Հայրիկն առաջնագծում է. որո՞նք են մայրիկի քայլերը

Խնդիրներ

Ներկայացնում է «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Լուսինե Գրիգորյանը:

Ինչպե՞ս հայտնել փոքրիկին հայրիկի՝ ռազմաճակատում գտնվելու լուրը, որպեսզի նա հնարավորինս թեթև ընդունի և բացասական մտքերով չտարվի:

Շատ կարևոր է մայրիկի կողմից հայրիկի ռազմաճակատ մեկնելու փաստը երեխային գրագետ ներկայացնելը։ Ի՞նչ է ռազմաճակատը, ի՞նչ է պատերազմը, ներկայացնել պատերազմող կողմերին: Բերել օրինակներ, երբ հայ ժողովուրդն ունեցել է հաղթանակներ, պահպանել իր հողերը։ Հայրիկի անակնկալ մեկնելու դեպքում կարելի է հայրիկի անունից նամակ գրել, որտեղ նա տեղեկացնում է ռազմաճակատ գնալու մասին, որոշ պարտականություններ փոխանցում երեխային մինչ իր վերադարձը։ Ոչ մի դեպքում պետք չէ երեխայից թաքցնել իրականությունը: Պատերազմի մասին պետք է երեխայի հետ խոսել առանց տագնապի, հանգիստ ձայնով, որպեսզի մեծահասակի կողմից փոքրիկին ավելորդ տագնապ չփոխանցվի։ Հայրիկին ռազմաճակատ ճանապարհելիս երեխան պետք է իմանա, որ հայրիկը գնում է վստահ կեցվածքով, մայրը և ընտանիքի մյուս անդամները նրան ճանապարհում են նույն վստահությամբ։

 

Ի՞նչն օգտակար կլինի փոքրիկի և մայրիկի համար:

Հայրիկի ռազմաճակատում գտնվելու ողջ ընթացքում մայրիկն ու երեխան պետք է հիշեն, որ առօրյան շարունակվում է նույն կերպ: Հայրիկը ռազմաճակատից տեղեկանում է երեխայի առօրյայի մասին: Մայրն ու երեխան յուրաքանչյուր օրվա ավարտին հայրիկին պետք է փոխանցեն դրական լիցքեր: Հայրիկը պետք է ունենա այն վստահությունը, որ իր ընտանիքը լավ է զգում և համբերատար սպասում է։ Հայրիկին նամակ գրելը շատ արդյունավետ մեթոդ է: Փոքրիկը նամակի միջոցով հայրիկին է փոխանցում այն, ինչը միգուցե այլ կերպ չկարողանա արտահայտել։ Եթե այդ նամակներն ուղարկելու հնարավորություն չկա, ապա երեխան կարող է նաև դրա մասին չիմանալ՝ վստահ լինելով, որ նամակները հասնում են հայրիկին։

 

Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան

Գովազդ