Ինչու՞ են երեխաները կամակորություն անում և ինչպե՞ս վերացնել այն․ հոգեբանի խորհուդրները

Խնդիրներ

Փոքրիկների մոտ կամակորությունը հաճախ հանդիպող երևույթ է։ Ինչու՞ են երեխաները կամակոր լինում և ինչպե՞ս օգնել երեխային հաղթահարել այն։ 

«Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Անի Ապիտոնյանն ասում է, որ կամակորությունը ոչ թե բնավորության գիծ է, այլ հատկանիշ, որն առաջանում է ծնողների սխալ մոտեցման պատճառով։ 

«Հիմնականում պատճառը փոքրուց անընդհատ գերխնամքն է լինում, երբ ծնողը փորձում է երեխայի բոլոր ցանկությունները կատարել, այսինքն՝ ծնողը պատկերացնում է, որ իդեալական ծնողը պետք է երեխային մշտապես ուրախ պահի, բոլոր ցանկությունները կատարի, ու հիմնականում այս խնդիրը լինում է առաջին երեխայի դեպքում, և պատճառը այդ պատասխանատվության զգացումն է, որ երեխան միշտ պիտի իրեն լավ զգա, և երբ երեխան լաց է լինում, ծնողները խառնվում են իրար»,-նշում է հոգեբանը։

Անի Ապիտոնյանը նկատում է՝ երեխայի ցանկացած պահանջ կատարելու դեպքում երեխան դառնում է կամակոր, որը հետագայում ավելի լուրջ խնդիրների առաջ է կանգնեցնում և՛ երեխային, և՛ ծնողին․ երեխան պահանջում է, բայց չի սիրում սեփական ուժերով հասնել ինչ-որ նպատակների, միշտ փորձում է ուրիշներին օգտագործել, սակայն ագրեսիայի, լացի միջոցով։ Իսկ ինչպե՞ս օգնել երեխային հաղթահարել կամակորությունը։ Հոգեբանը ասում է՝ երեխային պետք է բերել իրականության դաշտ, սակայն առաջին հերթին ծնողը պետք է գա իրականության դաշտ։

«Երեխային հարկավոր է դաստիարակել այնպես, որ ինքը դառնա ինքնուրույն, իր հարցերը պրպտող, լուծումներ գտնող, այլընտրանքներ գտնող, նրան տալ գործելու ազատություն, վստահել և համագործակել»,-նշում է Անի Ապիտոնյանը։ «Երբ երեխան կամակորություն է անում, շատ կարևոր է, որ ծնողը հստակ ասի՝ հիմա դա հնարավոր չի կատարել, անգամ եթե դու լաց լինես։ Միաժամանակ կարող են պայմանավորվածություն ձեռք բերել, թե երբ դա կարող են կատարել, իսկ եթե ընդհանրապես հնարավոր չի իրականացնել, ծնողը պետք է դրա մասին ասի»,- ասում է հոգեբանը և հավելում, որ երբեք պետք չէ ստել երեխային․ նա այդպես կկորցնի վստահությունը ծնողի նկատմամբ։ Հոգեբան Ապիտոնյանը կարևորում է նաև նպատակասլացությունը, այսինքն՝ չպետք է երեխայի լացը հաշվի առնելով նրան զիջել։ 

«Եթե մի անգամ զիջեք, դաստիարակության նպատակաուղղվածությունը փոխվելու է։ Եվ շատ կարևոր է, որ հասկանանք՝ որն է նպատակաուղղված դաստիարակությունը, որտեղ է խստությունը և դաժանությունը, այսինքն՝ կամակորության դեպքում մենք կարող ենք թողնել երեխան լացի, հանգստանա, ապա զրուցենք նրա հետ, բայց կամակորության դեպքում պատժել, անկյուն կանգնեցնել չի կարելի, որովհետև երեխան առանց այդ էլ գտնվում է հուզական լուրջ խառանշփոթի մեջ»,-ասում է նա։

Հոգեբանը նաև հիշեցնում է՝ երեխան ապրում է հենց հիմա։ Նա կամակորություն է անում, որ դա հենց հիմա տեղի ունենա, «հետո կլինի»-ն նրա համար անհասկանալի երևույթ է։ Երեխան հետագայում հասկանալու է՝ «հետո»-ն որն է, ուստի ծնողը, այս ամենը հասկանալով, ավելի հանգիստ կարող է ընդունել երեխայի հուզական պոռթկումները։

 

Հեղինակ՝ Նանե Ավետիսյան

Գովազդ