19-րդ դարի սկզբից Հայաստանը բաժանված էր Օսմանյան և Ռուսական կայսրությունների միջև:
Էթնիկական տեսանկյունից Օսմանյան կայսրությունն իրենից ներկայացնում էր սոցիալ-տնտեսական և քաղաքական տարբեր մակարդակներում գտնվող, մշակութային ու կրոնադավանական զանազան ընդհանրություններին պատկանող 60-ից ավելի ազգերի ու ցեղերի խառնարան: Քրիստոնյա ժողովուրդների տնտեսական դիրքերի ամրապնդումը, ազգային ինքնագիտակցության զարթոնքն ու եվրոպական տերությունների ճնշումների ուժեղացումը համարյա անհնարին դարձրին այդ շրջանում սուլթանական իշխանությունների կողմից տարվող համընդհանուր մահմեդականացման քաղաքականությունը: Հայկական հարցը, որի առաջացումն ի սկզբանե պայմանավորված էր հայկական պետականության անկումով, իսկ հետագայում (19-րդ դարի կեսին) Օսմանյան կայսրության տարածքում բնակվող հայերի վիճակի կտրուկ վատթարացումով և ազգային ինքնագիտակցության զարթոնքով, դարձավ այսպես կոչված Արևելյան հարցի բաղկացուցիչ մասը և կարևոր տեղ գրավեց միջազգային հարաբերություններում, մեծ տերությունների մերձավորարևելյան քաղաքականության մեջ: Հայկական հարցը իրականում առաջին անգամ իր արտահայտությունը գտավ 1878 թ. Սան Ստեֆանոյում ստորագրված ռուս-թուրքական պայմանագրում: 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմի արդյունքում Ռուսաստանին են անցնում Կարսի և Բաթումի մարզերը: Սան-Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ և Բեռլինի վեհաժողովի 61-րդ հոդվածների համաձայն` Օսմանյան կայսրությունը պարտավորվում է բարեփոխումներ իրականացնել Արևմտյան Հայաստանում և ապահովել հայերի անվտանգությունը, սակայն այդ որոշումներն այդպես էլ մնում են թղթի վրա: 1895-1896թթ. Օսմանյան կառավարությունը կազմակերպում է հայերի զանգվածային կոտորածներ Արևմտյան Հայաստանում, որոնց զոհ են դառնում ավելի քան 300 հազար հայեր, և տասնյակ հազարավորներ բռնի մահմեդականացվում են:
Հայկական հարցը նորից իր վրա է սևեռում եվրոպական դիվանագիտության ուշադրությունը XIX դարի 90-ականներին և 1912-1914 թվականներին: Ըստ 1914 թ.-ի հունվարի ռուս-թուրքական համաձայնագրի` Արևմտյան Հայաստանի տարածքում պետք է ձևավորվեր երկու նահանգ եվրոպացի նահանգապետերի գլխավորությամբ: Այնուամենայնիվ, օգտվելով Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքում ստեղծված իրավիճակից՝ Թուրքիայի այն օրերի կառավարող շրջանակները փորձեցին Մերձավոր Արևելքի, Կովկասի, Ռուսաստանի, Միջին Ասիայի մահմեդականների միավորման միջոցով իրականացնել Մեծ Թուրան հիմնելու իրենց վաղեմի գաղափարը: Այդ նպատակին հասնելու ճանապարհին կրկին խոչընդոտ էր հայ ժողովուրդը, որն ապրում էր իր պատմական հայրենիքի երկու հատվածներում՝ արևմտյան և արևելյան: Պատերազմը պատեհ առիթ ընձեռեց թուրք կառավարողներին ժողովրդասպան ծրագիրն իրագործելու և, միաժամանակ, հանցավոր գործողությունները պատերազմական իրավիճակով արդարացնելու ու քողարկելու համար:
1915թ. փետրվարին երիտթուրքական կառավարության ռազմական նախարար Էնվեր փաշան հրաման է արձակում թուրքական բանակում ծառայող հայազգի զինվորների ոչնչացման մասին: Ապրիլի 24-ին և հաջորդ օրերին Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին և Անատոլիայի խորքերն աքսորվեցին մոտ 800 հայ մտավորականներ` գրողներ, լրագրողներ, բժիշկներ, գիտնականներ, հոգևորականներ, այդ թվում` թուրքական խորհրդարանի հայ պատգամավորներ: Նրանց մի մասը զոհվեց աքսորի ճանապարհին, մյուսը` տեղ հասնելուն պես: Մայիսի 24-ին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի կառավարությունները հանդես եկան միացյալ հայտարարությամբ: Այս հայտարարությունը կարելի է համարել Հայոց ցեղասպանությունը դատապարտող առաջին միջազգային փաստաթուղթը, որը հայերի դեմ կատարված ոճրագործությունը որակեց որպես մարդկության և քաղաքակրթության դեմ կատարած նոր հանցագործություն, որի համար անձնական պատասխանատվություն են կրում Բարձր Դռան բոլոր անդամները, ինչպես նաև տեղական թուրքական իշխանությունները:
Մայիս-հունիսին սկսվեցին Արևմտյան Հայաստանի (Վանի, Էրզրումի, Բիթլիսի, Խարբերդի, Սեբաստիայի, Դիարբեքիրի նահանգների), Կիլիկիայի, Արևմտյան Անատոլիայի և այլ վայրերի հայ բնակչության զանգվածային տեղահանությունն ու կոտորածը: Մշտական ու պատմական բնակության վայրերից տեղահանվող հայերը քարավաններով ուղարկվում էին Միջագետք և Սիրիա, որտեղ նրանց համար ստեղծվում էին հատուկ ճամբարներ: Հայերին ոչնչացնում էին ինչպես իրենց բնակության վայրերում, այնպես էլ աքսորի ճանապարհին` անապատներում: Հարյուր հազարավորներ զոհ գնացին սովից, հիվանդություններից և համաճարակներից:
Այս հրեշավոր ծրագրի իրագործման արդյունքում շուրջ 1,5 մլն հայեր ոչնչացվեցին: Արևմտյան Հայաստանը զրկվեց իր բնիկ հայ բնակչությունից: