Ի՞նչ անել ու չանել, որպեսզի հեռավար ուսուցումը բացասաբար չազդի երեխաների առողջության վրա

Կրթություն

«Իմ փոքրիկ»-ը զրուցել է N։16 պոլիկլինիկայի մանկաբույժ Գոհար Քյարունցի հետ։

- Հեռավար դասավանդման ռեժիմի անցնելուց հետո երեխայի՝ համակարգչի դիմաց մնալու առավելագույն ժամանակը որքա՞ն է։ 

- Եթե դասերն անցկացվում են 40 րոպե տևողությամբ և ընդմիջվում են 5-10 րոպեանոց դասմիջոցներով, ուրեմն որևէ վտանգ չկա։ 

 

- Հեռավար դասավանդումը կարո՞ղ է առողջական տեսանկյունից վտանգավոր լինել աշակերտների համար  (տեսողության, ողնաշարի խնդիրներ)։ 

- Եթե երեխան ճիշտ դիրքով նստի համակարգչի առջև, այսինքն՝ մեջքը՝ ուղիղ, ինչպես նստում է դպրոցական սեղանի առջև, այդ դեպքում ողնաշարին որևէ վնաս չի սպառնում։ Իսկ տեսողության առումով երեխաները պարզապես պետք է հաճախակի թարթեն աչքերը, որ խոնավացնեն աչքի մակերեսը, և եղջերաթաղաթի չորություն չառաջանա։ 

 

- Ի՞նչ դիրքով երեխան պետք է նստի համակարգչի առջև, որ չվնասի ողնաշարը։

- Ցանկալի է՝ երեխան նստի ուղիղ և մեջքը աթոռին հենած։

 

- Որքա՞ն հեռավորություն պետք է լինի համակարգչի և երեխայի միջև։ 

- Կախված է այն բանից, թե կոնկրետ ինչ սարքավորումից է երեխան օգտվում՝ հեռախոս, պլանշետ, թե՞ համակարգիչ։ Ամեն ինչ կախված է էկրանի  չափսից։ Երեխան պետք է սարքը պահի այն հեռավորության վրա, որից ինքն ամենալավն է տեսնում։ Իհարկե, շատ բան կախված է նաև երեխայի տեսողությունից։

 

- Ո՞ր ժամերին է ավելի ճիշտ օգտվել համակարգչից՝ տեսողությունը համեմատաբար ավելի քիչ վնասելու համար։

- Ժամային որևէ սահմանափակում չկա, բայց հաշվի առնելով, որ հեռավար ուսուցումը նախատեսված է դասապրոցեսն անխափան անցկացնելու համար, խորհուրդ է տրվում առավոտյան ժամերին անցկացնել այն։

 

- Ի՞նչ խորհուրդ կտաք մայրիկներին, արդյո՞ք այս օրերին պետք է օգտագործել աչքերը հանգստացնող կաթիլներ։

- Այո՛, ցանկալի է աչքի կաթիլների օգտագործումը, վաճառքում կան արհեստական արցունքներ և թույլ 00.65%-անոց աղաջրային լուծույթներ, որը կարելի է ժամանակ առ ժամանակ կաթեցնել երեխայի աչքերին, որ չորություն չառաջանա։

 

- Եկեք ընդհանրացնենք՝ ընդհանուր առմամբ ի՞նչ է պետք անել՝ համակարգչի վնասն այս օրերին նվազագույնի հասցնելու համար։ 

- Դասամիջոցները, որ տրվում են երեխաներին, նախատեսված են ոչ թե նրա համար, որ նա շարունակի մնալ էկրանի առջև և զբաղվի այլ գործով կամ այդ եղանակով շփվի դասընկերների հետ, այլ որ երեխան վեր կենա նստած դիրքից, ցուցաբերի ֆիզիկական որոշակի ակտիվություն, մարզանքներ կատարի, որոնք, կարծում եմ, ֆիզկուլտուրայի ուսուցիչները կփորձեն հեռավար մեթոդով ավելի ճիշտ կազմակերպել։ 

 

Հեղինակ՝ Մոնիկա Մամյան

Գովազդ