1-ից 5 տարեկան երեխաների շրջանում թունավորումներն ավելի հաճախ են հանդիպում: Պատճառը պարզ է. այդ տարիքում երեխաները սովորություն ունեն ամեն ինչ փորձել, համտեսել: Սակայն պետք է հիշել, որ երեխաների թունավորումների պատճառը մեծահասակների անզգուշությունն է:
Վերջին շրջանում «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայում հատկապես շատացել է դեղերով, էսենցիայով պայմանավորված թունավորումների դիմելիությունը:
Ծնողները պարտավոր են դեղերը, կենցաղային քիմիան պահել երեխաների համար անհասանելի վայրերում:
Թունավորումները կարելի է կանխել, եթե ծնողները իրականացնեն կանխարգելման աշխատանքներ:
❌ Չի կարելի դեղը երեխաներին ներկայացնել որպես կոնֆետ կամ օշարակ: Ամենահաճախ հանդիպող դեղորայքային թունավորումները մեծահասակների սխալ մատուցման հետևանք են:
📍Թունավորման ախտանիշները կախված են թույնի տեսակից, քանակից և խտությունից, ինչպես նաև թունավորված մարդու տարիքից, մարմնի զանգվածից և ընդհանուր առողջական վիճակից:
Դեղորայքային թունավորման ժամանակ ամենահաճախ հանդիպող նշաններն են՝
• ինքնազգացողության վատացում,
• փսխումներ, եթե վնասվում է ստամոքսի լորձաթաղանթը,
• ցավեր ստամոքսի շրջանում,
• փորլուծություն,
• ջերմության անկում կամ բարձրացում:
📍Դեղորայքային թունավորման դեպքում 1-2 ժամվա ընթացքում տրվում է ակտիվացված ածուխ, ինչպես նաև լաբորատոր ցուցանիշներով վերահսկվում է լյարդի և երիկամների ֆունկցիան՝ տոքսիկ ազդեցությունից խուսափելու համար: Բժշկի կողմից գնահատվում է դեղորայքի չափաքանակն ու տեսակը, թե այն ինչ ազդեցություն կարող է ունենալ օրգանիզմի վրա՝ թեթևից մինչև ծանր:
❌ Քանի որ ստամոքսի լվացումը սթրեսային միջամտություն է, այդ մեթոդը հատկապես երեխաների դեպքում չի կիրառվում:
📍Եթե հնարավոր չէ շատ արագ երեխային հիվանդանոց հասցնել, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում գործում է ☎️82-82 կարճ հեռախոսահամարը: Խորհուրդ է տրվում թունավորման դեպքում առաջին օգնության վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար զանգահարել նշված համարով:
Աղբյուրը՝ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր