Փոքրիկի վարքականոնը փողոցում. ինչպես ապահովագրել մանկիկին հնարավոր վտանգներից

Կրթություն

Փոքրիկ երեխաներն, իրենց իսկ անվտանգության համար, միայնակ չպետք է մնան ճանապարհին, ակտիվ, անգամ պասիվ երթևեկություն ունեցող փողոցներում: Փոքրիկի անվտանգության համար կարևոր է, որ մեծահասակը ոչ միայն ուղեկցի նրան, այլ նաև զգոն լինի, որպեսզի խաղով, թռչնակով կամ մեքենայով տարված փոքրիկը հանկարծ չվազի դեպի ճանապարհը կամ մեքենան:

Սակայն, անգամ զգոն մեծահասակի ուղեկցության դեպքում փոքրիկը լիարժեք անվտանգության մեջ չէ, եթե տեղյակ չէ փողոցում իրեն պահելու կանոններից: Այսպիսով, դեռ փոքր հասակից, երբ փոքրիկն դեռ հստակ չի խոսում, բայց հասկանում է ասվածը, սկսեք  սովորեցնել փողոցում ճիշտ վարքականոնը: Երբ միասին քայլում եք կամ զբոսնում, ժամանակ մի կորցրեք ու ամեն իրավիճակում դրան համապատասխան վարքականոնը բացատրեք փոքրիկին:

  • Նախևառաջ ցույց տվեք ու բացատրեք, որ ճանապարհը նախատեսված է մեքենաների համար, իսկ մայթերը`մարդկանց:
  • Բացատրեք փոքրիկին, որ ճանապարհը կարելի է հատել միայն դեղին գույնով գծանշված հատվածներով`հետիոտնի համար նախատեսված անցումներով:
  • Սովորեցրեք մանկիկին, որ անգամ հետիոտնային անցումով ամեն պահի չէ, որ կարելի է ճանապարհ հատել: Ցույց տվեք լուսացույցը և բացատրեք, որ միայն քայլող կանաչ մարդուկին տեսնելուց հետո կարելի է ճանապարհն անցնել: Իսկ երբ կարմիր մարդուկն է երևում լուսացույցի վրա, պետք է սպասել մայթեզրին:
  • Ասեք նրան, որ ճանապարհն անցնելիս չի կարելի վազել, թռչկոտել, այլ պետք է անպայման մեծահասակի ձեռքը բռնել, նախ նայել ձախ, ապա աջ, որպեսզի վստահ լինեք, որ մեքենաներ չկան, և արագ ճանապարհն անցնել:
  • Ցույց տվեք  ճանապարհային ոստիկանության մեքենան և հերթապահ ոստիկաններին ու բացատրեք, որ փողոցում օգնության կարիք ունենալու դեպքում հարկավոր է դիմել ոստիկաններին:
  • Բացատրեք, որ փողոցում անծանոթներից որևէ բան, հատկապես սնունդ, վերցնել չի կարելի, անծանոթի հետ, առանց մայրիկի թույլտվության, որևէ տեղ գնալ նույնպես չի կարելի:
  • Սովորեցրեք փոքրիկին իր տան հասցեն և ծնողների ամբողջական անուն-ազգանունը: Եթե հանկարծ փոքրիկը միայնակ փողոցում հայտնվի կամ կորի, այդ գիտելիքներով  հարազատներին գտնելն ավելի հեշտ կլինի:
  • Փորձնական իրավիճակներ ստեղծեք, օրինակ, փոքրիկին պատահական մի վայրում հարցրեք`եթե հանկարծ մենակ մնաս այստեղ, ինչպես կվարվես, թող փոքրիկը պատասխանի, ապա նաև դուք ներկայացրեք, թե որն է ճիշտ վարվելաձևը նման իրավիճակում:
  • Ամենակարևորը, փոքրիկի համար օրինակ ծառայեք, վերոնշյալ թվարկածներից և ոչ մեկը փոքրիկը չի ընկալի և չի կիրառի, եթե դուք հակառակն անեք (պատկերացրեք, մայրիկն ասում է, որ կարմիր լույսի տակ փողոցն անցնել չի կարելի, բայց ինքն անցնում է):

 

Մանկական հավատարմությամբ` Իմ Փոքրիկ
Գովազդ