Խրատական հեքիաթ. «Ապերախտ տղան եւ հոգատար ծառը»

Շատ տարիներ առաջ կար մի հսկա ծառ, որի պտուղները չափազանց համեղ էին, եւ մարդիկ սիրով համտեսում էին: Մի փոքրիկ տղա դառնում է խնձորենու մտերիմ ընկերը: Նա շատ էր սիրում խաղալ ծառի հետ, մագլցել ճյուղերի վրա, քնել ստվերի տակ, խնձոր քաղել: Ամեն օր նա հյուր էր գնում ծառին եւ համտեսում ջրալի պտուղները: Խնձորենին շատ բարի էր եւ միշտ սիրով ընդունում էր տղային ու խաղում նրա հետ: Որոշ ժամանակ անց տղան ընդունվում է դպրոց եւ այլեւս չի կարողանում ժամանակ անցկացնել ծառի հետ:

Մի քանի ամիս անց, սակայն, տղան որոշում է այցի գնալ ընկերոջը՝ խնձորենուն: Ծառն այնքան է ուրախանում տղային տեսնելով, որ խնդրում է նորից խաղալ իր հետ: Տղան, սակայն, պատասխանում է, որ ինքն այլեւս փոքր չէ եւ չի պատրաստվում խաղալ ծառերի հետ: Բայց փոխարենը մի խնդրանք ունի ծառին: Տղան ասում է, որ ուզում է խաղալիքներ գնել, որ խաղա, բայց ծնողները չունեն բավականաչափ գումար: Խնձորենին լսում է տղային եւ ասում.

-Սիրելի տղա, ես գումար չունեմ, որ տրամադրեմ քեզ, բայց դու կարող ես հավաքել իմ խնձորները, վաճառել դրանք եւ գնել խաղալիքներ :

Տղան հավաքում է բերքը, վաճառում եւ խաղալիք գնում: Խնձորենին ամեն օր սպասում էր, որ տղան կվերադառնա, բայց նա խնձորները հավաքելուց հետո մի քանի տարի չի երեւում այդ կողմերում: Ծառն այնքան է տխրում, որ այլեւս բերք չի տալիս:

Մոտ 10 տարի անց տղան վերադառնում է խնձորենու մոտ արդեն որպես պատանի: Ծառը միանգամից ճանաչում է տղային եւ ուրախությամբ ողջունում: Ծառը դարձյալ խնդրում է տղային խաղալ իր հետ: Բայց տղան պատասխանում է.

-Կներես, բայց ես ժամանակ չունեմ, որ քեզ հետ խաղամ, ես պետք է աշխատեմ: Մենք հիմա նոր տուն ենք կառուցում,  փայտի կարիք ունենք: Կարո ՞ղ ես, արդյոք, օգնել մեզ:

Ծառը պատասխանում է.

-Օ~, իմ սիրելի տղա, ահա խնդրեմ, կտրիր իմ ճյուղերը եւ վերցրու այնքան ճյուղեր, որքան հարկավոր է:

Տղան սկսում է կտրել ճյուղերը, հավաքում է եւ հեռանում:

Տարիներ անց վերադառնում է արդեն որպես հասուն տղամարդ: Խնձորենին, որը շատ երկար էր սպասել տղայի վերադարձին, շատ է ուրախանում, երբ տեսնում է նրան եւ խնդրում է խաղալ իր հետ: Սակայն տղամարդը պատասխանում է, որ արդեն մեծ է ինքը եւ հանգստի կարիք ունի:

-Բայց մի խնդրանք ունեմ, խնձորենի, կարո ՞ղ ես ինձ օգնել: Ես ուզում եմ նավակ  պատրաստել, որպեսզի նավարկեմ տարբեր երկրներով:

Խնձորենին պատասխանում է.

- Օ~, իմ սիրելի տղա, ես նավակ չունեմ, բայց կարող եմ տրամադրել իմ բունը, որից դու նավակ կպատրաստես:

Տղամարդը կտրում է խնձորենու բունը եւ նավակ պատրաստում: Նա ուրախությամբ նավարկում է տարբեր վայրերով, բայց այլեւս երբեք չի վերադառնում ծառի մոտ, որից միայն արմատներն էին մնացել:

20 տարի անց տղամարդը գնում է ծառի մոտ արդեն որպես ծերունի: Ծառը ճանաչում է նրան եւ ասում.

-Օ~, իմ սիրելի տղա, ես հիմա այլեւս ոչինչ չունեմ քեզ տալու:

Տարեց տղամարդը պատասխանում է.

-Ես միայն հանգստի կարիք ունեմ, կարո ՞ղ ես ինձ հագիստ պարգեւել:

Խնձորենին պատասխանում է.

-Ախր ես այլեւս ճյուղեր չունեմ, դու օգտագործեցիր իմ բերքը, ճյուղերը, բունը, բայց երբեք չխնամեցիր ինձ:

Ծեր տղամարդը գիտակցում է իր սխալը եւ խնդրում, որ խնձորենին ների իրեն: Խնձորենին ասում է, որ պատրաստ է ներել, եթե գտնվի մեկը, ով կխնամի իրեն, կջրի, որ ճյուղեր աճեն: Արդեն  պապիկ դարձած տղամարդը շտապում է տուն, բերում թոռնիկներին, ովքեր ջրում են ծառը, բահով մշակում, փխրեցնում հողը:

Մի քանի ամիս անց ծառը ճյուղեր է տալիս, իսկ մեկ տարի անց` նաեւ բերք: Թոռնիկներն ուրախ վազվզում են ծառի շուրջ, իսկ պապիկը խնձորենու ստվերում հանգստանում է: