրերին մարդկանց սովորական հոգսերին ավելացել են աշխատանքը և օնլայն դասերը, ինչպե՞ս ճիշտ կազմակերպել առօրյան։


- Այս օրերին մարդիկ արթնանում են ու մի սենյակից մյուսն անցնելով՝ հայտնվում են աշխատանքի վայրում։ Ժամանակի առումով, կարծում եմ, շահել ենք. ժամանակ չենք կորցնում ճանապարհի վրա։ Այդ երկար պրոցեսի համար հատկացվող ժամանակն արդեն կարող ենք այլ բանի վրա ծախսել։ Խառնաշփոթի մեջ չընկնելու համար շատ կարևոր է օրվա պլանավորումը, այսինքն՝ երբ եւ որ ժամին պետք է աշխատենք, որ ժամին սնվենք, ուտելիք պատրաստենք, երեխաների  դասերը ստուգենք։ Իհարկե, դժվար է, եթե տունը մեծ չէ և սարքավորումները չեն բավականացնում բոլորի համար։ Բայց ճիշտ կազմակերպելու դեպքում հնարավոր է նաև այդ խնդիրները լուծել։ Մարդիկ, ավելի քան երբևէ, պետք է համագործակցեն միմյանց հետ՝ համագործակցություն ոչ միայն ընտանիքի անդամների, այլ աշխատակիցների միջև։

 
Ինչպե՞ս կազմակերպել ընտանիքի առօրյան, որպեսզի երեխաները չտուժեն, ծնողներն էլ կարողանան արդյունավետ աշխատել։


- Նախ՝ պետք է համակարգել բոլորի գրաֆիկները՝ երբ են դասերը սկսվում, ավարտվում և երբ են նախատեսված ընդմիջումները։ Երեխաների դասերն անընդմեջ չեն։ Հանգստին հատկացված ժամանակահատվածում կարելի է կազմակերպել աշխատանքը կամ կատարել ֆիզիկական որոշակի վարժություններ։ Հիմա շատ կարևոր է մարմնին ուշադրություն դարձնել, քանի որ նստակյաց վիճակում ենք, մաքուր օդ քիչ ենք շնչում, ջուր քիչ ենք խմում։ Երբ մարմինն իրեն լավ է զգում, մարդը կարողանում է ավելի արդյունավետ գործունեություն ծավալել։


Ի՞նչ անել՝ սթրեսային վիճակի չհասնելու համար։


- Սկսենք նրանից, որ այս օրերին բոլոը փորձում են տեղեկացված լինել՝ դիտելով բազմատեսակ տեսանյութեր, կարդալով տարբեր հոդվածներ՝ սուտ ինֆորմացիայից մինչև իրական ու չճշտված ինֆորմացիա։ Արդյունքում՝ տեղեկատվական դաշտը խճճվում է, առաջանում է տագնապ։ Շատ կարևոր է, որ ավելորդ ինֆորմացիա չընդունենք, հետևենք միայն պաշտոնական տվյալներին և հրահանգներին։ Դա էլ համագործակցության մի ձև է այս օրերի համար։ Դրանից բացի, շատ կարևոր է նաև, որ ընդունենք ու հասկանանք, որ սա ժամանակավոր բնույթ ունեցող երևույթ է։ Փորձենք մեզ ընձեռված ժամանակը ճիշտ օգտագործել։ Երբ տանը նստած ենք, կարող ենք կարդալ, աշխատել մասնագիտական աճի վրա, շփվել երեխաների հետ։ Հիմա շատացել են առցնանց համերգներն ու բեմադրությունները։ Կարող ենք երեխաների հետ դիտել դրանք։ Այսինքն՝ ձանձրանալու ժամանակ չենք էլ հասցնում ունենալ։


Այս իրավիճակում չի բացառվում, որ ընտանիքներում նաև վեճեր լինեն։ Ինչպե՞ս կանխել հնարավոր կոնֆլիկտները։


- Իհարկե, չի բացառվում։ Նաև նկատի ունենանք, որ Հայաստանում մեկ տանիքի տակ կարող է ապրել տասից ավելի մարդ, որոնք ունեն տարբեր հոգեկերտվածք, առանձնահատկություններ,  աշխատանքի հետ կապված խնդիրներ և այլն։ Այս ամենը հաղթահարելու համար պետք է գնալ համագործակցության՝ հնարավորինս փոխզիջման ճանապարհով։ Չօգնելու դեպքում գոնե պետք է չխանգարել միմյանց։

 

- Ինչպես արդեն նշեցիք, ցանկացած իրավիճակ ունի նաև իր դրական կողմերը։ Ինչպե՞ս շահած դուրս գալ իրավիճակից։


- Եկեք շարժվենք հայկական ասացվածքով՝ չկա չարիք, առանց բարիքի։ Սա նրա մասին է, որ փորձենք ցանկացած վատ իրադրությունից քաղել բարին ու դրականը։ Այս դեպքում մեզ տրված ժամանակը կարող ենք դիտարկել մեր արժեքները վերանայելու, մեր ընտանիքի կողքին լինելու, միմյանց մասին հոգ տանելու, հոգևոր աճով զբաղվելու հնարավորություն, որը մեր առօրյա կյանքում շատ է պակասում։ Երբ մարդիկ նյարդային վազքի մեջ են լինում, որպեսզի ավելի շատ գումար վաստակեն, կորցնում են հոգևոր արժեքները։ Իսկ այս իրավիճակում հնարավորություն ունենք՝ վերագտնելու մեզ, ժամանակ ունենք մտածելու կարևոր արժեքների ու մեր կյանքի առաջնահերթությունների մասին։ Յուրաքանչյուրը կարող է տանը զբաղվել իր հաճելի գործով, վերագտնել այն, ինչը ժամանակի սղության պատճառով կորցրել է։ Այսինքն՝ պետք է օգտագործել ժամանակը ի նպաստ մեզ։ Սա ինչ-որ տեղ մեր ժողովրդին կսովորեցնի օրինապահություն, կսկսենք հետևել կարգուկանոնին ու հասկանալ, որ միշտ չէ, որ պետք է դրան հակառակ գնալ։ Կարող եմ նշել նաև, որ մենք ուտելիքին ուշադրություն ենք դարձնում առավելապես քանակի առումով, ոչ թե որակի, մինչդեռ մեր օրգանիզմին պետք է առողջ սնունդ, վիտամիններ և ջուր։ Արժեքների վերնայման մեջ կարելի է նաև սա դիտարկել, քանի որ այն մարդու արժեքային համակարգի մաս է կազմում։ Անգամ տոներին մարդիկ կարևորում են ուտելիքը, այսինքն՝ ինչ պետք է դնեն սեղանին, որ բոլորը գոհ ու կուշտ լինեն։ Այսինքն՝ այստեղ նույնպես հոգևոր արժեքները կորչում են։ Սա պետք է հաշվի առնել։

 

- Այս օրերի բարդությանը գումարվում է նաև վախը, որ մենք կամ մեր սիրելիները ևես կհիվանդանան։  Ինչպե՞ս հաղթահարել այդ տագնապը։


- Չարժե անընդհատ լրահոսին հետևել։ Օրվա մեջ մեկ անգամ կարելի է կարդալ և վերջ։ Անընդհատ տագնապալի լուրերի հետևելով՝ մենք ինքներս կընկնենք տագնապի մեջ, ինչի հետևանքով տանը խառնաշփոթ, լարվածություն ու վեճեր կլինեն։  

 

Հեղինակ՝ Մոնիկա Մամյան

Գովազդ