Այսօր մեր պետականության վերականգնման 101-ամյակն է

Հայրենագիտություն

Սիրելի փոքրիկ, այսօր տոն է: Այսօր` մայիսի 28-ին,  հայերս նշում ենք պետականության վերականգնման և Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման  տոնը:

101 տարի առաջ` 1918-ի  մայիսի 28-ին, հռչակվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Սակայն անկախության ճանապարհը դյուրին չէր. մայիսի 22-30-ն ընկած ժամանակահատվածում ամբողջ հայությունը գոյության պայքար էր մղում թուրքական զորքերի դեմ: Շնորհիվ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերի՝ հայերը կարողացան փրկել թուրք զավթիչներից իրենց հայրենիքը և մայիսի 28-ին Հայաստանը հռչակեցին անկախ հանրապետություն:

Նորանկախ հանրապետությունը  խորհրդարանական էր,  առաջին վարչապետը Հովհաննես Քաջազնունին էր:

Դժվարին ժամանակներ էին հայության համար. Ցեղասպանությունից փրկված հարյուր հազարավոր գաղթականներ անօթևան, քաղցած ու անօգնական ապաստան էին գտել հայրենիքի փրկված փոքրիկ հատվածում: Սակայն անկուշտ թուրքրեը ցանկանում էին հայերից խլել նաև հայրենիքի վերջին մնացորդները` Արևելյան Հայաստանը: Նորանկախ երկրի ղեկավարությունը ստիպված էր միաժամանակ և՛ մարտեր մղել թուրքական բանակի դեմ, և՛ մտածել քայքայված տնտեսությամբ ու հումանիտար աղետի եզրին կանգնած երկիրը վերականգնելու մասին:

Ցավոք, Հայաստանի Առաջին Հանրապետությունը գոյատևեց ընդամենը 2,5 տարի: 1920 թվականի դեկտեմբերի 2-ին Հայաստանը խորհրդայնացվեց և հռչակվեց Հայաստանի Երկրորդ Հանրապետությունը:

Սակայն այդ երկուսուկես տարիները  հիմք դարձան, որպեսզի փրկվի մեր հայրենիքը, որ հայերիս մեջ ամրապնդվի ու պահպանվի պետականության գաղափարը: 1918-ի մայիսի 28-ի շնորհիվ է նաև, որ մենք այսօր ունենք  անկախ հայրենիք` Հայաստանի Երրորդ Հանրապետությունը:

Սիրելի փոքրիկ, վստահ ենք, որ դու  արժանի հետնորդն ես մեր քաջ նախահայրերի, որոնց հաղթական պայքարի շնորհիվ մենք այսօր կանք: Սիրելի փոքրիկ, դու ես մեր երկրի ապագան, բոլորիս վաղվա  կերտողը: Եվ, վստահաբար, չես մոռանա մեր նախնիների քաջագործությունները, դեռ ավելին, գուցե ավելի մեծ գործեր կատարես, որոնք հավերժ կգրվեն անկախ Հայաստանի պատմության էջերում: