Ի՞նչ անել, երբ փոքրիկը վախենում է բժշկից․ հոգեբանի խորհուրդները

Խնդիրներ

Երեխային հարկավոր է տանել բժշկի, սակայն նա ամեն կերպ ընդվզում է, լաց լինում և հակառակվում ծնողներին: Ծնողներ կան, որ նման դեպքերում փորձում են երեխայի սիրտը շահել, խոստանում են գնել խաղալիք, շոկոլադ, ինչ կցանկանա: Ծնողներ էլ կան, որ բարկանում են փոքրիկի վրա ու չեն ցանկանում հանդուրժել նրա կամակորությունները: Իսկ նրանք երբևէ մտածե՞լ են, թե որտեղից են ծագում նման վախերը: «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Վարդինե Մեսրոպյանն ասում է, որ երեխաների մոտ բժիշկների նկատմամբ վախը նախ պայմանավորվում է ծնողների թույլ տված արտահայտություններով: «Շատ հաճախ, երբ փոքրիկները վարքային ակտիվություն են դրսևորում կամ կատարում սխալ գործողություն, ծնողները փորձում են սաստել նրանց՝ ասելով․ «եթե քեզ լավ չպահես, բժիշկը կսրսկի», «եթե քեզ վատ պահես, չշարունակես հաց ուտել, մենք քեզ կտանենք բժշկի, և դու կունենաս դժվարություններ»,- նշում է նա:

Ըստ հոգեբանի՝ տվյալ սպառնալիքները լսելուց հետո հնարավոր չէ, որ փոքրիկը համաձայնվի գնալ բժշկի: Ավելին՝ նրա մոտ կսկսի դրսևորվել ագրեսիվ վարք և կմերժի խնդիրը հաղթահարել: «Անհրաժեշտ է, որպեսզի ծնողները դադարեցնեն նման սպառնալիքներ հնչեցնելը և բացատրեն, ցույց տան՝ ով է բժիշկը, ինչ գործունեությամբ է զբաղվում: Կարելի է կազմակերպել դերային խաղեր, երեխային տալ բժշկական գործիքների, բժշկական մեքենաների, բժիշկների տեսքով խաղալիքներ»,-շեշտում է Վարդինե Մեսրոպյանը: Մասնագետը հավելում է՝ դերային խաղերում երեխան կողքից դիտարկում է իր խնդիրն, ու դա նրան այդքան էլ սարսափելի չի թվում:

«Մեկ այլ տարբերակ է հեքիաթաթերապիան: Եթե երեխան ունի սիրելի խաղալիք կամ հեքիաթի, մուլտֆիլմի հերոս, կարող է իր այդ խաղալիք, հավատարիմ, երևակայական «ընկերոջ» հետ գնալ բժշկի: Այդտեղ նա ներկայացնում է, որ բժշկից վախեցողն իր ընկերն է, ոչ թե ինքը: Դերային խաղի վերածելով՝ փոքրիկը տեսնում է, որ բժշկի գնալն այդքան էլ բարդ գործընթաց չէ, հնարավոր է հեշտությամբ հաղթահարել»,- ընդգծում է նա: Հոգեբան Վարդինե Մեսրոպյանը ծնողներին խորհուրդ է տալիս չբարդացնել երեխայի տարիքային վախերը, նրա մեջ չսերմանել վախեր այս կամ այն կերպարի նկատմամբ, այլ աջակցել ու օգնել, որպեսզի նա ազատ ու անկաշկանդ առաջ շարժվի: 

 

Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան

Գովազդ