Ի՞նչ քայլեր ձեռնարկել, եթե փոքրիկը թունավորվել է

Խնդիրներ

Մայրիկը ներս է մտնում սենյակ և նկատում, թե ինչպես է փոքրիկը խաղում իր կոսմետիկ միջոցների հետ:

Հաջորդ պահին նույն փոքրիկը ձեռք է գցում սեղանին դրված թխվածքաբլիթին ու միանգամից ուտում: Սա առաջին հայացքից անմեղ թվացող գործողությունների շարք է, որն իրականում հղի է բազում վտանգներով: Կոսմետիկ փոշին երեխայի մատների վրա է, իսկ նա այդպես դիպչում է ուտելիքին: Նրա օրգանիզմն ընդունում է այդ, ինչի արդյունքում  էլ հնարավոր է թունավորում առաջանա: Պարզապես նման փոքր դետալները կարող են վրիպել ծնողի ուշադրությունից և հանգեցնել անցանկալի հետևանքների:

Երեխայի թունավորման վերաբերյալ «Իմ փոքրիկ»-ի հարցերին պատասխանել է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբույժ Օլգա Ասատրյանը:  

 

Տանն ի՞նչը կարող է երեխայի թունավորման պատճառ դառնալ:    

Առաջին հերթին կնշեմ սնունդը: Հատկապես ամառային սեզոնի ընթացքում գրանցում ենք սննդային թունավորումներ բանջարեղենից, ձմերուկից, ելակից ու տարբեր հատապտուղներից: Այստեղ էական են դրանց լվացման, սննդի ընդունման պայմանները: Վատ լվացված միրգը բացասական ներգործություն կարող է թողնել օրգանիզմի վրա: Բակտերիաները կամ վիրուսները կարող են ներթափանցել օրգանիզմ այդ ճանապարհով և առաջ բերել ինֆեկցիայի վտանգ: Թունավորում կարող է առաջանալ նաև քիմիական նյութերի ընդունման արդյունքում: Այդպիսիք են՝ սպիրտը, աման լվանալու հեղուկները, սոսինձը, փոշիները, օծանելիքը, ներկերը  և այլն: Վտանգավոր իրերի շարքը բավականին մեծ է:

 

Իսկ ի՞նչ օգնություն կարող ենք ցուցաբերել: Ո՞ր դեպքում է հնարավոր բուժումն իրականացնել  տանը, ո՞ր դեպքում՝ պարտադիր հիվանդանոցում:  

Թունավորման դեպքում հիմնական  ախտանշանները փսխումներն են, ջերմության բարձրացումը, որովայնային ցավերը, լուծը: Թունավորումից հետո առաջացող փսխումները հնարավոր է ջրազրկում առաջացնեն: Եթե ամեն անգամ ուտելուց կամ խմելուց հետո փսխում չի առաջանում երեխայի մոտ, ապա բուժումը կարելի է իրականացնել տանը: Հեղուկներ ընդունելու հաշվին օրգանիզմը կպաշտպանի իր ակտիվությունն ու չի թուլանա: Լինում են դեպքեր, երբ ջրազրկման հետևանքով փոքրիկը կտրուկ թուլանում է: Այդ դեպքում անհրաժեշտ է տանել հիվանդանոց: Ամեն ինչ կախված է ակտիվության մակարդակից: Անհրաժեշտության դեպքում պետք է զանգահարել բժշկին ու ցուցումներ ստանալ: Մի կարևոր բան էլ նշեմ: Լուծի հետևանքով օրգանիզմից դուրս են գալիս միկրոէլեմենտներ: Կարելի է նշանակել էլեկտրոլիտային լուծույթներ, որոնք պարունակում են կալիում, նատրիում, մագնիում: Այդ լուծույթները կոմպենսացնում են տվյալ միկրոէլեմենտների կորուստը: Սովորաբար բացում են ջրի մեջ ու քիչ-քիչ տալիս երեխային: Օրվա ընթացքում նվազագույնը մեկ բաժակ:

Քիմիական ծագման նյութերի ընդունման պարագայում միանշանակ պետք է դիմել բժշկի: Հարկավոր է արագ հասցնել հիվանդանոց, որ ժամանակին  բուժում իրականացնեն, անհրաժեշտության դեպքում՝ կատարեն ստամոքսի լվացում:

 

Ինչպե՞ս նվազագույնի հասցնել փոքրիկի թունավորման հավանականությունը:        

Ծնողը պետք է անչափ ուշադիր լինի: Լավ լվանա սննդամթերքն ու լավ եփի ուտելիքները: Քիմիական հեղուկները, կասկածելի ծագման նյութերը անհրաժեշտ է պահել երեխաներից հեռու, ավելի բարձր տեղերում, որպեսզի նրանք ոչ մի դեպքում չհասնեն դրանց: Ծնողը պետք է հաշվի առնի իր երեխայի բնավորությունը և ամեն ինչից զերծ պահի նրան: Կան փոքրիկներ, որոնք ամեն ինչ տանում են բերանը կամ քիթը: Սովորաբար 2 տարեկանից սկսած՝ երեխայի մոտ սկսվում է «ամեն ինչ փորձելու» շրջանը: Հետևաբար  բարդություններ կարող են ծագել: Ծնողը կամ խնամակալը պետք է խնամքով պահի տան իրերն  ու զգոն լինի:

 

Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան

          

 

 

 

 

 

 

 

Գովազդ