Ի՞նչ կարող է թաքնված լինել հազի ետևում. հնարավոր պատճառները

Խնդիրներ

Փոքրիկի թեթև հազն անգամ կարող է ծնողներին մտածելու առիթ տալ՝ միգուցե նրա մոտ խնդիր կա: Նրանք այդ հարցի պատասխանը փնտրելիս պետք է հաշվի առնեն՝ երբ արտահայտվեց  հազը, ինչ ժամանակահատվածում, ինչպիսին էր տեսակով:

Քիթ-կոկորդ-ականջաբան Նարինե Առուշանյանն ասում է, որ հազն, ընդհանուր առմամբ, օրգանիզմի պաշտպանական մեխանիզմն է ու գործում է ըստ անհրաժեշտության՝ մաքրելով մարդու վերին շնչուղիները։ «Կարճատև՝ մի քանի օր տևող հազը հաճախ արժանի չի լինում ուշադրության։ Եթե հազը սպաստիկ է և հանկարծակի առաջացած, կարող է օտար մարմին լինել շնչուղիներում: Երկարատև տանջող հազի պատճառ կարող են դառնալ ինչպես վերին շնչուղիների ինֆեկցիոն և ալերգիկ խնդիրներն, այնպես էլ ստամոքսաղիքային որոշ հիվանդություններ, ճիճվակրությունը, նույնիսկ քթի խոռոչի պաթոլոգիաները»,-նշում է նա:  

Պատահում է, որ երեխայի մոտ հազը սաստկանում է հատկապես գիշերը: Մասնագետը մատնանշում է «կեղծ կրուպ» հիվանդությունը, որն ուղեկցվում է գիշերն արտահայտվող շնչարգելությամբ և «հաչոցանման» չոր հազով: Շեշտում է՝ անհրաժեշտ է դիմել բժշկի և ստանալ ցուցումներ նոպաների ժամանակ կիրառվող գործողությունների վերաբերյալ։ Նրա խոսքով՝ շատ դեպքերում այն անցնում է 6-7 տարեկանում։

Քիթ-կոկորդ-ականջաբանն ընդգծում է, որ երկարատև՝ քրոնիկ հազի պատճառը հասկանալու համար երբեմն բավական է լինում հավաքած անամնեզը: Այսինքն՝ ծնողների ու երեխայի հետ հարց-պատասխանի միջոցով հասկանալի է դառնում պատկերը։ «Ի տարբերություն դեռահասների՝ փոքրիկները գրեթե չեն ստում իրենց գանգատների մասին խոսելիս: Միայն հմուտ և հոգատար բժիշկը կարող է նկատել այցելուի մոտ ցավի, հազի, դիսկոմֆորտի գանգատների ներքո առկա հոգեբանական նախադրյալները»,- շեշտում է նա: Հավելում է՝ երեխաներն ամեն ինչ ընկալում են և հաճախ առանձին զրույցը նրանց հետ կարող է ավելին ասել առողջական վիճակի մասին, քան բազմաթիվ հետազոտություններ:

 

Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան

Գովազդ